կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-26 19:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կնոջը տանում են դեպի ստրկություն՝ նրա ազատագրման մասին խոսելով․ Մհեր Նավոյան

Մեր երիտասարդները, խոսելով կնոջ դերի բարձրացման, կնոջ իրավունքների և այլնի մասին, գուցե չհասկանալով՝ գնացել են այն ճանապարհով, որը, ճիշտ հակառակը, նրան տանում է դեպի հանրության ստրկություն․ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Ժողովրդական երաժշտության բաժնի ղեկավար, «Գեղարդ» երգեցիկ խմբի գեղարվեստական ղեկավար Մհեր Նավոյանը։

Մետրոյի կայարանի՝ «սատանիզմ» որակված ներկայացումը նա ստույգ բնորոշեց իբրև «ֆուտուրիզմ», որի գաղափական հիմքը անցյալը ուղղակիորեն մերժելն է և ավերի պաշտամունքը։

«Նույնիսկ «հեղափոխություն» մեղմ է սրան ասելը․ ավիրելու կուլտ և ապագայի պաշտամունք։ Այստեղից էլ բառը՝ ֆուտուրիստական, որի պարագայում որևէ մեքենա, որպես արվեստի գործ, կարող էր գերադասվել Միքելանջելոյի Դավիթին»,-ասաց նա։

Մոսկվայում դեռ պահպանվել են 30-ականներին նախագծված բնակելի շենքեր, որտեղ պիտի ապրեին բանվորական ընտանիքներ․ «Կզարմանաք, եթե մտնեք այդ շենքեր․ դրանք հսկա կազարմաներ են։ Այսինքն, առանձնացված բնակարանի հասկացություն չկար, հանրույթը պետք է ապրեր միասին։ Ընտանիքը դա բաց մոդել էր ամբողջ հանրության առջև և այստեղից, ուշադիր, կինը հայտարարվում էր հանրության սեփականություն»։

Սա առաջինը հարվածում էր հենց ընտանիքին՝ ընդգծեց Մհեր Նավոյանը, բոլշևիկյան տեսաբաններն էին նշված գաղափարներն այդքան զարգացրել և կնոջ ազատագրման լոզունգներով այս հանգրվանին հասցրել։

«Տեսեք՝ զուգահեռներ կան այստեղ․ ընտանիքը հայտարարվեց ոչ թե մի ինքնուրույն օղակ հասարակության մեջ, այլ «միավոր»։ Այսօրվա կոնվենցիաներում էլ հիմա շրջանառվում է, չէ՞, «ընտանեկան միավորը»։ Եվ այդ «միավորը» դարձավ պայմանական մի բան հասարակության մեջ»,-նշեց նա։

Այս օրերի մեր իրականության մեջ Արևմուտքից եկող՝ լիբերալ գաղափարների աբսոլյուտիզացիան բնական հարազատություն է ցուցաբերում բոլշևիզմի հետ, ասաց նա, իր նիհիլիստական ծայրահեղականությամբ՝ նիցշեականության հետ։  

«Մեկը եղա՞վ այդ աղջիկներին հարցնի, թե՝ ա՛յ օրիորդ, ախր այդ «ֆուտուրիզմ» որ ասում ես, սա՛ է այդ ֆուտուրիզմը։ Ահա՛ ֆուտուրիզմի մեջ կնոջ իդեալը։ Սրա՞ն ենք ուզում գնալ։ Այսինքն, մի կողմից թվում է, թե կնոջ ազատագրման կամ սեռերի հավասարեցման մասին ենք խոսում, բայց ինքներդ, հարգելի երիտասարդներ, կնոջ գաղափարը տանում եք այն հիմքին, որտեղ նա հայտարարվում է հանրության սեփականություն»,-բացատրեց Մհեր Նավոյանը։

Այս լիբերալ բոլշևիզմի դրսևորումները նա համարեց գաղափարական վտանգ։  

Մհեր Նավոյանը, եվրոպական իրականության հետ զուգահեռ տանելով, հիմնավորեց նաև, թե ինչու է ինքը ազգային պետության կողմնակից։

Մեծ կոմպոզիտոր Բրամսն ասում էր՝ իմ կյանքում երկու մեծ իրադարձություն է եղել՝ Բախի երկերի լիակատար ժողովածուի հրատարակությունը և գերմանական հողերի միավորումը․ «Գերմանական լիակատար պետականության ձևավորումը և դրա մշակութային համարժեքի համակցումը Բրամսի համար օրգանական են»,-ասաց նա։

Մեր տարածաշրջանի տրամաբանությունը, Նավոյանի համոզմամբ, թելադրում է ազգային պետականության անհրաժեշտություն, որովհետև դրանով ոչ թե գաղափարական խնդիր է դրվում, այլ ֆիզիկական գոյապահպանության։

«Այդ ֆիզիկական գոյապահպանության հարցը  իր մշակութային, գաղափարական ետնախորքի վրա մեզնից պահանջում է ինքնութենական հարցերում լինել խիստ հստակ, խիստ կոնկրետացված, այստեղ լղոզվածքը հանգեցնելու է ֆիզիկական վտանգի։ Հիմա մենք ինչպե՞ս այս բոլորը զեղչենք, դնենք մի կողմ և որպես, ասենք Շվեյցարիայի քաղաքացի հանգիստ քննարկենք՝ դե գիտեք ինչ, եկեք ինքնությունն էլ տարրալուծենք, ազգային պետականությունը թող չլինի ազգային, լինի մի քիչ ուրիշ բան։ Չենք կարող»։

Նա հիմնավորեց, թե ինչու է ինքնութենական հարցերի որոշարկվածությունը և ազգային պետականության գաղափարը միակ և այլընտրանք չունեցող ճանապարհը մեզ համար։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացների արդյունքում Եվրոպայում սահմանները հստակեցվեցին և դրանք, իհարկե, կարող են լինել նաև անխախտ։ Մինչդեռ մեր տարածաշրջանում սահմանները գծվել են կամայական․ «Ասենք, ստալինյան կամայականությամբ։ Հիմա, այս իրականության մեջ սահմանները կարո՞ղ են անխախտ լինել։ Այսինքն, մենք հայտարարում ենք, որ Ստալինի կամքն անխա՞խտ է։ Իհարկե, ոչ»։

Ընդհանրացում անելով՝ Մհեր Նավոյանը եզրակացրեց․ «Այն պետական մոդելները, որ Եվրոպայում ձևավորվել են պատմական բնական պրոցեսների կամ ոչ բնական պրոցեսների հետևանքով, անցել են քաղաքական հիմնավորում, աշխարհաքաղաքական կաղապարում և այլն, չեն կարող վերցվել և ավտոմատ տեղայնացվել մի իրականության մեջ, որը բոլորովին ուրիշ պատմական ընթացք է ունեցել»։  

Աննա Բալյան

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․