կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-28 13:35
Արցախ

Որևէ մեկին թույլ չի տրվելու բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ. Վիտալի Բալասանյան

Որևէ մեկին թույլ չի տրվելու բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ. Վիտալի Բալասանյան

1994-ի թվականի մայիսի 12-ին կնքեցինք ժամանակավոր հրադադարի պայմանագիր, որը չունեցավ այն ստատուսը, որը կբերեր խաղաղության. այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Հարցին՝ հաշվի առնելով Փաշինյան-Ալիև հանդիպումները, ռուս քաղաքագետների վերլուծությունները, ըստ որոնց՝ «շրջաններ են հանձնվելու ամռանը», արդյոք չկա՞ն մտահոգություններ, Բալասանյանը պատասխանեց. «Նրանք, ովքեր խոսում են տարածքային ամբողջականության մասին, խոսքը Ալիևի մասին է, այդ երկրները, այդ մարդիկ թող մի հատ էքսկուրս անեն և տեսնեն, թե քաղաքական քարտեզի վրա Ադրբեջանը երբ է հայտնվել, ինչ տարածքի վրա, ինչ սահմաններով, ինչ իրավական փաստաթղթերով, կամ որ երկրի, որ միջազգային կառույցների կողմից է ճանաչվել, հետո նոր թող խոսեն տարածքային ամբողջականության մասին: Եթե Խորհրդային միությունը նորից վերադառնա իր սահմաններին, չի բացառվում, որ ԽՍՀՄ տարածքային ամբողջականությունը որևէ երկիր չճանաչի: Եթե ԽՍՀՄ-ը կվերականգնվի, այն ժամանակ աշխարհը կորոշի, մենք էլ կմտածենք: Տարածքային ամբողջականության մասին խոսելը աբսուրդ, ծիծաղելի բան է, բոլոր այն պետությունները, որոնք այսօր հայտնվել են քաղաքական քարտեզի վրա՝ իրենց պետական սահմաններով, դրանք բոլորը պատերազմի արդյունքում են»:

Հարցին՝ Ձեզ բավարարո՞ւմ են Արցախի հարցով հայտարարությունները, կամ ի՞նչ են տալիս ՀՀ-ի և Ադրբեջանի  ղեկավարների հանդիպումները, նա արձագանքեց, որ չի համարում, թե բանակցություններ են ընթանում:

«Կարող է ՀՀ վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ տարբեր հարցեր է քննարկում, ես առաջնորդվում եմ պաշտոնական տեղեկատվությամբ, ես ինձ իրավունք չեմ վերապահում իմանալու, թե վերելակում կամ Դավոսում ինչի մասին են խոսել: Իսկ այն, որ Ղարաբաղի հարցն են քննարկում, ասեմ՝ Արցախի Հանրապետությունն ունի տարածք, որն ամրագրված է Սահմանադրության մեջ, և այնտեղ ապրում է բնակչություն, և Արցախի Հանրապետությունը համայն հայության սեփականությունն է, որովհետև բոլորն էլ այնտեղ քրտինք են թափել: Արցախի հարցը լուծվելու է համայն հայության և մեր ժողովրդի ուժերով, և որևէ մեկն իրավունք չունի, անկախ նրանից, թե ով է ասողը, բանակցողը՝ սկսած ինձանից մինչև վերջին մարդը, բանակցել, խոսել, կարող են միջնորդել, երաշխավորել, երաշխավորել Արցախի անվտանգությունը, բայց բանակցել ոչ հայանպաստ հարցերի շուրջ որևէ մեկին թույլ չի տրվելու»,- ընդգծեց Բալասանյանը՝ հավելելով, որ հնարավոր է այսօր Արցախի վերադարձը բանակցային գործընթաց:

Ըստ նրա՝ երբ Արցախը դուրս մղվեց բանակցություններից, բոլորովին այլ իրավիճակ էր, այսօր՝ այլ: «Հիմա ժամանակները փոխվել են, աշխարհաքաղաքականությունն է փոխվել, աշխարհի առաջին դեմքերն ուրիշ մտածելակերպ ունեն, աշխարհը փոխվում է»,- ասաց Բալասանյանը:

Անդրադառնալով Լևոն Մնացականյանի՝ Արցախի ՊԲ հրամանատարի պաշտոնից ազատմանը և բանակում կադրային փոփոխություններին` նա նշեց, որ մտահոգվելու բան չկա: «Բանակում, ինչպես մնացած կառույցներում, տեղի են ունենում փոփոխություններ: Մտածելու ոչինչ չկա»,- շեշտեց Վիտալի Բալասանյանը: