կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-24 17:40
Տարածաշրջան

Վրաստանը վայելում է հիմա, իսկ Թուրքիան` ապագայում. տնտեսական բարիքներ` ապագա էքսպանսիայի դիմաց

Վրաստանը վայելում է հիմա, իսկ Թուրքիան` ապագայում. տնտեսական բարիքներ` ապագա էքսպանսիայի դիմաց

Երեկ՝ դեկտեմբերի 24-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեղի ունեցավ Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ութերորդ հանդիպումը: Եռակողմ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երեք երկրներին առնչվող թեմաները: «Մենք գնահատում ենք Թուրքիայի հետ հարաբերությունները և ողջունում երկուստեք ռազմավարական հարաբերությունների խորացումը», - Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Տնտեսական, ռազմավարական թեմաները քննարկելուց հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն Թբիլիսիում մասնակցեց Maarif հիմնադրամի կողմից կառուցված թուրքական դպրոցի բացմանը (Վրաստանում թուրքական հերթական դպրոցը): Ելույթի ընթացքում թուրք նախարարը նշեց, որ նմանատիպ դպրոցներ կբացվեն ոչ միայն Թբիլիսիում, այլև Վրաստանի այլ քաղաքներում:

Թուրքիան նմանատիպ դպրոցներ բացել է աշխարհի ավելի քան 42 երկրում: Թուրքական փափուկ ուժն իր «ամբողջ հմայքով» արդեն երկար տարիներ գործում է Վրաստանում, որի նպատակն, անշուշտ, վրացական Աջարիան էքսպանսիայի ենթարկելն է: Ի տարբերություն Կիպրոսի՝ երբ Թուրքիան ներխուժեց և բռնազավթեց կղզու 36 տոկոսը, Վրաստանի դեպքում որդեգրվել է խաղաղ, «փափուկ ուժ» գործադրելու և աստիճանաբար Աջարիան թուրքացնելու-իսլամացնելու քաղաքականությունը, որը, ցավոք, վրացական իշխանությունների թողտվությամբ, տեղի է ունենում:

Վրաստանի սևծովյան մայրաքաղաք Բաթումը թուրքական զավթողական քաղաքականության վառ ապացույցն է: Քաղաքն աստիճանաբար դառնում է թուրքական՝ բացվում են թուրքական խանութներ, ռեստորաններ, հյուրանոցներ, մզկիթ: Թուրքերի կողմից նույնիսկ կառուցվել և վերակառուցվել է վրացական երկու օդանավակայաններ: Ավելին՝ թուրքական Հոպա քաղաքի (Համշեն)՝ Բաթումի օդային նավահանգստի մոտակայքում գտնվելու պատճառով թուրքերը օդանավակայանն օգտագործում են որպես իրենց ներքին օգտագործման կետ և նույնիսկ ունեն լրացուցիչ արտոնություններ: Թուրքիայի քաղաքացիներն ավիատոմսեր են գնում դեպի Բաթումի, որտեղ նրանց առանձին ավտոբուսով են դիմավորում և տեղափոխում թուրքական տարածք ՝ շրջանցելով մաքսակետը:

Վրացական իշխանությունների լուռ պահվածքը կարելի է բացատրել նաև նրանով, որ վերջին 12 տարիներին Թուրքիան հանդիսանում է Վրաստանի թիվ մեկ առևտրային գործընկերը: Երկու երկրների միջև 2018 թ. ստորագրվեց Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, ինչի շնորհիվ առևտրաշրջանառությունը հասավ 1.3 մլրդ դոլարի (2002 թ. այն կազմում էր ընդամենը 240 մլն): Վրաստանից արտահանման ծավալները կազմում են 1.1 մլրդ, իսկ ներկրումը 200 մլն դոլար: Կառուցվել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, TANAP գազատարը (երկու ծրագրերն էլ միտված են շրջափակել Հայաստանը), որոնք նպաստել են երկրի տնտեսական զարգացմանը:

Թուրքիան էլ, իր հերթին, միսիոներական աշխատանքերի միջոցով երկրում տարածում է իսլամական և թուրքական արժեքներ: Այդ աշխատանքները տարվում են նաև ժամանակին Վրաստանից Թուրքիա ուսման մեկնած երիտասարդների միջոցով:

Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 12-ին Դիդգորիի ճակատամարտին նվիրված տոնակատարության ժամանակ հայտարարել էր, որ թուրքերի դեմ պայքարը չի ավարտվել ճակատամարտի ժամանակ՝ 1121 թ., և այն շարունակվում է ցօրս:

Ժամանակին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետաքրքրությունների շրջանակը ներառում է Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և եղբայրական այլ տարածքներ. « Շատ պատմաբաններ կարծում են, որ Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Քիրքուկը, Բաթումը, Սալոնիկը, Վառնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները պետք է լինեն Թուրքիայի սահմաններ»,-  նշել էր Էրդողանը:

Թուրքական պետության կազմավորումից հետո քանիցս ականատես ենք եղել թուրքական էքսպանսիային՝ Սիրիայից Ալեքսանդրետի սանջաքի բռնակցում, Կիպրոսի մի մասի բռնազավթում, Իրաքի և Սիրիաի տարածք, հունապատկան ջրեր ապօրինի ներխուժում և այլն: Դեպքերի նման զարգացումը թույլ է տալիս մտածել, որ Աջարիան շուտով կհամալրի թուրքական նվաճողական քաղաքականությանը զոհ դարձած երկրամասերի ցուցակը: 96 տոկոս վրացական բնակաչություն (հայերը կազմում են 1.6 %) ունեցող Աջարիայի 39 տոկոսը մուսուլման է, ինչը պարարտ հող կարող է նախապատրաստել բռնակցումը արդարացնելու համար (ինչին ականատես ենք եղել Սիրիայում և Կիպրոսում):

2008 թ. ռուս-վրացական պատերազմից հետո թուրք-վրացական և վրացա-ադրբեջանական հարաբերությունները թևակոխեցին նոր փուլ, ինչի ապացույցը վերջին տարիներին երեք երկրների շարունակական համագործակցությունն է, որը բացի տնտեսականից ունի նաև ռազմական բաղադրիչ (օրինակ՝ համատեղ զորավարժություններ): Վրաստանը կամա թե ակամա դարձել է Հայաստանի շրջափակման մասնակից:

Մեր քրիստոնյա հյուսիսային հարևանը, ի տարբերություն թուրքական դպրոցների, չի վարում նույն քաղաքականությունը հայկական դպրոցների և հայկական կրթության և կրոնական արժեքների հանդեպ: Արգելվում են հայկական դասագրքերով ուսուցումն այն դպրոցներում, որտեղ սովորում են հայեր, սահմանային անցակետերում առգրավվում են հայկական գրքերը, հայկական եկեղեցիները փորձում են վերագրել վրացիներին և այլն:

Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանն առատորեն օգտվում է թյուրքական «բարիքներից», այնուամենայնիվ աստիճանաբար արդեն նշմարվում է թյուրքական երկու պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի ախորժակը, որոնցից ամենաթարմն վրացական Դավիթ Գարեջիի վանական համալիրի շուրջ ծագած վեճն է:

Ա. Եղիազարյան