Փոխարժեքներ
11 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.15 |
EUR | ⚊ | € 423.5 |
RUB | ⚊ | ₽ 3.97 |
GBP | ⚊ | £ 506.82 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
«Փաստ» օրաթերթը գրում է․ Պետբյուջեի թերակատարումը բացասական երևույթ է մասնավորապես այն դեպքում, երբ վերաբերում է կապիտալ ծախսերին, որոնք 2022 թ. առաջին կիսամյակում մոտ 41 տոկոսով չեն իրականացվել: Անդրադառնալով 2022 թ. առաջին կիսամյակում ծախսերի թերակատարմանը՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը: «Ընդհանուր առմամբ, պետական բյուջեի ծախսերը 6 ամսվա կտրվածքով շուրջ 15 տոկոս թերակատարվել են այն դեպքում, երբ պետական բյուջեի եկամուտները պլանավորվածից մոտ 5 տոկոսով ավելի են հավաքագրվել: Ստացվում է՝ ծրագրվածից ավելի շատ հավաքագրվել, բայց ծրագրվածից ավելի քիչ ծախսվել է
Այս տարվա համար մոտ 365 մլրդ դրամի կապիտալ ծախս էր նախատեսված, ինչով հպարտանում էին: Բայց փաստացի կատարողականի թերակատարումն էական է՝ մոտ կեսը չեն կատարել ու 365 մլրդ-ից ծախսել են 100 մլրդ դրամը: Այսինքն, փողը տնտեսությունից քաշում են, բայց չեն վերադարձնում, որպեսզի տնտեսական ակտիվությունը կայուն բնույթ ունենա: Իսկ առկա տնտեսական ակտիվության ավելացումն իրենց հետ որևէ կապ չունի. այն պայմանավորված է աշխարհաքաղաքական արտաքին գործոնով՝ մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմով ու ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներով»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այս իրավիճակը կարճաժամկետ առումով դրական արդյունքներ է ապահովում ՀՀ տնտեսության համար:
«Թերակատարումների երկրորդ կարևոր պատճառն այն է, որ այս իշխանությունների օրոք պետական պարտքը մոտ 40 տոկոսով աճել է, ու մենք հատել ենք պետական պարտքի, նաև արտաքին պետական պարտքի ցածր ռիսկայնության շեմը: Ստիպված են այսօր զսպող քաղաքականություն իրականացնել, որովհետև երկիրը պարտքով են պահում, իսկ լրացուցիչ գումարները, ինչպես նշեցի, կարճաժամկետ են: Այս առումով զգուշավորություն կա: Եվ թերակատարումների երրորդ գործոնն իրենց պոպուլիզմն է: Իրենք տարեսկզբին գիտեին, որ այդ չափի կապիտալ ծախսեր չեն կարողանալու իրականացնել, բայց որպեսզի կարողանային քողարկել թոշակներն ու նպաստները չբարձրացնելու հանգամանքը, ասում էին՝ կապիտալ ծախսերով տնտեսական զարգացում են ապահովելու, և մարդկանց եկամուտներն այդ կերպ կավելանան: Հիմա էլ փաստացի տեսանք, որ պետական բյուջեում գրվածի անգամ կեսը չեն իրականացրել:
Թերակատարումների չորրորդ գործոնը կապված է իրենց ապիկարության և փնթի կառավարման հետ: Ընդհանուր առմամբ, կառավարման ձախողումները հիմնական ծրագրերը չկատարելու պատճառներից են»,-ասաց Թ. Ավետիսյանը՝ շեշտելով, որ պետական ծրագրերը չեն կարողանում հավուր պատշաճի նախագծել, իրականացնել և հետևել դրանց իրականացման գործընթացին:
Անդրադառնալով ծախսերը չկատարելու հարցում պետական գնումների համակարգի վրա մեղքը բարդելու փորձերին՝ Թ. Ավետիսյանը շեշտեց, որ այս համակարգի խնդիրները ոչ թե լուծվել, այլ խորացել են վերջին 4 տարում. «Փաստն այն է, որ մրցակցային բնույթի գնումներն այս իշխանության օրոք էապես փոխարինվում են մեկ անձից գնումներով, ինչը բացատրում են տարբեր անհասկանալի պատճառներով: Մինչդեռ հիմնական պատճառն այն կոռուպցիոն ռիսկերն են, որոնք կան գնումների ոլորտում: Այսինքն, մեկ անձից գնում է կատարվում, ու հետո պարզվում է՝ այդ մեկ անձը իրենց սրտի օլիգարխն է կամ իրենց նեղ շրջապատից մեկը: Ակնհայտ է, որ կոռուպցիոն ռիսկերն ավելացել են պետական գնումներում, ու կառավարման անարդյունավետությունը խորացել է»:
Ինչ վերաբերում է կառավարության՝ գնումների նոր հայեցակարգ ներդնելու մտադրությանը, Թ. Ավետիսյանն ընդգծեց. «Դա ևս հերթական պոպուլիստական դրսևորումն է՝ պատասխանատվությունից խուսափելու հերթական մղումով: Մեխանիզմներին են մեղադրում, հետո պարզվում է՝ մրցույթն ուշ են հայտարարել, մրցույթը չի կայացել: Կարծում եմ՝ այստեղ իր դերն ունի թե՛ ապաշնորհությունը, թե՛ նաև շահագրգռվածությունը, որ գնումները մրցույթային հիմքով չկայանան, որը հետո հիմնավորեն մեկ անձից գնումներով, մեկ անձն էլ իրենցից հեռու չլինի»:
Թադևոս Ավետիսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև սեպտեմբերի 1-ից թոշակների, նաև նպաստների ավելացման վերաբերյալ կառավարության երեկվա որոշմանը, որը մեր զրուցակիցը դիտարկեց մի քանի տեսանկյունից: «Այն օբյեկտիվ անհրաժեշտություն է, բայց խիստ ուշացած է: Այս տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ ինքս ավելի քան 10 առաջարկ եմ ներկայացրել: Մենք առաջարկել էինք նաև բարձրացնել նվազագույն աշխատավարձը, ինչն առնվազն կչեզոքացներ գնաճի այս ահագնացող սոցիալական բացասական հետևանքները՝ հատկապես սոցիալապես խոցելի խմբերի համար: Առաջարկը, սակայն, կառավարությունը չընդունեց: Այն չափերը, որով հիմա նախատեսում են ավելացնել նվազագույն նպաստը, կենսաթոշակը, միջին կենսաթոշակը, բացարձակ համարժեք ու համադրելի չեն գնաճի հետ: Միայն այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր երկրում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը պատիկներով ավելի մեծ չափով է աճել, քան 3000 դրամ միջին կենսաթոշակի, 1900 դրամ նվազագույն կենսաթոշակի նախատեսվող ավելացումն է»,-ասաց Թ. Ավետիսյանը:
Նա հիշեցրեց, որ 2020 թվականի հունվարի 1-ից հետո չի բարձրացվել կենսաթոշակի հիմնական չափը, չի բարձրացվել նաև անապահովության նպաստի չափը. «Եվ եթե համեմատենք նվազագույն սպառողական զամբյուղի արժեքները այս ժամանակահատվածի հետ, ապա տարբերությունը մոտ 20-22 հազար դրամ է:
Այսինքն, մեզ մոտ մեկ շնչի հաշվով մոտ 30 տոկոսով կյանքը թանկացել է, մեկ շնչի հաշվով ամսական նվազագույն ծախսն ավելացել է ավելի քան 20 հազար դրամով, իսկ իրենք առաջարկում են աշխատանքային կենսաթոշակն ավելացնել ընդամենը 3000 դրամով: Ի դեպ, տարածաշրջանի երկրներում ևս բարձր գնաճ կա, և այդ երկրներում վաղուց գնաճին համարժեք բարձրացրել են թոշակներն ու նպաստները՝ ողջ ծավալով չեզոքացնելով գնաճի հետևանքները»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում