կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 17:43
Աշխարհ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Մակրոնը «բռունցքներ է ցույց տվել» Թրամփին ու Էրդողանին

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Մակրոնը «բռունցքներ է ցույց տվել» Թրամփին ու Էրդողանին

ՆԱՏՕ-ում առկա պառակտումը լիովին դրսևորվեց  Լոնդոնում սկսված գագաթնաժողովում. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրեց Թուրքիային «Իսլամական պետություն» խմբավորման մարիոնետային ուժերի հետ համագործակցության մեջ, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մակրոնի քննադատական խոսքը ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» վերաբերյալ որակեց որպես վիրավորական և «շատ, շատ տհաճ»:

Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնաց վետո դնել Բալթյան երկրների պաշտպանության՝ ՆԱՏՕ-ի ծրագրի վրա, եթե ՆԱՏՕ-ի անդամները չհամաձայնեն իր գնահատականին, որ Սիրիայի քրդերը ահաբեկիչներ են. ըստ Yerkir.am-ի՝ գրում է The Guardian-ը:

ՆԱՏՕ-ի ապագա ծրագրերի վերաբերյալ մասշտաբային տարաձայնությունների տպավորությունը, ըստ թերթի, ստացվեց Թրամփի մասնակցությամբ մի շարք մամուլի ասուլիսների ընթացքում: Բորիս Ջոնսոնը, որը հյուրընկալել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը , Դաունինգ սթրիթում կազմակերպեց հանդիպում, որի նպատակը Սիրիայի հյուսիս-արևելքում ճգնաժամի վերաբերյալ ընդհանուր թուրք-եվրոպական մոտեցում մշակելն էր:

ՆԱՏՕ-ի «ուղեղի մահվան» վերաբերյալ Մակրոնի քննադատական արտահայտության հիմքում նրա վրդովմունքն էր, որ Թուրքիան հրաժարվում է լսել դաշինքի մյուս անդամների տեսակետը Սիրիա ներխուժելու վերաբերյալ: Թուրքիան խորհրդակցել էր միայն Թրամփի հետ, որը «կանաչ լույս» էր վառել  նրա առջև:

Դեկտեմբերի 3-ին Մակրոնը մի քանի անգամ զգուշացրել է, որ ԻՊ-ը վերադառնում է Սիրիա՝ շնորհիվ Թուրքիայի ներխուժման, քանի որ դա թուլացրել է քրդական՝ Սիրիայի ժողովրդավարական ուժերին, այդ թվում՝ ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին, որոնք հիմնական հենարանն էին ԻՊ-ի դեմ պայքարում: Նա նույնիսկ մեղադրեց Թուրքիային ԻՊ-ի մարիոնետային ուժերի հետ համագործակցության մեջ:

«Ցավում եմ, որ մենք չունենք ահաբեկչության միասնական սահմանում: Երբ նայում եմ Թուրքիային՝ հիմա նրանք պայքարում են նրանց դեմ, ովքեր մեզ հետ՝ ուս ուսի, պայքարում էին ԻՊ-ի դեմ: Ես հասկանում եմ, որ նրանք ցանկանում են արգելափակել այս գագաթնաժողովի բոլոր հայտարարությունները, եթե մենք չհամաձայնենք ահաբեկչության՝ նրանց սահմանման հետ: Բայց մենք համաձայն չենք այդ սահմանմանը»,- հայտարարել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նաև հարցրել է՝ ինչպե՞ս կարող է Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, ռուսաստանյան Ս-400-ներ գնել, քանի որ ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան անպաշտպան կլինի ռուսական ռազմական հետախուզության առջև:

 Ի դեպ, ըստ Մակրոնի, Թուրքիային արվել էր նաև ՀՕՊ եվրոպական համալիրներ գնելու առաջարկ, սակայն նա հրաժարվել է ու խախտել դաշինքի պահանջները: Ի պատասխան Թրամփը հարցրել է ՝ Մակրոնը պատրա՞ստ է ընդունել ԱՄՆ-ի կողմից Սիրիայում և Իրաքում ձերբակալված օտարերկրյա ահաբեկիչների: «Հիմա Սիրիայում՝ ճաղերի հետևում, գրոհայինների հսկայական  բազմություն կա, հիմնականում Եվրոպայից են: Չէի՞ք ցանկանա վերցնել ԻՊ-ի մի քանի հաճելի գրոհայինների: Ես կարող եմ նրանց ձեզ ուղարկել: Դուք նույնիսկ կարող եք բոլորին վերցնել, եթե ցանկանաք»,- ասել է Թրամփը:

Իսկ երբ Մակրոնն ընդհանուր արտահայտություններով խոսել է ԻՊ-ի ահաբեկիչների ապագայի մասին, նետել է. «Ահա, թե ինչու է հիանալի քաղաքական գործիչ: Դա ամենափայլուն «չպատասխաններից» էր, որ երբևէ լսել էի»:

Այն պահից, երբ հոկտեմբերին թուրքական զոքերը ներխուժեցին Սիրիայի հյուսիս-արևելք, Մակրոնը պնդում էր, որ դա աղետալի հետքայլ է կարևորագույն առաջնահերթությունից՝ ԻՊ-ի ոչնչացման խնդրից: Նա նաև չափազանց դժգոհ էր ԱՄՆ-ի՝ զորքերը Սիրիայից դուրս բերելու որոշումից:

Ի պաշտպանություն Սիրիայի քրդերի՝ Մակրոնը Փարիզում ընդունել էր քրդական ինքնապաշտպանկան ջոկատների առաջնորդներին:

Թեև Թրամփը հաճախ դրական է արտահայտվում Էրդողանի մասին, սակայն նրա թիմից շատերն ավելի քննադատաբար են տրամադրված: Reuters-ին տված հարցազրույցում Պենտագոնի ղեկավար Մարկ Էսփերը համաձայնել է Մակրոնի հետ, որ ՆԱՏՕ-ն չի կարող Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ջոկատները ահաբեկչական ճանաչել: