Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում բանակն անխնա թալանելու մասին հարցին ի պատասխան, երբ հիշեցվեց Մանվելի Գրիգորյանի «տուշոնկայի» գործը, Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը լրագրողներին հորդորեց օդում կախված լուրերին չհավատալ:
«Եկեք այդ խոսակցություններին չհավատանք, թե բանակն անխնա թալանել են, թե բանակում կոռուպցիա կա, դրա համար կան համապատասխան ուժային և իրավապահ կառույցներ, կա և' վերահսկողության ծառայություն, և' ԱԱԾ, և' դատախազություն, այնպես որ՝ եկեք օդում պտտվող լուրերին չհավատանք: Նրանք, ովքեր խոսում են, կամ նա, ով երեկ խոսեց, հուրախություն իրենց՝ այսօր պաշտոններ են զբաղեցնում, թող համապատասխան որոշումներ կայացնեն: Չի կարելի մարդկանց վրա... Մանվել Գրիգորյանը թալանել է կամ մեկ ուրիշը... Դատարանի որոշում կա՞, վճիռ կ՞ա, որ իմանանք, թե ովքեր են թալանել, կամ քանի՞ քրեական գործ է հարուցված բանակում: Երկրորդ՝ միայն բանակո՞ւմ են այդ բացթողումները եղել, բոլոր կառույցներում էլ եղել են: Եթե ամեն արդ իր պարտականությունները կատարի՝ որպես պաշտոնյա, որպես հայ, մենք ոչ մի բացթողում չենք ունենա»,- շեշտեց նա:
Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դեմ Մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու փաստին, Բալասանյանը պատասխանեց, որ պետք է լուրջ ուսումնասիրել այդ գործերը:
«Երբ խոսում են, որ Մարտի 1-ի գործն արդեն բացահայտված է, ես չգիտեմ՝ այն բացահայտվա՞ծ է, թե՞ ոչ: Քննությունը ու դատարանը կորոշեն, թե որքանով է բացահայտված: Կարող է վաղը Մարտի 1-ի գործով ինձ էլ հարցաքննեն: Այդ օրերին ես ապրել եմ Արցախի Հանրապետությունում, ում կանչեն, թող գնա, համապատասխան բացատրություն տա»,- նշեց նա:
Անդրադառնալով Սեյրան Օհանյանի մտահոգություններին և հայտարարություններին, որ բանակի հեղինակությանն են վնաս հասցնում առաջադրված մեղադրանքներով, Վիտալի Բալասանյանը նշեց. «Ոչ մեկ իրավունք չունի, օդից կախված լուրերի համաձայն, որևէ մեկին մեղադրելու, այն էլ՝ պետական կառույցին, այն ինստիտուտին, որն այսօր պետական սահմաններն է պահում: Այդ ինստիտուտի մեջ ամենքս մեր լուման ունենք: Պատկերացրեք, որ բոլորիս զավակները, քույրերը, ամուսիները ծառայել են այդ կառույցում: Ինչ վերաբերում է 0038 հրամանին, ապա նախ` այդ գաղտնիությունը թող, ի լուր ժողովրդի, բացահայտվի, եթե այսօր դրա անհրաժեշտությունը կա, Հատուկ քննչական ծառայությունը ներկայացնում է, ճիշտը կլինի, որ մութ տեղերը փակվեն... Պիտի ասեմ, որ զինված ուժերում ժամանակ առ ժամանակ համապատասխան միջոցառումներ, հրամանագրեր լինում են, օրինակ` 2019-ին սկսվում է նոր ուսումնական տարին, և համապատասխան հրամաններ են գրվում՝ կապված զորանոցային վիճակի և տարբեր կետերի հետ: հիմա այսօր ինչ-որ քաղաքական ուժեր կարող են ասել՝ տեսեք, Պաշտպանության բանակը կամ ՀՀ ԶՈւ-ն զորանոցային իրավիճակի են բերվել, վարչապետն ինչ-որ մութ տեղեր է պատրաստում: Չի կարելի այդ ձևով հիմք ընդունել, որ 0038 հրամանը բերել է նրան, որ արտակարգ դրություն է մտցվել և այլն, և այլն...»:
Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը և հօգուտ նրա Արցախում սկսված ստորագրահավաքին, նաև հարցին, թե ինքը միացե՞լ է դրան, Վիտալի Բալասանյանը նշեց՝ որևէ մեկին միանալու ցանկություն չունի միանում է արդարադատությանը:
«Համոզված եմ, որ արդարադատությունը ճիշտ կիրականացվի: Ե'վ Մարտի 1-ը, և' Հոկտեմբերի 27-ը, և' 1996-ի ընտրությունները, այսինքն՝ բոլոր մութ տեղերը... Եվ քաղաքական ամբիոններից մարդիկ՝ կուսակցության լիդեր, թե` անդամ, բոլորը պետք է միանգամից ներկայացնեն ժողովրդին, որպեսզի այդ մութ տեղերը փակվեն: Ի՞նչ կապ ունի` Ռոբերտ Քոչարյա՞նը, թե՞ Վիտալի Բալասանյանը, կրկնում եմ՝ Քոչարյանի անձի հետ չենք կապում, այլ արդարադատության, մենք արդարադատության կողմնակից ենք: Եթե Քոչարյանը, Վիտալի Բալասանյանը օրենք են խախտել, Սահմանադրություն են խախտել, թող պատասխան տան, բայց չի կարելի, որ որևէ մեկը մտածի՝ էսօր Քոչարյանին ձերբակալենք, վաղը` Վիտալի Բալասանյանին: Օրենքի տառին ու բառին մեռնեմ: Այո, Արցախում մտահոգված են, քանի որ այդ բոլորն էլ պետական ինստիտուտներ են, պետականության ղեկավարներ»,- ընդգծեց Բալասանյանը և այս համատեքստում այլ մտահոգություններ առաջ քաշեց. «Ո՞ւր է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսօր պետական արարողակարգային միջոցառում է, ո՞ւր է երրորդ նախագահը: 1995-ից առ այսօր ես որևէ պետական միջոցառում չտեսա, որ առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ նախագահները ներկա լինեն: Այսօր ՀՀ զինված ուժերի օրն է, քանի՞ պաշտպանության նախարար է ունեցել էս երկիրը, մենակ Տոնոյան Դավի՞թն է, ո՞ւր են նախկին նախարարները: Մենք իրավունք չունենք սենց ապրելու, և անկախ հայացքներից, աչքերի գույնից, ձևից, զբաղեցրած պաշտոնից` բոլորին պետք է հարգենք: Լավ, մի հատ լավ նախագահ չե՞նք ունենալու, որ նրա կենացը խմենք: Այսօր այստեղ պիտի ներկա լինեին պաշտպանության բոլոր նախարարները, ովքեր չկան, շիրիմին ծաղիկ դնեինք, խոնարհվեինք, ովքեր կան, շնորհակալություն հայտնեինք»:
Հակադարձմանը՝ չենք հարգում, դրա համա՞ր չկան, Բալասանյանը համաձայնեց. «Իհարկե չենք հարգում, պետական ինստիտուտները չենք հարգում»:
Հարցին` երբ Ռոբերտ Քոչարյանը հարստանում էր, ինչո՞ւ հարցեր չէին առաջանում, արցախցի պաշտոնյան արձագանքեց. «Չթողնեիք, բոլորս չթողնեինք, ինչո՞ւ ենք թողել, որ հարստանա, որ հետո ինտերվյունե՞ր անեինք այսպես: Եթե ասում եք, թե հարստացել է, եթե իրականությանը համապատասխանում է, ինչո՞ւ ենք թողել` թալանեն, ախրանիկներով ման գան: Հիմա ինձ պահակ ունե՞մ այստեղ, ինչո՞ւ ենք մեր ժողովրդի մեջ պահակներով ման գալիս, հետո ասում, թե չթողեցին մոտենանք: Ինչո՞ւ մաքուր և ազատ չենք ապրում, հանգիստ և կազմակերպված, էս մեր երկիրը չի՞, ինչո՞ւ չենք սիրում մեր երկիրը, մեր ժողովրդին»:
Նույն օրը մեկ այլ ճեպազրույցում Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Մարտի 1»-ի գործին, նշեց, որ սահմանադրական կարգի տապալման հոդվածը մի քիչ ծիծաղելի է: «Ո՞նց եք պատկերացնում՝ էսօր Նիկոլ Փաշինյանը սահմանադրական կարգը տապալի, որ մնա վարչապետ, մի քիչ ծիծաղելի է: Ի՞նչ է նշանակում` սահմանադրական կարգը տապալել են։ Սահմանադրական կարգը կտապալի այն ուժը, որն իշխանության չէ, իշխանության գտնվող մարդն ինչո՞ւ է սահմանադրական կարգը տապալում»,- հայտարարեց Բալասանյանը: