Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ԻՐԱՎՈՒՆՔ
Օրենսգրքով նախատեսված չէ ամենամյա արձակուրդի իրավունքի խախտման դեպքում գործատուի կողմից աշխատողին տուժանքի վճարման պահանջ, որը կարող է գործնականում դառնալ ամենամյա արձակուրդը ժամանակին չտրամադրելու տարածված խնդրի կանխարգելման և աշխատողի ամենամյա հանգստի հիմնարար իրավունքի իրացման գործուն միջոց:
Այս նպատակով անհրաժեշտ է Օրենսգրքում նախատեսել դրույթ, ըստ որի՝ սահմանված կարգավորումներին և սահմանափակումներին համապատասխան ամենամյա արձակուրդի իրավունքը չիրացնելու դեպքում գործատուն աշխատողին պետք է վճարի սահմանված չափով տուժանք՝ կետանցված յուրաքանչյուր օրվա համար: Առաջարկվող լրացումը բխում է նաև աշխատանքի ոլորտում մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների ընդհանուր տրամաբանությունից և համանման կարգավորումներ առկա են այլ երկրներում, օրինակ՝ Իռլանդիայում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ և ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀՀ տեսչական բարեփոխումների շրջանակներում ՀՀ աշխատանքի պետական տեսչությունը և ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը միաձուլվեցին և ստեղծվեց ՀՀ աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը: Նոր ստեղծված տեսչական մարմնին Օրենսգրքով վերապահված է աշխատողների անվտանգության և առողջության պահպանման նկատմամբ վերահսկողությունը:
Արդյունքում, պետական հսկողությունից և վերահսկողությունից (ներառյալ վարչական պատասխանատվության միջոցների կիրառումը) դուրս են մնացել աշխատողի աշխատավարձի վճարման, աշխատաժամանակի և հանգստի ռեժիմների պահպանման, աշխատանքային հարաբերությունների ծագման և դադարման, նվազագույն երաշխիքների ու հատուցումների տրամադրման ոլորտները, որի պարագայում չի ապահովվում նաև ԱՄԿ 81 կոնվենցիայի պահանջները:
Դատական կարգով աշխատանքային իրավունքների պաշտպանության հնարավորությունը միայն բավարար չէ՝ հաշվի առնելով դատարանների գերծանրաբեռնվածությունը, դատարաններում քննվող աշխատանքային վեճերի փոքր թիվը (տարեկան միջինը շուրջ 500 հայցադիմում)՝ իրականում առկա խախտումների համեմատ, աշխատողների և գործատուների շրջանում դեռևս առկա իրավագիտակցության ցածր մակարդակը:
Փաստորեն, շարունակում է առարկայական անհրաժեշտություն մնալ վարչական կարգով աշխատանքային իրավունքների պաշտպանության հնարավորության լիարժեք ապահովումը՝ համապատասխան տեսչական մարմնի միջոցով: Այս առումով անհրաժեշտ է՝
- ԱՄԿ կոնվենցիաների պահանջներին համապատասխան՝ ամբողջականացնել աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ պետական վերահսկողության շրջանակը,
- հետևողականորեն բարձրացնել տեսչական մարմնի կառավարման արդյունավետությունը՝ ռիսկերի վրա հիմնված ստուգումների համակարգի լիարժեք գործադրմամբ, արդյունավետ վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվական և մեթոդաբանական հիմք և գործիքակազմ ապահովելու ճանապարհով,
- կանխարգելել և նվազեցնել պետական վերահսկողական գործընթացներում հնարավոր բացասական երևույթները և դրանք ծնող պատճառները,
- շարունակաբար բարձրացնել տեսչական մարմնի մասնագիտական ներուժը և ապահովել տեխնիկական անհրաժեշտ զինվածություն:
Մյուս կողմից, պետությունը պետք է հետևողական ջանքեր գործադրի աշխատանքային օրենսդրության կատարման նկատմամբ ոչ պետական վերահսկողության արդյունավետ համակարգի կայացման համար՝ սոցիալական գործընկերության շրջանակներում: Օբյեկտիվորեն պետք է արձանագրել, որ դեռևս չունենք իրապես անկախ, ներկայացուցչական ու հզոր արհմիություններ՝ որպես հանրապետական, ճյուղային, տարածքային և կազմակերպության մակարդակներում սոցիալական գործընկերության կայացման համար անհրաժեշտ պայման, և հետևաբար նաև՝ աշխատողների սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքների ապահովման համար անհրաժեշտ իրական հնարավորություն:
Դրական փորձ ունեցող բազմաթիվ երկրների օրինակով պետք է փաստել, որ գորածատուաշխատող սոցիալական երկխոսության և գործընկերության հարթակների և օբյեկտիվ պահանջարկի ձևավորումը, ինչպես նաև արհմիությունների լայն մասնակցությամբ դրանց նպատակային գործարկումը հնարավոր են կարճ ժամետում իրականություն դարձնել, եթե պետությունը խթան ստեղծի սոցիալական գործընկերության բոլոր մակարդակներում, ինչպես նաև աջակցի արհմիությունների ինստիտուցիոնալ կարողությունների հզորացմանը, հատկապես՝ ձեռնարկությունների մակարդակում արհմիությունների կայացմանը:
