Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԿԳՄՍՆ-ից Yerkir.am-ի հարցմանն ի պատասխան՝ ներկայացրել են նախարար Արայիկ Հարությունյանի գործուղումների մասին ողջ տեղեկատվությունը՝ պաշտոնավարումից մինչ 2020 թ. մարտի 10-ը ընկած ժամանակահատվածում: Հիշեցնենք՝ Ա. Հարությունյանը պաշտոնավարել է 2018 թ. մայիսի 11-ից՝ որպես ՀՀ կրթության և գիտության նախարար, իսկ 2019 թ. հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար:
Փաստենք, որ տեղեկանքը չի արտացոլում գործուղման ողջ պատկերը։ Այսպես, ստացված տեղեկատվության համաձայն՝ նախարարը գործուղումներն սկսել է պաշտոնավարումից (2018 թ. մայիսի 11-ից) շուրջ մեկ ամիս անց՝ հունիսի 15-ից (մեկնել է Փարիզ): Այնինչ, մինչ այդ Ա. Հարությունյանը 2018 թվականի մայիսի 30-31-ը պաշտոնական այցով Վրաստան է գործուղվել ՀՀ կառավարական պատվիրակության հետ, և կա դրա համար վարչապետի համապատասխան որոշումը։ Տեղեկանքում չի արտացոլված նաև Ա. Հարությունյանի՝ Արցախ կատարած գործուղումների մասին տեղեկատվությունը։
Ըստ տեղեկանքի՝ շուրջ 22 ամիսների ընթացքում Ա. Հարությունյանն ունեցել է գործուղումների 21 ուղղություններ. դեպի Փարիզ ունեցել է 5 գործուղում, Բրյուսել՝ 3, Վրաստան՝ 3, ՌԴ՝ 3, Գերմանիա՝ 2, մեկական անգամ գործուղվել է ԱՄՆ, Իսրայել, Չինաստան, Բելոռուս, Մեծ Բրիտանիա:
2019 թ. փետրվարի 19-20-ը Վրաստան կատարած այցի նպատակ դաշտում նշված է Վրաստանի խորհրդարանի գրադարանում կայացած՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառմանը, ինչպես նաև Ջավախքի Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում ԱրՄաթ ինժեներական լաբորատորիայի բացման արարողությանը մասնակցելը: Հայտնի է, որ Վրաստանի իշխանությունների կողմից չափազանց վատ ընդունելության կամ ընդունելության գրեթե բացակայության պատճառով Ա. Հարությունյանը այլևս չի այցելել Ջավախք և Թբիլիսիից անմիջապես հետ է վերադարձել Երևան:
Ըստ տեղեկանքի՝ Ա. Հարությունյանի և նրան ուղեկցած անձանց բոլոր գործուղումների համար, ներառյալ ավիատոմսերի, գիշերավարձի և օրապահիկի համար արված հատկացումները, պետական բյուջեից վճարվել է մոտ 8 մլն ՀՀ դրամ (7.896.646,00 ՀՀ դրամ):
Ուսումնասիրելով գործուղումների նպատակների դաշտը՝ կարող ենք փաստել, որ Ա. Հարությունյանի գործուղումները հիմնականում արարողակարգային բնույթի են, որոնք ՀՀ կրթական, գիտական, մշակութային կամ սպորտային ոլորտներին որևէ կոնկրետ շոշափելի բան չեն տվել։ Ավելին, գործուղումների շոշափելի մասի նպատակն է եղել սփյուռքյան շրջանակներում տեղի ունեցած այս կամ այն միջոցառմանը մասնակցելը (հոբելյաններ, սփյուռքյան համագումարներ ևն), ինչը, կարծում ենք, ավելի շատ համապատասխան գերատեսչության պատասխանատուի (ՀՀ սփյուռքի նախարարի, այժմ՝ ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի) պարտականությունն էր։
Ի դեպ, շատ կուզենայինք իմանալ, թե, օրինակ, ի՞նչ նպատակով է ՀՀ կրթության և գիտության նախարարը 2018 թվականի հուլիսի 11-13-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղվել և մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, երբ հայտնի է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը չի ունեցել կրթական բաղադրիչ։ Կամ՝ ի՞նչ տրամաբանությամբ է վարչապետը նրան ընդգրկել ՀՀ կառավարական պատվիրակության կազմում, ո՞րն է եղել Արայիկ Հարությունյանի սեփական կրթական օրակարգը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Պարզորոշ է՝ գործ ունենք հերթական տուրիստական այցի հետ։
Վ. Սարգսյան
Տե՛ս նաև Ամիսը 2 գործուղում, 29 քաղաք և $ 387.000. ԱԺ նախագահի պատվիրակությունների շրջագայությունները։