Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Փաստ» թերթը գրում է. «2019 թվականը աչքի ընկավ բուռն զարգացումներով, և ժամանակն է ամփոփումներ կատարել, հասկանալ, թե որոնք են մեր ունեցած ձեռքբերումները և բացթողումները:
Ուստի պատահական չէ, որ հասարակության մեջ սպասումներ կան, որ վարչապետը ամփոփելու է տարին, հանրության ուշադրությունը հրավիրելու է կառավարության ունեցած հաջողությունների, բացթողումների, առկա խնդիրների վրա, նախանշելու է, թե հաջորդ տարի ինչ ուղիով է շարժվելու մեր երկիրը, ինչ ծրագրեր կան և այլն:
Տարեվերջի այս օրերին վարչապետը շատ ակտիվ է իր ֆեյսբուքյան էջում, սակայն, ի զարմանս բոլորի, լուրջ ծրագրերից, ներդրումներից, աշխատատեղերի ստեղծումից, ներքին ու արտաքին ռազմավարական նշանակություն ունեցող հարցերից խոսելու փոխարեն, զբաղված է մանր-մունր հարցերով:
Եվ վարչապետի վերջին ուղիղ եթերը հատուկ նվիրված էր մեկ հարցի՝ Ամանորի միջոցառումների կազմակերպման խնդրին:
Պարզվեց, որ Ամանորի միջոցառումները կազմակերպելու համար կառավարությունը 270 մլն դրամ գումար է հատկացրել: Ըստ վարչապետ Փաշինյանի՝ այդ նախաձեռնությամբ լուծվում են սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիրներ:
Տնտեսական մասով իրենք խնդիր են դրել, որ մարդիկ Ամանորը արտերկրում չնշեն, մնան երկրում, դրան գումարած՝ տուրիստների մեծ հոսք ապահովվի, սակայն մի քիչ անհասկանալի է, թե Հանրապետության հրապարակում միջոցառում անցկացնելու միջոցով մարդկանց ինչպե՞ս պետք է հետ պահեն արտասահմանում տոները նշելուց, կամ մեծ թվով զբոսաշրջիկները ինչո՞ւ պետք է հենց Հայաստան այցելեն, քանի որ տարբեր երկրներում, որտեղ սպասարկման որակն էլ ավելի բարձր է, քան Հայաստանում, այդպիսի միջոցառումներ նույնպես կազմակերպվում են և նույնիսկ ավելի ճոխ ձևով:
Վարչապետի պատկերացմամբ, մյուս կողմից՝ այդպիսի նախաձեռնությամբ Ամանորյա ծախսեր իրականացնելու հնարավորություն չունեցող մարդկանց հնարավորություն են տալիս, որպեսզի նրանք իրենց ունեցած հանարավորությունների սահմաններում, բայց շատ ուրախ նշեն Ամանորը Հանրապետության հրապարակում:
Այդ հատվածում աշխատելու են սննդի օբյեկտներ, լինելու են նաև արագ սննդի կետեր: Մարդիկ կարող են օգտվել սննդի օբյեկտներից, համերգ լսել, թանգարաններ այցելել և այլն:
Ու գործը հասել է այնտեղ, որ վարչապետը, իր հիմնական խնդիրները թողած, զբաղվում է նաև Ամանորի համար նոր երգ գրելու հարցով:
Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ վարչապետի պատկերացումներում գեղագիտական հաճույք կարելի է ստանալ բրդուճ կամ հոթդոգ ուտելով: Հարցն առաջին հերթին այն է, որ էլի Փաշինյանը զբաղված է հարցերով, որոնց համար իրականում պարզապես պետք է որ ժամանակ էլ չունենար:
Ինչպես տեսնում ենք, վարչապետը Ամանորի միջոցառումների կազմակերպումը փորձում է ներկայացնել որպես «դարակազմիկ» միջոցառում:
Այնուամենայնիվ, պատահական չէ, որ քաղաքագետները այսպիսի նախաձեռնությունների տակ ժողովրդի ուշադրությունը հիմնական խնդիրներից շեղելու և պոպուլիզմի դրսևորումներ են տեսնում:
Քաղաքացիներին ավելի շատ հետաքրքրում է այն հարցը, թե ինչպիսին է լինելու հաջորդ տարվա տնտեսության «տրամադրությունը», իրենց սոցիալ-տնտեսական վիճակը բարելավվելո՞ւ է, թե՞ ոչ, ի՞նչ է լինելու գազի գնի հարցը, թանկացումների խնդիրը և այլն, այլ ոչ թե այն, թե ինչ երաժշտություն է հնչելու Ամանորին Հանրապետության հրապարակում:
Բացի այդ, եթե նման միջոցառում կազմակերպվում է Երևանի կենտրունում, ապա լավ կլիներ, որ մարզերի բնակիչներն էլ հնարավորություն ստանային բարձր մակարդակով Ամանորի տոները նշել իրենց քաղաքներում։
Սա արդեն որերորդ անգամ Փաշինյանի կառավարության կողմից արված ավելորդ, անիմաստ, տրամաբանության մեջ չտեղավորվող մեծածավալ ծախսն է:
Եթե կառավարությունն իրոք ցանկություն ունի սոցիալական խնդիր լուծել, ապա այնպիսի պայմաններ պիտի ստեղծի, որ մարդիկ կարողանան աշխատել ու իրենց վաստակած գումարներով Ամանորը նշել արժանապատիվ կերպով և ոչ թե մնան Հանրապետության հրապարակում բաժանվող բրդուճների հույսին:
Վարչապետը ցույցեր վարելու և զանգվածային միջոցառումներ կազմակերպելու վարպետ է, և թերևս շատ ծանր է տանում, որ վերջին շրջանում հնարավորություն չի ստացել այդպիսի միջոցառումների մասնակցել, ու նշված նախաձեռնության իրականացման հարցում որոշակի դերակատարություն ունի նաև այս հանգամանքը:
Բացի դրանից, մասնակցելով միջոցառումներին՝ վարչապետը կզգա, թե որքան մարդիկ են ականջալուր եղել իր կոչին ու կգնահատի, թե որքանով է պահպանվել իր վարկանիշը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։