կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-14 17:26
Հասարակություն

Եվս մեկ շաբաթ անորոշություն

Եվս մեկ շաբաթ անորոշություն

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցն ուղղված էր ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին: Նա նախարարի պաշտոնակատարին նախ հիշեցրեց, որ պաշտոնավարման սկզբնական շրջանում նա խոսել է միջին և ավագ դպրոցների ավարտական քննությունների մասին, ասել, որ հնարավոր է` որոշ առարկաների քննությունները լինեն կենտրոնացված, սակայն հետագայում Հարությունյանի այդ ասածը չի հաստատվել: Պատգամավորը հետաքրքրվեց. «Ծնողների մեջ կա անհանգստություն` ի վերջո, ի՞նչ որոշում է կայացվելու: Եթե Ձեր ասածն ուժի մեջ է, ո՞ր առարկաներն են, որ կարող են կենտրոնացված ձևով հանձնել»:

Նախարարի պաշտոնակատարն արձագանքեց, որ, այո, դրա մասին հայտարարվել է: «Երկու օր առաջ են ինձ տվել արտաքին գնահատման արդյունքները` հայերենից և մաթեմատիկայից: Պետք է ասեմ, որ երկուսից էլ ունենք ցավալի արդյունքներ: Մենք ասում էինք, որ այս տարի հնարավոր է անցնենք մեկական քննության` 9-րդ և 12-րդ դասարանները հանձնեն միասնական հայերենից, բայց փորձագետները, մասնագետները պնդում են, որ կտրվածներ ենք ունենալու: Հատկապես խնդիր է 12-րդ դասարանում` կապված զորակոչի հետ: Պաշտպանության նախարարի հետ էլ կքննարկենք հետևանքները: Բայց պետք է ասեմ, որ այս արտաքին գնահատումը վեր հանեց այն ամենավատ սպասելիքները, որ կարող էինք ունենալ: Նույնիսկ արտաքին գնահատումը, որ շատ խիստ չի անցկացվում, դրա դեպքում էլ 30-40 տոկոս կտրվածներ ունենք 12-րդ դասարանում»,- պարզաբանեց Հարությունյանը:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ տեղյակ է` ծնոնղերի շրջանում այդ սպասելիքներն ու մտահոգությունները կան: «Կաշխատենք հնարավորինս կարճ ժամանակում բոլոր արդյունքները ամփոփել: Գնահատման և թեստավորման կենտրոնը առաջիկայում ասուլիսով հանդես կգա, ավելի մանրամասն կներկայացնի այդ թվերը: Հիմա այդ թվերը մակերեսային են, ընդհանուր վերլուծություն են խոստացել տրամադրել այդ թվերի հետ կապված: Դրանից հետո մեկ շաբաթվա ընթացքում խոստանում ենք վերջնական որոշում կայացնել այս մասին»,- ասաց նա:

Առաքելյանն էլ հետաքրքրվեց` արդյո՞ք այդ ուսումնասիրություններից պետք է հետևություն անել, որ այս տարի չեն լինի կենտրոնացված քննություններ:

Նախարարի պաշտոնակատարն էլ արձագանքեց, որ ինքը հակված է, որպեսզի լինեն կենտրոնացաված ավարտական քննություններ, բայց նախարարի կարծիքը դոմինանտ չպետք է լինի: «Մասնագետներին պետք է լսենք: Մեկ շաբաթ հետո դրա մասին կհայտարարենք»,- եզրափակեց Հարությունյանը: