Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մոսկվայում փորձագետները բավականին կոնկրետ հայտարարում են, որ հայաստանյան արեւմտյան թեւն անգամ կարող է գերազանցել էքստրավագանտ Սահակաշվիլիին»,- օրեր առաջ «Գալա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր ռուս քաղաքագետ, ՌԴ հանրային պալատի անդամ Դենիս Դվորնիկովը: Առաջին հայացքից, թվում է, թե այս պնդումը ընդամենը մատնում է ռուսական փորձագիտական ու քաղաքագիտական շրջանակների անհանգստությունը Հայաստանի` եվրաինտեգրացման կուրսի կապակցությամբ: Սակայն արդեն այսօր ակնհայտ է դառնում, որ սա ոչ այնքան պատկերացում կամ զուտ անհանգստության դրսևորում է, որքան Հայաստանի նկատմամբ սանձազերծվող բոլորովին նոր ու բնույթով շատ ավելի կեղտոտ քարոզչական էքսպանսիայի տրամաբանություն:
Ռուսական REX ինֆորմացիոն գործակալությունը հուլիսի 21-ին և 22-ին հաջորդաբար հրապարակեց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովի երկու հոդված` ուղղակի ճչացող և պրովոկացիոն վերնագրերով` «Երևանը պատրաստվում է հանձնել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին» և «Երբ և որտեղ է Ալիևն ընդունելու Սարգսյանի կապիտուլյացիան»: Հոդվածների ողջ տրամաբանությունը կառուցված է երեք հիմնական գաղափարական առանցքների վրա.
- Եվրամիության հետ ասոցացման քաղաքականության` Հայաստանի ընդունած կուրսը տանում է դեպի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսային ու տնտեսական տարանջատման, ինչը նշանակում է, որ Հայաստանը, ընկնելով կապանքների մեջ Ադրբեջանում էներգետիկ շահեր ունեցող Արևմուտքից, մենակ է թողնում ԼՂՀ-ին Ադրբեջանի դեմ ու ստիպում Ստեփանակերտին իր անվտանգության ապահովման բանալին փնտրել ադրբեջանական հետաքրքրությունների տիրույթում:
- ԵՄ ինտեգրացիոն քաղաքականությունը տանում է դեպի ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցություն, ինչը հակասում է ՀԱՊԿ-ի սկզբունքներին: Դրանով Հայաստանը քանդում է իր ու Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխիքները:
- Ելնելով վերոգրյալից` Հայաստանի իշխանությունը գործում է ոչ թե Ռուսաստանի հարավկովկասյան շահերի, այլ սեփական պետության և ազգային շահերի դեմ, որովհետև այդ քաղաքականությունը նշանակում է ԼՂՀ-ի անկախության զոհաբերում: Հետևաբար այդ իշխանությունը որևէ ընդհանուր բան չունի սեփական ժողովրդի սպասելիքների և իրական ցանկությունների հետ:
Այս շեշտադրումներն ակնհայտորեն ուղղված են ոչ թե Հայաստանի իշխանություններին, այլ լայն հասարակայնությանը: Դրանց նպատակն առավել քան հասկանալի է. մի կողմից անվստահություն ներշնչել վարվող եվրաինտեգրացիոն քաղաքականության նկատմամբ և առաջացնել հանրային դիմադրություն դրա նկատմամբ` պայմանավորված ազգային անվտանգության ապահովմանն առաջնահերթություն տալու հանգամանքով, երկրորդ` հասարակությանը մեծ հաշվով հանել սեփական իշխանության դեմ` դավադրության մեղադրանքով և այդ ճանապարհով ուժեղացնել ճնշումը ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարվելուն տրամադրելու առումով:
Ռուսական քարոզչական գրոհը Հայաստանի նկատմամբ, այսպիսով, կրում է հերթական վերափոխումը: Թերևս քիչ արդյունավետ կամ անբավարար համարելով Հայաստանի իշխանությունների հետ ուղղակի աշխատելու և համոզելու միջոցները` ռուսական քարոզչությունն արդեն անցնում է հայերի ձեռքով հայաստանյան պղտոր ջրերում ձուկ որսալու կամ հայերի ձեռքով կրակից իր համար շագանակներ հանելու մարտավարությանը: Ռուսաստանը փորձում է գործիք դարձնել սեփական իշխանությունների հանդեպ Հայաստանի հասարակության, մեղմ ասած, բացասական, նույնիսկ անհանդուրժողական վերաբերմունքը, իշխանությունների խարխլված լեգիտիմությունը, ձգտում է, ի դեմս Սերժ Սարգսյանի, հայկական Սահակաշվիլիի կերպար ստեղծել` առանց ուշադրություն դարձնելու այն հանգամանքին, որ, անկախ ամեն ինչից, դա ոչ թե Ռուսաստանի կամ որևէ այլ երկրի, այլ հենց Հայաստանի ներքին խնդիրն է, որին իրավունք չունի միջամտելու անգամ իրեն ռազմավարական (իսկ իրականում պսևդոռազմավարական) գործընկեր համարող երկիրը: Բայց Ռուսաստանը դա փորձում է անել` չխորշելով դիմել ակնհայտ զեղծարարությունների և փաստերի աղավաղմանը, որը այլ կերպ, քան մանիպուլյացիաների միջոցով ներհայաստանյան և հանրային կարծիքի ուղղորդման փորձ, չի կարելի համարել:
Բանն այն է, որ Հայաստանը երբեք չի հայտարարել, թե ԵՄ-ին, առավել ևս ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիր է դնում: Ընդհակառակը` ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի համակարգող երկրի` Լեհաստանի մայրաքաղաքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդհուպ նսեմացնելով Հայաստանի ինքնիշխանությունը, առավել քան պարզ հայտարարեց, որ Հայաստանը չի անելու որևէ քայլ, որը հակասում է Ռուսաստանի շահերին: Մինչ այդ Երևանը բազմիցս հայտարարել է, որ եվրոպական արժեքներին Հայաստանի ինտեգրումը չի նշանակում անդամակցություն ԵՄ-ին, և այս պահին Հայաստանը նման նպատակ չի դրել իր առջև: Համոզված կարելի է պնդել, որ Երևանը ոչ միայն արտաքուստ, այլև ներկուլիսային մակարդակով դրանից շատ ավելի լուրջ երաշխիքներ է տվել Մոսկվային նրա առանցքից դուրս չգալու պարտավորվածության իմաստով: Այս ամենը, սակայն, ռուսական կողմը միտումնավոր չտեսնելու է տալիս: Ավելին` փորձելով ապացուցել Հայաստանի համար ընդունված այս կուրսի կործանարարությունը` ռուսական կողմը փաստացի սեփական մեղքերը փորձում է բարդել Հայաստանի վրա:
Տարասովն իր հոդվածում գրում է, թե ստեղծված իրավիճակը շատ նման է 20-րդ դարի երկրորդ և երրորդ տասնամյակի սահմանագծին տեղի ունեցող իրադարձություններին, երբ Դաշնակցության կողմից «երկու աթոռի նստելու»` իբր նույնատիպ քաղաքականության պատճառով Հայաստանը հասավ այն բանին, որ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրով Լեռնային Ղարաբաղը հանձնվեց Ադրբեջանին: Թե իրականում ցարական, այնուհետև բոլշևիկյան Ռուսաստանը Հարավային Կովկասում սեփական այսրոպեական շահերին ինչպե՞ս զոհաբերեց Արևմտյան Հայաստանը և ինչպե՞ս դա հանգեցրեց Կարսի` Հայաստանի համար խայտառակ պայմանագրի ստորագրմանը, հետագայում Ստալինի թեթև ձեռքով ԼՂ-ն Ադրբեջանի կազմ խցկելուն, թերևս իմաստ չունի ծավալվել: Սակայն պատմական իրողությունների աղավաղման այս սովորական սպեկուլյացիաներից բոլորովին այլ` հերթական շանտաժի հոտն է գալիս: Հիշեցնելով 20-ականների տխուր անցքերը` Ռուսաստանը պարզապես զգուշացնում է` խելոք մնացեք, եթե չեք ուզում մեր միջոցով կրկին կորցնել Լեռնային Ղարաբաղը, այս անգամ արդեն` ընդմիշտ:
Հետաքրքրականն այն է, սակայն, որ հայաստանյան քաղաքագիտական ու փորձագիտական հանրույթը որևէ փորձ` ռուսական այս քարոզչական էքսպանսիան զսպելու առումով, չի անում: Սա ոչ միայն համարձակության բացակայության արգասիք է, այլեւ չհամակարգվածության ու հստակ ուղեգծի բացակայության, որը ոչ այնքան նրանց, որքան ազգային ու պետական արժանապատվությունը ռուսական սապոգի տակ դրած իշխանության անելիքը պետք է լիներ:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