Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի Սենատը ճանաչեց 1914-23 թվականներին Օսմանյան կայսրությանում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հենց ցեղասպանության ժամանակ դատապարտել է Օսմանյան կայսրությանը եւ կայացրել Վիլսոնի իրավարար վճիռը, իսկ ԱՄՆ կառավարությունը ՄԱԿ-ում եւ միջազգային դատարանում դեռ 1951թ․-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետագայում տարբեր մակարդակներով բազմիցս վերահաստատելով այդ դիրքորոշումը՝ նախագահ Ռոնալդ Ռեյգան հայտարարությամբ (1981թ․), Կոնգրեսի երկու պալատների բանաձեւերով (1975թ․ եւ 1984թ․), նահանգների ու քաղաքների մակարդակով ճանաչումներով եւ այլն։
Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մոռանալով ամոթ կոչվող զգացումի մասին, փորձել է սպառնալ ԱՄՆ-ին, հայտարարելով, թե Թուրքիայի խորհրդարանը կարող է ընդունել Ամերիկայի գաղութացման ընթացքում հնդկացիների ցեղասպանության մասին բանաձև։ «Կարելի՞ է արդյոք լռել հնդկացիների վերաբերյալ Ամերիկայի մասին խոսելիս: Դա ԱՄՆ-ի խայտառակ էջն է»,- ասել է Էրդողանը:
Փորձենք հասկանալ, արդյո՞ք Թուրքիան, որպես պետություն, բարոյական իրավունք ունի նման արտահայտություն անելու։ Արդյո՞ք մեղադրելուց առաջ Էրդողանը գոնե հաշվի է առել, թե ԱՄՆ-ն, որպես պետություն, ինչ քայլեր է կատարել իրենց կողմից բնիկներին պատճառած վնասները փոխհատուցելու համար, եւ արդյո՞ք Թուրքիան երբեւէ արել է, կամ պատրաստ է անել նման քայլեր։
Ճանաչում
Ի տարբերություն Թուրքիայի, ԱՄՆ-ը, իր բոլոր պետական մարմինների կողմից՝ սկսած նախագահից, եւ տարբեր պետական ու հասարակական կազմակերպությունների մակարդակով բազմիցս ներողություն է հայցել բնիկներից իրենց նախնիների կոտորածի համար։ Այդ անկեղծ ափսոսանքը արտահայտվել է հայտարարություններով, հիշատակի հուշարձանների կառուցմամբ, պատմության դասագրքերում դեպքերի ճշմարիտ շարադրմամբ, զոհերի հիշատակը եւ վերապրողների արժանապատվությունը հարգելով։ Վերջերս անձամբ Կալիֆորնիայի նահանգապետը իր նահանգի անունից ներողություն է խնդրել բնիկների կոտորածի համար։
Ֆինանսական փոխհատուցում
ԱՄՆ կառավարությունը պետական բյուջեից ամենամյա հատկացումներ է կատարում բնիկ ժողովուրդների կարիքների ապահովման համար։ Միայն 2019թ․-ի համար տրամադրվել է 2,4 մլրդ դոլար։
Նաեւ փոխհատուցումը արտահայտվում է ֆեդերալ եւ նահանգային մակարդակներով տարբեր հարկային արտոնությունների ու այլ հատկացումների տեսքով։
Տարածքային փոխհատուցում
ԱՄՆ-ը իր տարածքում բնիկ ժողովուրդներին տրամադրել է մոտ 130․000 քառակուսի կիլոմետր տարածք, որտեղ կան 500-ից ավել ինքնիշխան բնակավայրեր, որտեղ բնիկների սերունդները իրենց բնական կենսակերպով ու մշակութային ժառանգությունը պահպանելով շարունակում են ապրել։
Բնական ռեսուրսներ օգտագործում։
ԱՄՆ-ը կառավարությունը բնական ռեսուրսների օգտագործումից մաս է հատկացնում բնիկներին՝ հարգելով այդ տարածքներում բնական ռեսուրսների նկատմամբ բնիկների իրավունքները։
Վերջին հաշվարկներով բնիկ ժողովուրդների տարածքներում եղած ռեսուրսները գերազանցում են 1,5 տրիլիոն դոլարը, որից նրանք բաժին ունեն։
Իսկ ի՞նչ է անում Թուրքիան։
Հայոց ցեղասպանության ճանաչման, մեղքի գիտակցման փոխարեն արդեն մեկ դար է անամոթաբար ժխտում է իրողությունը, վիրավորելով վերապրածների զգացումները։
Այդ ժխտողականությունը նաեւ վիրավորանք է ամբողջ մարդկության համար, այդ թվում թուրքերի, քանի որ նրանք ակամայից մաս են կազմում պետական ոճրագործ եւ անօրեն քաղաքականությանը։
Ժամանակակից Թուրքիայի տարածքում մինչ օրս շարունակվում է հայկական ժառանգության նկատմամբ ցեղասպանությունը, հայկական հետքի թուրքականացումը, դպրոցներում խեղաթյուրվում է պատմությունը։
Թուրքիան օգտվում է Արեւմտյան Հայաստանի տարածքների մոտ 1 տրլն դոլար գնահատվող բնական ռեսուրսներից, որից ֆինանսավորվում են պետական մարմինները։ Այս գումարներով պետությունը ֆինանսական օգուտ է տալիս Թուրքիայի յուրաքանչյուր բնակչի՝ դարձնելով նրանց մեղսակից իրենց նախնիների ոճրագործության։
Իհարկե բնիկների նկատմամբ ԱՄՆ կառավարության այսօրվա քաղաքականությունը չի մարում նախորդների մեղքը, սակայն ԱՄՆ-ը գոնե այս քայլերով փորձում է որեւէ փոխհատուցում կատարել։
Էրդողանը փորձում է աշխարհին մեղսակից դարձնել իրենց դաժան անցյալին, մինչդեռ ԱՄՆ-ն ձգտել է դեպի արդարության ու ճշմարտության հաստատմանը։
Այնպես որ Էրդողանը դասեր տալու փոխարեն թող դասեր քաղի քաղաքակիրթ աշխարհից։