|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել է «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժողի իրավահաջորդ Անահիտ Բախշյանի միջնորդությունը, որով նա խնդրել էր նաև անջատված գործով քննչական խումբ ստեղծել:
Ինչ վերաբերում է Բախշյանի մյուս միջնորդությանը, որով նա խնդրում էր քրեական գործը փոխանցել քննչական այլ ենթակայության՝ ԱԱԾ-ից հանձնելով ՀՔԾ-ին, դատախազությունից նշեցին, որ այն մերժվել է.
«Մերժումը պատճառաբանվել է նրանով, որ վարույթի իրականացումը ԱԱԾ քննչական դեպարտամենտին հանձնելու որոշումը լիարժեք համապատասխանում է քննչական ենթակայության կանոններին։ Բացատրվել է բացարկ հայտնելու քրեադատավարական ընթացակարգը: Համաձայն դրա՝ բացարկ կարող է հայտնվել ոչ թե քննչական մարմնին, այլ վարույթն իրականացնող քննիչին: Մինչդեռ բողոքում դրա հիմքերի առկայության վերաբերյալ փաստարկներ չեն ներկայացվել: Որոշմամբ նաև նշվել է, որ քննության օբյեկտիվությունը, լիարժեքությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող քննչական խմբում ներգրավվում են նաև ՀՀ քննչական կոմիտեի քննիչներ»: