կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-16 18:20
Հասարակություն

Անգործություն և անորոշություն՝ ընդդեմ համընդհանուր գնաճի

Անգործություն և անորոշություն՝ ընդդեմ համընդհանուր գնաճի

Հունվարի 1-ից երրորդ երկրներից ներկրվող շուրջ 750 ապրանքատեսակների թանկացումն անխուսափելի է։ Ներքին և արտաքին շուկաներում սպասվող փոփոխությունների մեկնաբանությունների ակնկալիքով Yerkir.am-ը զրուցել է տնտեսագետների հետ: Մաքսատուրքերը երրորդ երկրներից ներկրման դեպքում զգալիորեն ավելացել են։  Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ֆինանսների հանձնախմբի նախագահ Արմեն Գրիգորյանը, բարձրանալու են հիմնականում առաջնային սպառման ապրանքների մաքսային դրույքաչափերը։

«Խոշոր եղջերավոր անասունների մսի մաքսային դրույքաչափը 12,5 %-ից դառնալու է 15%, թռչնի մսինը 22%-ից՝ 25%, ձեթինը, կարագինը, կաթնամթերքի որոշ տեսակներինը 13-ից կդառնան 15 %, ցորենի, լոբազգիների, բանջարեղենի, եգիպտացորենի ու դրանց սերմացուների դրույքաչափերը  կավելանան 3 տոկոսով։ Կբարձրանան շինանյութերի որոշ տեսակների գները. քիմական նյութերի՝ թթուների, սուլֆիտների, օքսիդների գնաճ կգրանցվի շուրջ 3 տոկոսով: Կբարձրանան նաև դեղամիջոցների, բրդյա և բամբակյա գործվածքների, պարարտանյութերի մաքսային դրույքաչափերը»,- ասաց Արմեն Գրիգորյանը։

Ցածր եկամուտներ ունեցողները թանկացումների թիրախ

Պլանավորած տնտեսություն չունենք, ներքին սպառման շեմը ճշգրիտ չենք սահմանել։ Քանի դեռ ինքնաբավ երկիր  դառնալու ձգտում չունենք, հիմնականում կախված ենք լինելու արտաքին ազդեցություններից. տնտեսագետի կարծիքն է։ Բոլոր սպառողներն առանց բացառության կզգան թանկացումների ազդեցությունը, ավելի խորը՝ սոցիալական խոցելի խմբերը։  

«ԵԱՏՄ իրավակարգավորումների հետևանք հանդիսացող թանկացումներին կգումարվի նաև տեղական հարկային օրենսդրությամբ սահմանված  անուղղակի հարկերի բարձրացմամբ պայմանավորված թանկացումները։ Ալկոհոլային խմիչքների շուկայում արդեն իսկ խնդիրներ են նշմարվում։ Ակցիզային հարկն ամեն տարի կավելանա։ ԵԱՏՄ-ի և հարկային օրենդրության կարգավորումներից առաջացող օբեկտիվ և սուբյեկտիվ թանկացումներն ուղղակի կծանրանան մեր հանրության կյանքի որակի վրա, հատկապես՝ մինչև 150. 000 դրամ եկամուտ ունեցողների»,- կանխատեսում է Արմեն Գրիգորյանը:

Պահեստներում եղածն ենք դեռ օգտագործում

Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի վրա թանկացումներն ուղղակի ազդեցություն կունենան։ Ներմուծող կազմակերպությունների պահեստները հենց որ դատարկվեն, և նոր ապրանքներն սկսեն ներմուծվել մաքսային նոր դրույքաչափով, մեր հանրությունը թանկացումներն առօրյա կյանքում ուղղակիորեն կզգա։ Արմեն Գրիգորյանը ուշադրություն է դարձնում նաև պաշտոնական շրջանակների պարբերական հրապարակումներին՝ առաջիկայում կարող է թանկանալ նաև բնական գազը, նաև առաջին սպառման ապրանքներից շատերը, ակցիզային հարկով հարկվող տեղական որոշ ապրանքատեսակներ։

ԵԱՏՄ շուկայում ինտեգրվելու հնարավորություն... եթե խելամիտ լինենք

Իրավաբան, տնտեսագիտության թեկնածու Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ հունվարի 1-ից 699 ապրանքատեսակների մաքսատուրքերի 1-4% ավելացումը մեր երկրում 0,5% գնաճի կհանգեցնի։

«Ցածր եկամտի պայմաններում մեր ազգաբնակչությունը եկամտի 60-70 %-ն առաջին անհրաժեշտության ապրանքների վրա է ծախսում։ Մաքսատուրքերի աճն ավելի մեծ ազդեցություն կթողնի մարդկանց կենսամակարդակի վրա։ Պատահական չէ, որ այս կառավարությունը 2020 թվականի պետական բյուջեով նախատեսում է 4,5 % գնաճ»,- մեկնաբանեց Սուրեն Պարսյանը։

Նրա դիտարկմամբ՝ երրորդ երկրներից ներկրված ապրանքների թանկացումը կարող է նպաստել մեր ներքին արտադրության զարգացմանը, սակայն մեր երկրի տնտեսական համակարգը ոչ թե պատրաստվում էր 2020 թվականի հունվարի 1-ին, այլ սպասում էր, այսինքն՝ հնարավոր թանկացումները կանխելու և տնտեսական նոր պայմաններից օգուտ քաղելու որևէ աշխատանք մինչ այդ չի կատարվել։ Գաղտնիք չէ, որ մաքսատուրքերի բարձրացման նպատակն այն է, որ ԵԱՏՄ անդամ երկրների արտաքին առևտուրն ընդլայնվի ոչ թե երրորդ երկրների, այլ միմյանց միջև։ ԵԱՏՄ մյուս երկրներն այդ հնարավորությունից օգտվել են՝ ի շահ իրենց տնտեսության, ապրանքաշրջանառության ու եկամուտների աճի։ Ինչպես հանդես կգա մեր երկիրը, պետական ինչ քաղաքականություն կդրսևորի, պարզ չէ։ Այս փուլում թանկացումների սպառնալիքի տակ մեր երկրի շարքային քաղաքացիներն են։  

Համեցեք՝  վերահսկելու շուկան ու գնաճը

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հկ նախագահ Կարեն Չիլինգարյանն, անդրադառնալով, ներքին շուկայում սպասվող թանկացումներին, տեղական արտադրողներին հորդորում է տեղական ապրանքների գներն անբարեխղճորեն չբարձրացնել։ Նրա կարծքով շուկան պետք է վերահսկեն իշխանությունները, առաջին հերթին՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որպեսզի գնագոյացման պարագայում չարաշահումներ չլինեն։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն էլ է կարծում, որ այս պարագայում մեծ անելիք ունեն ՏՄՊՊՀ-ն և Էկոնոմիկայի նախարարությունը։