Այս համատեքստում, կարծում ենք, դրական օրինակ է ՀՅԴ Հրայր Մարուխեան հիմնադրամի աջակցությամբ 2017 թվականի դեկտեմբերից գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը: Գրասենյակի անվճար ծառայություններից արդեն իսկ օգտվել են 300-ից ավել քաղաքացիներ: Գրասենյակի կողմից տրամադրված խորհրդատվության և մատուցված փաստաբանական ծառայությունների օգնությամբ վերականգնվել են ավելի քան 100 քաղաքացիների աշխատանքային իրավունքները: Գրասենյակը շարունակում է գործել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան 20 հասցեում (հեռ.՝ 010 42 67 41, 096 99 66 04):
ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍՈՎ ԶԲԱՂՎՈՂ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ
Օրենսգիրքը չի նախատեսում փոքր բիզնեսով զբաղվող գործատուների և նրանց աշխատողների աշխատանքային հարաբերությունների իրավաչափ ձևավորման պարզեցված հնարավորություններ, որի պարագայում այս ոլորտում կարող են արձանագրվել անօրինական աշխատանքի էական կրճատում և օրինական աշխատանքային հարաբերությունների խթանում, փոքր բիզնեսի համար վարչական բեռի թեթևացում և սխալվելու ռիսկի նվազեցում: Այս նպատակով անհրաժեշտ է Օրենսգրքով առանձնացնել փոքր բիզնեսով զբաղվող գործատուների հստակ շրջանակ, որի համար պետք է սահմանվեն առնվազն հետևյալ պարզեցված կարգավորումները՝
- ներքին կարգապահական կանոններ ընդունելու պահանջի վերացում,
- Օրենսգրքով սահմանված նվազագույն պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևի հաստատում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, որը բավարար կլինի օրինական հիմքով աշխատանքային հարաբերությունների ծագման համար:
Ի դեպ, վերջին երկու տարիներին նմանատիպ փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնությունում: Այսօրինակ փոփոխություններ նախատեսում են նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրները:
ԱՐՏԱԺԱՄՅԱ ԱՇԽԱՏԱՆՔ
Օրենսգիրքը արտաժամյա աշխատանքը նախատեսում է միայն գործատուի նախաձեռնությամբ՝ 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերում: Բացակայում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի կազմակերպման հնարավորությունը, որը շատ դեպքերում կարող է աշխատողի համար դառնալ լրացուցիչ եկամուտներ ստանալու արդյունավետ միջոց, իսկ գործատուի համար՝ լրացուցիչ շահույթ ստանալու օրինական միջոց: Իհարկե, այս դեպքում պետք է պահպանվեն աշխատողի աշխատանքային օրվա և շաբաթվա առավելագույն տևողությունները, ինչպես նաև օրական և շաբաթական հանգստի նվազագույն տևողությունները:
Օրենսգրքում աշխատողի և գործատուի համաձայնությամբ արտաժամյա աշխատանքի ներգրավում նախատեսելու պարագայում օբյեկտիվորեն ակնկալվում է՝ եվրոպական լավագույն փորձին համահունչ արտաժամյա աշխատանքի կազմակերպման ճկուն և կողմերի համար փոխշահավետ հնարավորության ապահովում, առկա ավելորդ սահմանափակման վերաում: Այսպիսի հնարավորություն գործում է Անգլիայում, ԵՄ անդամ մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Լիտվայում և այլն: Ընդ որում՝ առաջարկվող կարգավորումը Հայաստանում ևս գործել է՝ մինչև 2010 թվականի օգոստոսը:
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախկին զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, զինծառայողների ընտանիքի անդամների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար Օրենսգրքով նախատեսված չեն կարգավորման անհրաժեշտ առանձնահատկություններ (արտոնություններ), որոնք գործում են օրինակ՝ Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Տաջիկստանում:
Անվիճելի է նմանատիպ կարգավորման առարկայական անհրաժեշտությունը նաև մեր երկրում: Այս նպատակով Օրենսգրքում անհրաժեշտ է՝
- սահմանել նախկին զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների, զինծառայողների ընտանիքի անդամների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքի անդամների առանձնահատուկ կարգավիճակն աշխատանքային հարաբերություններում,
- ամրագրել սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ, օրինակ՝ հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատման դեպքում նախապատվության իրավունք, ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության առաջնահերթության իրավունք, չվճարվող լրացուցիչ արձակուրդ, պետական կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու առաջնահերթության իրավունք և այլն:
Շարունակելի