Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստան ասելիս ամբողջ աշխարհում պատկերացնում են հնագույն պատմություն, հազարամյակների հնագիտական և մշակութային հուշարձաններ, դարերով անցած և բազմաթիվ նվաճողների ու թշնամիների հարվածների տակ չընկրկած մշակույթ: Սակայն քչերին է հայտնի, որ մի քանի տասնամյակ առաջ այս երկիրը արտերկրային քաղաքակրթությունների հետազոտման կենտրոն էր: Հենց Հայաստանում էր տիեզերքի ուսումնասիրության առաջատար հարթակը՝ Բյուրականի աստղադիտարանը. ըստ Yerkir.am-ի՝ Armmuseum.ru կայքում գրում է պատմական գիտությունների թեկնածու, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս, լրագրող Անտոն Եվստրատովը:
Աստղադիտարանը հիմնվել է 1946-ին, գտնվում է ծովի մակերևույթից 1490 մ բարձր, ինչը հնարավորություն էր տալիս գիտնականներին դիտարկելու աստղազարդ երկինքն այն ժամանակվա համար լավագույն պայմաններում:
Աստղադիտարանի հիմնման նախաձեռնությունը հայ և խորհրդային ականավոր աստղաֆիզիկոս, աշխարհում տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանինն է: Նա է ստեղծել պղտոր միջավայրում լույսի բեկման տեսությունը, որը լայնորեն կիրառվում է նաև ներկայումս: Նա է հայտնաբերել ու ուսումնասիրել աստղասփյուռները: Համբարձումյանը զբաղվում էր նաև արտագալակտիկական աստղագիտությամբ և երիտասարդ աստղերի ֆիզիկայով: Նա նաև մաթեմատիկայի բնագավառում հայտնագործություններ ունի:
Երրորդ Ռայխի սարքավորումները
Վիկտոր Համբարձումյանը դարձել է Բյուրականի աստղադիտարանի առաջին տնօրենը և այդ պաշտոնում ծառայել մինչև 1988 թվականը: Բյուրականում էլ մահացել է, այնտեղ էլ՝ հուղարկավորվել, և 1998-ին աստղադիտարանը կոչվել է Վիկտոր Համբարձումյանի անունով:
Ի սկզբանե Բյուրականի աստղադիտարանը հագեցած էր ժամանակի նորագույն սարքավորումներով, օրինակ՝ Շմիդտի խցիկը, որը պատրաստվել էր 1944-ին նացիստական Գերմանիայում, և որն Ադոլֆ Հիտլերը նվիրել էր Բենիտո Մուսոլինիին՝ իտալական աստղադիտարաններից մեկի համար: Իսկ 1950-ից աստղադիտարանի տարածքում սկսեցին ռադիոհեռադիտակներ արտադրել: Այդ ամենը զգալի արդյունքների հանգեցրեց: Հենց Բյուրականում Համբարձումյանը հայտնաբերեց իր հանրահայտ աստղասփյուռները: Հենց այստեղ մեկ այլ հայ աստղագետ՝ Վենիամին Մարկարովը, տվեց առաջին և երկրորդ բյուրականյան ամփոփ ակնարկները, որոնք դարձան ակադեմիական, և այդ տվյալներից մինչ օրս օգտվում են աշխարհի բոլոր մասնագետները:
Արտագալակտիկական հետազոտությունների կենտրոն
1960-1970 թվականներին Բյուրականը դարձավ իսկական «արտագալակտիկական մայրաքաղաք»: Աստղադիտարանում Միջազգային աստղագիտական միությունը 4 գիտաժողով անցկացրեց, իսկ 1971-ի գիտաժողովը՝ աշխարհում առաջինը, նվիրված էր արտերկրային քաղաքակրթություններին:
Ի դեպ, յուրահատուկ են նաև աստղադիտարանի ճարտարապետությունը, բուսաբանական այգին՝ եզակի ծառատեսակներով: Գաղափարը դարձյալ Վիկտոր Համբարձումյանինն է. արտասահմանյան այցերից յուրահատուկ տնկիներ էր բերում:
Աստղագիտության առաջնո՞րդ
Անցնելով անկախ Հայաստանի Հանրապետության իրավասության տակ՝ Բյուրականի աստղադիտարանը չի կորցրել իր նշանակությունը. 2015-ին դարձել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն: Բյուրականում են նախկին ԽՍՀՄ և Եվրոպայի տարածքի ամենահզոր ռադիոհեռադիտակները: Աստղադիտարանն ակտիվ է նաև գիտահանրամատչելի ոլորտում՝ երիտասարդների համար աստղագիտական ամառային դպրոցներ է կազմակերպում:
Համաշխարհային մակարդակին վերադառնալու ամենամեծ խնդիրը, անշուշտ, ֆինանսավորումն է: Ենթադրվում է, որ «հետհեղափոխական» Հայաստանի կառավարությունն իր առաջնահերթությունը կհամարի նաև գիտության զարգացումը և չի անտեսի Բյուրականի աստղադիտարանը, որը հնարավորություն ունի կրկին դառնալու համաշխարհային աստղագիտության առաջնորդը: