Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տարեվերջյան ամփոփ դիտարկումներ արեց տնտեսական իրողությունների, կառավարության գործունեության և ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Նրա խոսքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 0.4 տոկոս է, ինչը ցույց է տալիս, որ տնտեսությունը ոչ բարվոք վիճակում է:
Սաֆարյանը նշեց, որ մոտ քսան տոկոսով դրական տեղաշարժ կա արտահանման ծավալներում. 1,4 միլիարդ դոլարի ապրանք է արտահանվել մեր երկրից, և մինչև տարեվերջ էլ կմեծանա այդ թիվը: Ըստ նրա` մյուս ոլորտների տնտեսական ցուցանիշները չեն գոհացնում: «Մենք այն կարծիքին ենք, որ Հայաստանը պետք է ունենա արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն, էկոնոմիկայի նախարարության անվանափոխությունն այն չէ, ինչ մենք սպասում էինք: 5.8 միլիարդ դոլարի սահմաններում է մեր արտաքին պարտքը»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ եթե այս տեմպերով շարունակվի, ամեն ինչ ավելի է վատանալու և վարկային կազմակերպությունները կդադարեն մեր երկրին վարկեր տրամադրել՝ պատճառաբանելով, որ վճարունակ չենք:
«Մենք պետք է կարողանանք ՀՆԱ-ն մեծացնել, ամեն տարի 7-8 տոկոսով պետք է ավելացնենք: Ներքին կոոպերացիոն խնդիրները պետք է լուծվեն: Այ, այդպիսի խնդիրներով կառավարությունը չի զբաղվում, ինչը լավ չէ: Ծանր վիճակում է հայտնվել սարքաշինությունը, մեքենաշինությունը: Առաջ այս ոլորտն ընդգրկում էր ՀՆԱ-ի առնվազն վաթսուն տոկոսը, իսկ այսօր գյուղատնտեսությունն է մեծ մասնաբաժին կազմում ՀՆԱ-ում»,- ասաց Սաֆարյանը:
Ըստ նրա` ավելի շատ պետք է զարկ տրվի արդյունաբերության զարգացմանը: «Մենք գտնում ենք, որ գունավոր մետալուրգիան պետք է զարգանա, քիմիական արդյունաբերությունը: Մենք պետք է կարողանանք պղնձաձուլարան կառուցել, և սրա համար պետք է կառավարությունը տենդեր հայտարարի: Սև մետալուրգիայի զարգացում պետք է լինի: Դրա նախադրյալները կան»,- ընդգծեց բանախոսը և հավելեց, որ կարելի է մետաղներ ստանալ, օրինակ՝ Զանգեզուրի տարածաշրջանում եղած` առնվազն մեկուկես միլիոն տոննա թափոնների վերամշակումից, Կապուտանի երկաթի հանքից, Հրազդանում գտնվող երկաթահանքից և այլն:
Սաֆարյանը ընդգծեց նաև, որ տրիկոտաժի արտադրության զարգացման ուղղությամբ ևս պետք է լուրջ քայլեր արվեն: «Յոթից տասը կազմակերպություն են արտադրում տրիկոտաժ, բայց փոքր ցուցանիշ է դա, և մենք պետք կարողանանք շուկաներ գտնել, հատկապես` Ռուսաստանում»,- նշեց նա:
Yerkir.am-ի հարցին, թե «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը քիմիական արդյունաբերության զարգացմանը որքանո՞վ կարող է նպաստել, Սաֆարյանը պատասխանեց. «Գիտեք, որ «Նաիրիտ»-ի մասով կառավարությունը տենդեր է հայտարարել և ցանկանում է իմանալ, թե ովքեր են ցանկանում, որ գործարանը վերագործարկվի: Ես կարծում եմ, որ այդ քայլը պետք է դրական գնահատվի, և եթե նման քայլ է արել կառավարությունը, դա նշանակում է, որ ծրագիրը կառավարության համար դիտվում է որպես դրական բան: «Նաիրիտ»-ը կարող է վերագործարկվել՝ իրանական գազի հումքի վրա աշխատելով: Այդ գործարանի վերագործարկմամբ կարող է ապահովվել 15-17 միլիոն դոլարի եկամուտ»:
Նա հավելեց, որ «Նաիրիտ»-ի վերագործարկումը կարող է նպաստել նաև Հայաստան-Չինաստան հարաբերությունների լավացմանը՝ այս համատեքստում: «Չինաստանի Շանսի նահանգում գործում է կաուչուկի արտադրության գործարան, որի հոսքագիծը Հայաստանից է տարվել, և քանի որ նրանց արտադրած կաուչուկը նրանց պահանջներին չի բավարարում, ես առաջարկել եմ, որ մտածեն, քննարկեն հարց՝ լրացուցիչ կաուչուկ Հայաստանից ստանալու համար: Գործարանի վերագործարկմամբ կարող ենք մի տասը հազար տոննա կաուչուկ Չինաստան արտահանել, իսկ դա կարևոր ուղղություն է նաև այն առումով, որ դրանից հետո ավելի իրատեսական կդառնա Հայաստան-Իրան երկաթգծում Չինաստանի մասնակցության հարցը: Կաուչուկը կարող է երկաթգծով տեղափոխվել Չինաստան»,- եզրափակեց Սաֆարյանը: