Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մրցունակ և արդյունավետ հետազոտությունների համար ՀՀ ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը ժամանակակից սարքավորումների անհրաժեշտություն ունի: Մասնավորապես խիստ անհրաժեշտ է համարվում իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանքի և ռենտգենյան դիֆրակտոմետրի ձեռքբերումը: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից:
ՀՀ ԳԱԱ «Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ» ՊՈԱԿ-ը ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից 2020 թ. անցկացված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու» մրցույթի շահառու է ճանաչվել և պետք է ձեռք բերի վերոնշյալ սարքավորումները:
Սակայն, ՀՀ օրենսդրությամբ սահմանված գնման ընթացակարգերով սարքավորումների ձեռքբերման ընթացքում առաջացել են անհաղթահարելի բարդություններ: Մասնավորապես, բանկային երաշխիք տրամադրելու ՀՀ օրենսդրության պահանջն ընդունելի չէ իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք արտադրող ընկերությունների համար, որոնք նաև նշված սարքավորման վաճառքն են իրականացնում: Այդ սարքը մատակարարման տեսքի բերելու համար մի քանի ամիս ժամանակ է անհրաժեշտ: Արտադրող օտարերկրյա կազմակերպությունները նպատակահարմար չեն գտնում այդ ընթացքում գումար ապահովադրել, ինչը պահանջում է ՀՀ պետական գնման ընթացակարգը:
Բացի դրանից` ռենտգենյան դիֆրակտոմետրի ձեռքբերման համար հայտարարված բաց մրցույթում հայտ է ներկայացրել ընդամենը մեկ մասնակից, որի գնային առաջարկը եղել է նախահաշվային արժեքից (55-60 մլն դրամ) 25%-ով բարձր (75 մլն դրամ):
Հաշվի առնելով վերը նշված սարքավորումների եզակի գիտական և գիտատեխնոլոգիական նշանակությունը` ՀՀ կառավարության՝ սեպտեմբերի 30-ին կայացած նիստում որոշվել է թույլատրել գնումներն իրականացնել ուղղակի օտարերկրյա արտադրողից և գնման գործընթացներում չկիրառել ՀՀ կառավարության որոշմամբ ամրագրված գնման ընթացակարգերի կարգավորումները: Գործադիրի որոշմամբ` գնման ընթացակարգերի կազմակերպումը կիրականացվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 928.2-րդ հոդվածով սահմանված «էսքրոու հաշվի պայմանագիր» կնքելու եղանակով՝ նկատի ունենալով, որ պատվիրատուի կողմից պայմանագրերի արժեքի 90 տոկոսի վճարումը կհաստատվի սարքավորումները պայմանագրերով սահմանված ժամկետներում մատակարարվելուց և ընդունվելուց հետո: 10 տոկոսն էլ կվճարվի երաշխիքային սպասարկման ժամկետների ավարտից հետո:
«Իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք» բազմաֆունկցիոնալ սարքային համալիրը հնարավորություն է տալիս ատոմական մակարդակում կառավարելի պրոցեսի միջոցով ստանալ ու հետազոտել նախանշված ֆիզիկական բնութագրերով և ժամանակակից նյութագիտության ամենաբարձր պահանջներին բավարարող նպատակային նանոկառուցվածքային համակարգեր: Դրանք կիրառվում են նյութագիտության մի շարք ուղղություններում, այդ թվում՝ նաև ռադարների համար անտեսանելի ծածկույթների ստացման և հետազոտման համար: Սարքային համալիրը տեղակայվելու է Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, որը պարտավորվել է իր կազմում բացել նոր լաբորատորիա՝ ապահովելով կայանքի տեղակայման, անխափան օգտագործման, գիտական հետազոտությունների և ուսումնական հետազոտությունների անցկացման և հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ պայմաններ: Սարքավորումների ձեռքբերման նպատակով կազմակերպված մրցույթի պայմանների համաձայն՝ դրանցից օգտվելու հնարավորություն ունենալու են այլ գիտական կազմակերպություններ ևս, որոնցից 9-ը (Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա, ԵՊՀ, ՀԱՊՀ, ՌԱՀ և այլն) մրցույթին հայտ ներկայացնելիս հանդես են եկել որպես շահագրգիռ կազմակերպություններ:
«Ռենտգենյան դիֆրակտոմետրը» հնարավորություն է տալիս կիրառել ռենտգենյան ճառագայթների դիֆրակցիոն անալիզի հզոր և ոչ դեստրուկտիվ մեթոդ՝ բյուրեղային նյութերի ֆազային նույնականացման և կառուցվածքի որոշման համար: Այդ մեթոդով հնարավոր է նաև բարձր ճշգրտությամբ գիտական տեղեկատվություն ստանալ բյուրեղացանցի բջջի չափսերի, կողմնորոշման, լարվածության և այլ կարևոր պարամետրերի վերաբերյալ: