Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում սեպտեմբերի 24-ին հրավիրվել է Արցախ-Ավստրալիա բարեկամության շրջանակի հիմնադիր անդամների առաջին հանդիպումը, այս մասին Yerkir.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
Շրջանակի կազմում ընդգրկվել են Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներ:
Բարեկամության շրջանակը ձևավորվել է օգոստոսի 1-ին Ավստրալիայում ստեղծված «Արցախի ավստրալացի բարեկամներ» (Australian Friends of Artsakh) խմբի հետ ինստիտուցիոնալ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու նպատակով:
ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խոսելով «Արցախի ավստրալացի բարեկամներ» շրջանակի ձևավորման մասին, նշել է, որ շրջանակին անդամակցում են դաշնային խորհրդարանի պատգամավորներ, նախարարներ, նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետը և նահանգային խորհրդարանի նախագահը, նախկին խորհրդարանականներ, քաղաքապետեր, քաղաքային խորհրդի անդամներ, գիտնականներ, քաղաքացիական հասարակության և հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Օգոստոսին Ավստրալիա կատարած այցի և տեղի ունեցած հանդիպումների մասին մանրամասներ է ներկայացրել ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: Ընդգծելով Ավստրալիայի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերն ընդլայնելու կարևորությունը՝ նա նշել է. «Չպետք է սահմանափակվենք միայն շրջանակի ստեղծմամբ, պետք է մշակենք համագործակցության ընդհանուր օրակարգ և առաջնորդվենք դրանով»:
Նորաստեղծ բարեկամության շրջանակի անդամները ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին ընտրել են շրջանակի նախագահ, իսկ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արտակ Ներսիսյանին՝ քարտուղար:
Հանդիպման մասնակիցների կողմից ընդունվել է Արցախ-Ավստրալիա բարեկամության շրջանակ ստեղծելու մասին հռչակագիրը, որում նշված է.
-Երախտագիտությամբ ընդունելով Ավստրալիայի խորհրդարանականների, քաղաքական, հասարակական, հոգևոր և ակադեմիական մի խումբ գործիչների 2019թ. օգոստոսի 1-ի հայտարարությունը «Արցախի ավստրալացի բարեկամներ» բարեկամության շրջանակ ստեղծելու մասին,
-վերահաստատելով բոլոր ազգերի հետ բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու Արցախի Հանրապետության հանձնառությունը,
-գնահատելով ավստրալացի բարեկամների աջակցությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ու հարգանքը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հանդեպ,
-շահագրգռված լինելով Ավստրալիայի հետ կապերը ընդլայնելու և փոխշահավետ համագործակցություն հաստատելու գործում՝
մենք՝ Արցախի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության, հասարակական, հոգևոր ու ակադեմիական բնագավառների ներկայացուցիչներս, հայտարարում ենք Արցախ-Ավստրալիա բարեկամության շրջանակ ստեղծելու մասին»: