կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-14 17:23
Քաղաքական

Ինչու հնարավոր չեղավ հաշտեցնել Հաֆթարին և Սարաջին

Ինչու հնարավոր չեղավ հաշտեցնել Հաֆթարին և Սարաջին

Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի գործադրած ջանքերին՝ դեռևս չի հաջողվում հաշտեցնել Լիբիայի հակամարտող կողմերին: Խալիֆա Հաֆթարի և Ֆայիզ Սարաջի միջև բանակցությունների հիմնական նպատակին՝ հրադադարի հաստատմանը, Մոսկվայում երեկ երեկոյան կայացած բանակցությունների ընթացքում հնարավոր չի եղել հասնել, իսկ այսօր առավոտյան արդեն վերսկսվել են ռազմական գործողությունները երկրի մայրաքաղաք Տրիպոլիի մոտակայքում: Ի՞նչն է խոչընդոտել համաձայնության ձեռք բերմանը, և հնարավո՞ր է՝ ինչ-որ բան փոխվի հունվարի 19-ին Բեռլինում անցկացվելիք՝ Լիբիայի հարցով համաժողովի ընթացքում: Ըստ yerkir.am-ի՝ այս հարցերին փորձում է պատասխանել «Վզգլյադ» թերթը:

Այս գիշեր Մոսկվայում ավարտվել են Լիբիայի հակամարտող կողմերի միջև բանակցությունները: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Լիբիական ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալֆա Հաֆթարը լքել է Մոսկվան ՝ չստորագրելով հրադադարի մասին համաձայնագիրը Տրիպոլիում գործող Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) ղեկավար Ֆայիզ Սարաջի հետ:

Ավելի ուշ Հաֆթարը բացատրել է, թե ինչու չի ստորագրել փաստաթուղթը: Նրա խոսքով՝ պայմանագրի առաջարկվող տարբերակում անտեսվում էին «լիբիական բանակի շատ պահանջներ», մասնավորապես՝ ԼԱԲ-ի հրամանատարը պնդում էր, որ իր բանակը մտնի Տրիպոլի, և  ազգային միասնության կառավարության ձևավորվի, որը կստանար Թոբրուկում գործող խորհրդարանի վստահության քվեն: Ֆելդմարշալը նաև կոչ էր անում միջազգային մոնիտորինգ իրականացնել հրադադարի պահպանման հարցում՝ առանց Թուրքիայի մասնակցության, և պահանջում էր  «Թուրքիայից ու Սիրիայից բերված վարձկանների» անվերապահ հեռացում:

Միաժամանակ, ռուսաստանցի զինվորականների տվյալներով՝ Հաֆթարը հրաժարվել է ստորագրել փաստաթուղթն այն պատճառով, որ դրանում խոսք չի եղել Սարաջին աջակցող զինված միավորումների արձակման ժամկետների մասին:

Մոսկվայից Հաֆթարի հեռանալուց հետո Լիբիայի մայրաքաղաքի հարավում վերսկսվել են ռազմական գործողությունները, դրանից հետո ԼԱԲ-ը հայտարարություն է տարածել, որում նշել է հաղթանակի հասնելու պատրաստակամության ու վճռականության մասին: Այդպիսով՝ հունվարի 12-ից Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նախաձեռնությամբ հաստատված հրադադարի ռեժիմը խախտվել է:

Սակայն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Մոսկվան կշարունակի զբաղվել Լիբիայի հակամարտության կարգավորման հարցով: «Բոլոր ջանքերը, որ գործադրում են նաև եվրոպացիները ՝ գերմանացիները, ֆրանսիացիները, իտալացիները, Լիբիայի հարևանները՝ Ալժիրը, Եգիպտոսը, նաև՝ ԱՄԷ-ն, Թուրքիան, Քաթարը, ՌԴ-ն, մենք ցանկանում ենք ի մի բերել, բոլորս գործում ենք մի ուղղությամբ և խթանում լիբիական բոլոր կողմերին՝ պայմանավորվածություն ձեռք բերել, այլ ոչ թե հարաբերություններ պարզել ուժային ճանապարհով»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

Նա նաև նշել է, որ ծայրահեղականները Սիրիայից, այդ թվում՝ Իդլիբից, տեղափոխվում են Լիբիա, որպեսզի շարունակեն «ջուր պղտորել»: Լավրովը հույս է հայտնել, որ  Լիբիան կարող է կրկնել «սիրիական սցենարը», քանի որ երկրի տարածքի 90 տոկոսը վերահսկվում է օրինական կառավարության կողմից:

«Ռուսաստանը համաշխարհային քաղաքականության մեջ» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդոր Լուկյանովի կարծիքով՝ Լիբիայի հարցով բանակցային մարաթոնն ավելի  խճճված էր, քան սպասվում էր, և ցույց տվեց, որ ժամանակակից Մերձավոր Արևելքում ամեն ինչ ուղիղ գծով չի զարգանում: «Ով ում կողմից է, և ով ում վրա է ազդում՝ ոչ միայն անհասկանալի է, այլև գործնականում անհնար է արձանագրել ուժերի դասավորության ստատիկ պատկեր. այն սահում ու լողում է»,- նշել է քաղաքագետը:

 Ըստ նրա՝ Մոսկվայի բանակցությունները նաև հերթական անգամ ապացուցեցին, որ «մեծ տերությունները կախվածության մեջ են հայտնվում ավելի փոքր տրամաչափի երկրներից և ստիպված են ժամանակ ու էներգիա ծախսել դրանց կոտրելու վրա»: Լուկյանովի կարծիքով՝  արաբական գործընկերները  Հաֆթարին հրահրում են ռազմական գործողությունների, այնպես որ՝ պետք է սպասել հերթական «փոթորիկների»:

ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար Վիտալի Նաումկինի կարծիքով էլ՝ Հաֆթարը դադարեցրեց բանակցությունները Սարաջի՝ նույն սեղանի շուրջը նստելուց հրաժարվելու վիրավորական պահվածքի պատճառով: «Հաֆթարը սպա է, նրա ուժերը վստահորեն մարտնչում են, հաղթում ու մտել են Տրիպոլի: Հաֆթարի համար Սարաջը լեգիտիմ չէ, իսկ Սարաջի համար՝ Հաֆթարը»,- նշել է նա՝ հավելելով, որ բեռլինյան համաժողովին հակամարտող կողմերը ձգտում են գնալ ուժեղ դիրքերով:

Ի դեպ, փորձագետները համարում են, որ Մոսկվայի բանակցությունները տապալված համարել չի կարելի: Ըստ Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ Գրիգորի Լուկյանովի ՝ հանդիպման կազմակերպիչները հստակ գիտակցում էին, որ հնարավոր չէ կարգավորել ճգնաժամը մեկ հանդիպմամբ, և դրված խնդիրը բավականին համեստ էր՝ կանգնեցնել ռազմական գործողություններն ու հումանիտար օգնություն հասցնել հակամարտության գոտում հայտնված շրջաններին, որտեղ մոտ 2,5 մլն բնակչություն կա:

Գրիգորի Լուկյանովը նաև Հաֆթարի անզիջողականության 3 պատճառ է նշել: Առաջինը ֆելդմարշալի ռազմական հաջողություններ են: Երկրորդը՝ Սարաջի կառավարության պահանջը, որ ԼԱԲ-ն իր ուժերը հեռացնի Տրիպոլիից, իսկ Հաֆթարին հաղթանակները տրվել են ծանր գնով,  և նա դրանցից չի հրաժարվի: Երրորդը Մոսկվայի հանդիպման մասնակիցների սահմանափակ կազմն էր: «Բանակցություններն անցկացվում էին Թուրքիայի նախաձեռնությամբ: Հարգանք ցուցաբերելով Ռուսաստանի նկատմամբ՝ Հաֆթարը եկել էր հանդիպմանը, սակայն չտեսավ ոչ ոքի, որը բացառապես իր շահերը կպաշտպաներ՝ այնպես, ինչպես Թուրքիան՝ Սարաջի: Անկարան հակամարտության կողմնակալ մասնակից է, ի տարբերություն Ռուսաստանի, որը խաղաղարարի դեր է ստանձնել»,- պարզաբանել է Լուկյանովը՝ հավելելով, որ Հաֆթարին հարկավոր էր, որ հանդիպմանը մասնակցի գոնե Եգիպտոսը, որը նրա դաշնակիցն է:

Քաղաքագետը կարծիքով՝ հունվարի 19-ին կայանալիք բեռլինյան համաժողովն էլ, հավանորեն, փոփոխություն չմտցնի հակամարտությունում: Ըստ նրա՝ այդ հանդիպումը կոչված է նախևառաջ լուծել Լիբիայում ԵՄ-ի խնդիրները, որի պատճառով Իտալիան և Ֆրանսիան հակառակորդներ են դարձել հարավային ուղղությամբ, նաև՝ Հաֆթարն ու Սարաջն էլ դժվար թե ականջալուր լինեն բեռլինյան հանդիպման՝ ներկայիս ձևաչափով մասնակիցներին: