կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-26 23:44
Արցախ

«Հայաստանը Արցախի կողքին է, ոչ թե Արցախի փոխարեն»․ Վիտալի Բալասանյան

«Հայաստանը Արցախի կողքին է, ոչ թե Արցախի փոխարեն»․ Վիտալի Բալասանյան

Արցախի եւ Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը եւ հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնան, ոչ թե հանդես գան որպես նրանց միջեւ բանակցությունների վերջնակետ։ Փախստականների, տարածքների եւ սահմանների ճշգրտման հարցերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքներով, որոնցում պայմանավորվածության հիմնական կողմերը կլինեն Արցախն ու Ադրբեջանը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, LIVEnews.am-ի հետ զրույցում ասել է Արցախի ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Հայաստանում հայտարարությանը, թե Արցախում որոշ ուժեր դավադրաբար փորձում են պատերազմ հրահրել, հողեր հանձնել եւ այդ մեղքը գցել Հայաստանի կառավարության վրա, Վիտալի Բալասանյանն ասել է, որ այդ պարագայում իր արձագանքը չէր կարող հուզական  չլինել․

«Ազնիվ լինենք․ մեր պարագայում կան հարցեր, որոնց դեպքում առանց էմոցիաների անհնար է, օրինակ՝ Արցախի հարցը։ Արցախի մարտական գեներալը, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պետք է պատասխանի նման հայտարարությանը։ Կարող է լռել, հակադրվել, կամ էլ համաձայնել այդ մտքի հետ։ Բոլոր պարագաներում այն պետք է փաստարկվի՝ ինչո՞ւ լռեց, հակադրվեց կամ համաձայնեց։ Այս դեպքում ես հակադրվել եմ, որովհետեւ փաստեր ունեի, որ Արցախում որեւէ նման ուժ չկա, ոմանք՝ լռել են, ոմանք՝ համաձայնել։ Ժամանակը ցույց կտա՝ ո՞վ էր ճիշտ։ Ընդ որում, ձեզ տված հարցազրույցում մի քանի նման դրվագներ եւս կան եւ դրանցից եզրակացություն անել, թե առկա հակադրությունը ոչ թե տեսակետների, այլ երկու անձանց միջեւ է՝ իրականության հետ որեւէ աղերս չունի։ Ասացեք խնդրեմ, այսքանից հետո ինչպե՞ս չլինել էմոցիոնալ, երբ լսում ես արտահայտություններ, որոնք պառակտող են, քայքայիչ, պարտության տանող։ Հիշենք մի կարեւոր հանգամանք, մենք ունենք Արցախյան հիմնախնդիր, որի հակամարտող կողմերը, ուշադի՛ր, Արցախն ու Ադրբեջանն են, Հայաստանը արցախյան կողմի անվտանգության երաշխավորն է»։

Վիտալի Բալասանյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ հնարավոր են որոշ անհամաձայնություններ տարբեր հարցերի վերաբերյալ, սակայն դա որակել որպես թշնամանք, ըստ Բալասանյանի՝ չափազանցություն է․

«Այստեղ կա եւս մի նրբություն, եթե մենք հայտարարում ենք, որ Արցախն ու Հայաստանը նույնակարծիք են հարյուր տոկոսով՝ հարց է առաջանում, էլ ինչո՞ւ ենք ամեն կերպ փորձում Արցախը վերադարձնել բանակցությունների սեղանի մոտ: Այստեղ շատ տեղին է հիշատակել անչափ կարեւոր մի գաղափար՝ Հայաստանը Արցախի կողքին է, ոչ թե Արցախի փոխարեն»։

Խոսելով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարության մասին, թե Արցախյան հիմնախնդիրը պետք է ստանա այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի բոլոր երեք կողմերի՝ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, Բալասանյանը նշել է․

«Եթե հնարավոր լիներ գտնել նման լուծում, ի սեր Աստծո, որեւէ մեկը չէր հանդգնի հակադրվել դրան, բայց անդրադառնանք խնդրին հետեւյալ տեսանկյունից. 1994թ. մայիսին Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ ստորագրված զինադադարից հետո հիմնախնդրի կարգավորումն այդպես էլ առաջընթաց չունեցավ։ Երեք կողմերի քաղաքական վերնախավերը չկարողացան մշակել հակամարտության կարգավորման փոխշահավետ նախագծեր, նրանց հասարակությունները չկարողացան իրենց միջավայրում վերարտադրել հաշտեցման անհրաժեշտ տարրեր, իսկ միջազգային միջնորդներին չհաջողվեց հակամարտության կողմերի դիրքորոշումները հանգեցնել խաղաղ պայմանագրի ստորագրման։ Այս հակամարտությունը դեռեւս շարունակվում է, կարելի է ասել, որ այն գոյություն ունի  առանձին կյանքով՝ մեր տարածաշրջանում դառնալով աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական ծրագրերի մաս»։

Հարցին՝ արդյոք կարելի՞ է իր խոսքից եզրակացնել, որ փոխզիջումային լուծում ասվածը, որը ենթադրում է ինքնորոշման իրավունքի ճանաչում՝ տարածքների դիմաց, անընդունելի է, Բալասանյանը պատասխանել է․

«Արցախյան հիմնախնդրի լուծման խոչընդոտներից մեկը համարվում է այն սխալ պատկերացումը, թե Արցախի կողմից այսպես կոչված (ըստ միջազգային հանրության) «վերահսկվող» բոլոր տարածքների կամ նրանց մի մասի զիջումը կարգավորման գործընթացը կարող է մոտեցնել դրական արդյունքի։ Իրականում, թեկուզ մեկ շրջանի զիջումը չի մեղմացնի, առավելեւս՝ չի բացառի Արցախը զավթելու Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական ջանքերը, այլ  ընդհակառակը, նման զիջումը Ադրբեջանի համար նոր՝ ավելի կոշտ ու ուժային դիրքերից հանդես գալու խթան կհանդիսանա՝ մեծացնելով Ադրբեջանի «ախորժակը»»։

Վիտալի Բալասանյանը ներկայացրել է Արցախյան հիմնախնդրի կարգավորման իր տեսակետը․

«Ընդհանուր առմամբ հակամարտության կարգավորման հարցի շուրջ իմ մոտեցումը հետեւյալն է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները առաջին հերթին պետք է լուծեն հակամարտության պատճառներին առնչվող խնդիրները (Արցախի քաղաքական կարգավիճակը եւ նրա անվտանգությունը) եւ հետո միայն այն հարցերը, որոնք կապված են հակամարտության հետեւանքների հետ (վերահսկվող տարածքներ, փախստականներ, հաղորդակցման ուղիների վերականգնում եւ այլն)։ Արցախի եւ Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը եւ հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնան, ոչ թե համարվեն նրանց միջեւ բանակցությունների վերջնակետ։ Փախստականների, տարածքների եւ սահմանների ճշգրտման հարցերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքներով, որոնցում պայմանավորվածության հիմնական կողմերը կլինեն Արցախն ու Ադրբեջանը։ Այդ ամենը պետք է ներդաշնակվի խաղաղ գործընթացին»։