կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-24 18:40
Քաղաքական

«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամների հանդիպում՝ Դավիթ Իշխանյանի նախագահությամբ

«Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամների հանդիպում՝ Դավիթ Իշխանյանի նախագահությամբ

Հունվարի 24-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում կայացել է «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամների հանդիպումը՝ Դավիթ Իշխանյանի նախագահությամբ. ըստ yerkir.am-ի՝ հայտնում է «Ապառաժը»:

Բացելով նիստը, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նախագահ Դավիթ Իշխանյանը ներկաներին նախ շնորհավորել է անցած տոների առիթով:

Այնուհետև ներկայացրել է հանդիպման նպատակը, որը պայմանավորված էր երկու հանգամանքով: «Հունվարի 26-ին Ավստրալիայի ազգային տոնն է՝ պետականության օրը: Երկրորդ հանգամանքը վերջին շրջանում Ավստալիայում տեղի ունեցող բնական աղետներն: Մեր երկրի ամեն քաղաքացի ցավով հետևում էր այդ իրադարձություններին: Խորհրդակցելով բարեկամական շրջանակի անդամների հետ, ծրագրել ենք մեր զորակցությունը և ցավակցությունը մեր բարեկամների միջոցով փոխանցել Ավստրալիայի ժողովրդին»,- նշել է Դավիթ Իշխանյանը:

Ներկաների կողմից կազմվել է «Ավստալիա-Արցախ» բարեկամության շրջանակին ուղղված նամակը, որում մասնավորապես նշվում է.

«Արցախ կատարած վերջին այցի ընթացքում մեր լավ ընկեր Ջոն Ալեքսանդրը մեզ ներկայացրեց ավստրալական «գործընկերության» հայեցակարգը: Մենք հավանեցինք և ընդունեցինք այն, և հիմա  Արցախի բոլոր ավստրալացի բարեկամներին մեր գործընկերն ենք համարում:

Ձեզ ենք հղում մեր սրտագին շնորհավորանքները Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ:

Ավստրալիան և ավստրալացիները հպարտանալու բազում առիթներ ունեն. առաջին հերթին՝ ամուր ժողովրդավարությունը, ռասսայական, կրոնական բազմազանությունը, յուրաքանչյուր քաղաքացուն ընձեռնվող ազատությունները և նվիրվածությունն արդարությանը:

Արցախի ժողովուրդն Ավստրալիան միշտ համարել է այն օրինակելի երկիրը, որին կցանկանար ձգտել ժողովրդավարության ուղին բռնած յուրաքանչյուր երիտասարդ պետություն: 1991 թ. անկախության հռչակումից ի վեր մենք ջանք չենք խնայել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու համար:

2020 թվականը Արցախի համար կարևոր տարի կլինի, քանի որ մարտի 31-ին կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրությունների շնորհիվ մենք էլ ավելի կամրապնդենք մեր երկրում ժողովրդավարությունը՝ ապահովելով ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Ընդունեք նաև մեր խորին ցավակցությունը վերջին շրջանում Ավստրալիայում մոլեգնող կործանարար հրդեհների և մյուս բնական աղետների հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների համար: Վստահ եղեք, որ մենք մշտապես աղոթում ենք Աստծուն՝ խնդրելով նրա օգնությունն ու մխիթարությունը  աղետներից տուժածներին»:

Հիշեցնենք, որ «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակը ձևավորվել է սեպտեմբերի 24-ին՝ 2019թ.  օգոստոսի 1-ին Ավստրալիայում ստեղծված «Արցախի ավստրալացի բարեկամներ» խմբի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով: