կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-28 15:00
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱԻՆ-ի որ վայրերում են եղել ադրբեջանցի լրագրողները

Ադրբեջանցի լրագրողներն ԱԻՆ գնացել են ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ: Նրանց ԱԻՆ-ում չեն ծանոթացրել ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատանքներին. Yerkir.am-ի հետ զրույցում նշեց ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Մկրտչյանը:

Նրա խոսքով` 911 սենյակում ադրբեջանցի լրագրողներն առավելագույնը 1 րոպե են մնացել, այն էլ` մուտքի մոտ կանգնած, և հեռացել են առանց հարցերի ու մեկնաբանությունների: «Հյուրերը չեն եղել այլ ստորաբաժանումներում, ինչպես նաև պահեստային կառավարման կետում: Պահեստային կառավարման կետը չի գտնվում այս շենքում, և տեղեկատվությունը, թե որտեղ է գտնվում, հրապարակման ենթակա չէ»,-հավելեց ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

Արսեն Մկրտչյանը մատնանշեց, որ ԱԻՆ փրկարար ծառայության աշխատանքներին ծանոթանալու համար Հայաստանի տարբեր դպրոցներից շատ են գալիս: «Այստեղի աշխատանքներին ծանոթանալուց հետո շատ երեխաների և ուսանողների մոտ  ցանկություն է առաջանում աշխատելու Փրկարար ծառայությունում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-21-ը տեղի էր ունեցել հայ և ադրբեջանցի լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ: Ադրբեջանցի լրագրողները Հայաստան այցի ժամանակ հյուրընկալվել էին նաև ԱԻՆ-ում:

 

Նարա Մարտիրոսյան