կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-19 17:27
Մշակույթ

Կառավարական մակարդակով ճանապարհորդող իշուկը. «Ակամա երգիծաբաններ»- 19

Կառավարական մակարդակով ճանապարհորդող իշուկը. «Ակամա երգիծաբաններ»- 19

- Տեսե՛ք, տեսե՛ք, ի՜նչ հրաշք է, ի՜նչ անմեղություն…

Չզարմանաք, խոսքը նորածին իշուկի մասին է, որ ամենաբարձր և ամենաթանկ «Մեժդունարդնիի» վագոն է բերել Վահրամ Փափազյանը: Գնում ենք Մոսկվա: Հայկական արվեստի ու գրականության տասնօրյակի մասնակիցներ ենք, իսկ մեծանուն դերասանն ավելի հեռու՝ Լենինգրադ է գնում և իր թոռանը նվեր է տանում՝ իշուկը, որ, պապի կարծիքով, ամենալավ նվերը կլինի թոռան համար:

Ես (գրող Մկրտիչ Սարգսյան- խմբ.) չեմ կարող նկարագրել, թե ինչե՜ր քաշեց Փափազյանն իշուկի պատճառով: Միայն հանրաճանաչ դերասանի մեծ հեղինակությունն ու նրա նկատմամբ եղած սերն ու պատկառանքը հնարավորություն տվեցին առանց էքսցեսների ու քաշքշուկի բարձր հասարակության համար հավասար իրավունք նվաճելու իշուկի համար:

Փափազյանը պիտի խաղար Օթելլո: Նա ցանկանում էր վերջնականապես ճշտել ներկայացման օրը, որոշ հանգամանքներ. իշուկը արագ տանել Լենինգրադ և վերադառնալ: Իսկ առաջին օրը իշուկը փորձանք ու փորձություն դարձավ նրա համար: «Լենինգրադ» շքեղաշուք հյուրանոցի վարչությունը անհողդողդ ու անպատշաճ վերաբերմունքով այնպես վիրավորեց դերասանին, որ նա, որի համար խորթ չէ՝ ինչ է մարդկայինը, նույնիսկ փողոցային լուտանքներ ու հայհոյանքներ թափեց իր ու իր իշուկի հեղինակությունը վիրավորողների գլխին: Գործը հասավ մինչև միլիցիա, մինչև ԽՍՀՄ մշուկույթի նախարարի միջամտությանը: Որոշվեց, որ առաջին գիշերն իշուկը կանցկացնի համարի լողարանում, իսկ հաջորդ օրը ինքնաթիռով, Փափազյանի ուղեկցությամբ, կթռչի Լենինգրադ և ողջ կյանքը կապրի Փափազյանի ընտանեկան ամառանոցում՝ որպես նրա լիիրավ անդամներից մեկը:

Ես մտա Փափազյանի համարն այն պահին, երբ դերասանը և իշուկը նստել էին երեկոյան ընթրիքի, երկուսն էլ՝ հատակին: Ընդ որում՝ Փափազյանը, ծալապատիկ նստած գորգին, ծամում էր ինչ-որ, իսկ ավանակիկը կաթով լի շշի ծծակից ախորժակով  ծծում էր կաթը: Փափազյանը հրճվանքից փայլում էր և ստեպ-ստեպ համբուրում էր սիրունիկ կաթոտ դունչը:

-  Հրա՜շք է, անգի՜ն է, այս ի՜նչ  գեղեցկություն է,- ասաց ինձ,- հնար չկա, այնպիսի մի  միջոց չկա՞, որ այս սքանչելի էակն էշ չդառնա և մնա քուռակ…

Եվ հետո.

- Գիտե՞ս, այս արարածը նաև մաքրակենցաղ է, հակում  չունի չորս կողմը կեղտոտելու… Այս իշուկը, ճիշտ է,  ես պիտի նվիրեմ թոռանս՝ որպես խաղալիք, բայց հավատացած եմ, որ նրա նկատմամբ  տածած սիրով ու գութով թոռնիկս ավելի  կմարդանա: Մի խոսքով՝ նման սքանչելի և անօգնական կենդանին կօգնի մարդուն՝ խիղճ և  գութ ունենալու, իսկ խիղճ ու գութ ունեցողին՝  սրբանալու, այո՛, այո՛, սրբանալու…

Հաջորդ օրը իշուկը և նրան  ուղեկցող անձինք թռան Լենինգրադ:

Շարունակելի