կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-14 17:04
Հասարակություն

Ռուս լրագրողին Ադրբեջան չեն թողել հայկական ազգանուն ունենալու պատճառով

Ռուս լրագրողին Ադրբեջան չեն թողել հայկական ազգանուն ունենալու պատճառով

Նախկին ամուսնու հայկական ազգանունը կրող ռուս լրագրողին արգելել են մուտք գործել Ադրբեջան:

 

Օրեր առաջ` օգոստոսի 12-ին, այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտնվում էր Բաքվում, ՌԴ հերթական քաղաքացուն չեն թույլատրել մուտք գործել Ադրբեջան միայն այն պատճառով, որ նրա ազգանունը վերջանում է ՅԱՆ-ով: Ազգությամբ ռուս, Conde Nast ընկերության գեղեցկության բաժնի խմբագիր Աննա Սահակյանը, ով ամուսնանալուց հետո վերցրել է ամուսնու ազգանունը, Բաքվի օդանավակայանից անմիջապես արտաքսվել է` հայտարարվելով Ադրբեջանի համար անցանկալի անձ:

 

Հետաքրքիր է, որ մինչ Բաքու ժամանելը` օդանավում, Աննա Սահակյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է` «Թռանք… Ասում են` հնարավոր է, որ ինձ չեն թողնի մուտք գործել Բաքու: Կստուգենք. Եթե ինչ-որ բան լինի, սպասեք վերադարձիս»:

 

Այնուհետեւ, սեփական փորձով համոզվելով, որ հայկական ազգանուն ունեցողներն Ադրբեջանում անցանկալի անձ են համարվում` անկախ քաղաքացիությունից, էլի օդանավից Աննա Սահակյանը մեկ այլ գրառում է կատարել ֆեյսբուքում.

 

«Գիտե՞ք, թե ինչի համար եմ ամոթ զգում. Նրա համար, որ ես այդ մարդկանց բացատրում էի, որ ես ի ծնե ռուս եմ… Ես հպարտանում եմ իմ ազգանվամբ, մի ժամանակ ես այն փոխեցի` սիրուց դրդված, եւ եթե ինձ վիճակված է մեկ անգամ էլ փոխել ազգանունս, ապա միայն մեծ սիրուց դրդված: Այո’, ես ափսոսում եմ, որ ինքնատիրապետումս կորցրեցի ու լաց եղա, այլ ոչ թե ասացի դա եւ հպարտ վերադարձա: Դա հոգնածության արդյունք էր` Ճիշտն ասած: Եվ ես չեմ դառնա նացիոնալիստ եւ չեմ ատի Ադրբեջանը:

 

Բայց, գրողը տանի, երեխե’ք, մի՞թե հասկանալի չէ, որ բոլորս հավասար ենք Աստծո առջեւ, ու քանի դեռ չենք ներել իրար, երջանիկ չենք լինի: Ես արդեն վաղուց ռուս չեմ` որդուս հետ միասին, որը կիսով չափ հայ է, եւ տարբեր ազգությունների տղամարդկանց հետ ունեցած սիրավեպերով հանդերձ: Այո’, հիմա ես ինձ վատ եմ զգում, եւ ոչ թե նրա համար, որ ստիպված է հետ թռչել, այլ ուղղակի ամեն ինչ կուտակվել է մեջս:

 

Շնորհակալություն «Աէորոֆլոտի» ուղեկցորդուհիներին, որ ինձ` լալկանիս, իմ նորաթուխ «ոսկե քարտով» տեղավորեցին բիզնես կլասում եւ գինի հյուրասիրեցին…

 

Բայց այժմ հաստատ գիտեմ, որ մարդիկ տառապում են, երբ նրանց ազգային պատկանելության համար ծաղրում են: Եվ ես գիտեմ, որ ունեմմոտ  հազար ընկերներ, ովքեր կարող են այս գրառումս եւ գլխավոր խոսքերս տարածել` մի’ դատեք մարդկանց մասին` ազգային պատկանելությունը հաշվի առնելով: Ճիշտ է` ես լսել էի, որ այդպիսի բան կարող էր լինել, բայց այդ զառանցանքին հավատալ չէի կարողանում:

 

Միգուցե իմ խոսքերը, պայմանական ասած` հինգ ձեռքսեղմումից հետո կհասնեն Իլհամ Ալիեւին, ում նկարը կախված էր իր իսկ անզգանվամբ օդանավակայանի մաքսատան պետի առանձնասենյակում, որն ինձ բարեհամբյուր ձեւով թեյ առաջարկեց, բայց այդպես էլ չթույլատրեց սահմանն անցնել եւ առաջարկեց ազգանունս փոխել եւ նորից վերադառնալ:

 

Շատերը կարծում են, որ այս ամբողջ աղմուկը Պուտինի այցով էր պայմանավորված: Բայց, պարո’ն Ալիեւ, վերջապես տղամարդ դարձեք եւ հեղաշրջում մտցրեք հայ ազգի հետ հարաբերություններում:

 

Եվ գիտե՞ք, թե ինչն է ամենածիծաղելին. Ես, իրոք, շատ էի ուզում տեսնել Բաքուն եւ շրջել հին քաղաքի փողոցներով: Բայց օդանավից միայն ծովի մի պատառիկ տեսա: Եվ եթե իմ ընկերների մեջ Ադրբեջանից մարդ կա, հուսով եմ, դուք նույնպես ամոթ եք զգում: Մոսկվա-Բաքու-Մոսկվա թռիչք»,- նշում է լրագրողն իր Ֆեյսբուքյան գրառման մեջ:

 

Այնուհետեւ` այս պատմության ամենազավեշտալի մասը` Մոսկվայի Շերեմետեվո օդանավակայանի աշխատակիցները զարմացել են, որ Ադրբեջանը հայերի հետ խնդիրներ ունի:

 

«Ես Մոսկվայում եմ, ամեն ինչ լավ է, շնորհակալություն: Շերեմետեվոյում շատ զարմացան ու հարցրեցին` իսկ ի՞նչ է, Ադրբեջանը հայերի հետ պրոբլեմնե՞ր ունի»,- գրում է Սահակյանը ֆեյսբուքում:

 

Լուսանկարները` Աննա Սահակյանի ֆեյսբուքյան էջից.