Նոյեմբերի 20-ին Լիսաբոնում Աֆղանստանին նվիրված պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով ՆԱՏՕ-ի խորհրդի հանդիպումը մասնակցել են նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Բարձր մակարդակի հանդիպմանը ելույթ են ունեցել ԱՄՆ, Պորտուգալիայի, Աֆղանստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Իտալիայի, Աֆղանստանում միջազգային անվտանգության ուժերին մասնակցող այլ պետությունների ղեկավարներ, ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահը:
Գագաթնաժողովին ելույթ է ունեցել նաև արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Աֆղանստանի իրավիճակը բազմաթիվ պետությունների մտահոգությունն է հարուցում, իր ելույթում ասել է նա, և ավելացրել, որ հենց այդ մտայնությամբ է Հայաստանը միացել Աֆղանստանում Անվտանգությանը աջակցող միջազգային ուժերին և արտահայտել է իր պատրաստակամությունը ավելացնել իր մասնակցությունը:
Էդվարդ Նալբանդյանի բնորոշմամբ՝ ռազմական և ֆինանսական աջակցությունը Աֆղանստանին կարևոր է, սակայն առավել կարևոր է վերականգնել Աֆղանստանի ժողովրդի վստահությունը կայուն, ապահով և բարգավաճ ապագա կառուցելու իր կարողության հանդեպ: Այս առումով նախարար Նալբանդյանը Հայաստանի աջակցությունն է հայտնել միջազգային հանրության կողմից նախատեսվող քայլերին, որոնք թույլ կտան անցում կատարել ռազմական չափումից` երկարատև աջակցության ծրագրերին, քաղաքական, տնտեսական և հումանիտար փոխգործակցության ակտիվացմանը: