կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-19 09:04
Առանց Կատեգորիա

Թե ինչպես պահպանողական բյուջեն մի քանի օրում դարձավ «հեղափոխական». Փաշինյանը որոշեց հեռվից գալ. «168 ժամ»

Թե ինչպես պահպանողական բյուջեն մի քանի օրում դարձավ «հեղափոխական». Փաշինյանը որոշեց հեռվից գալ. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հաջորդ տարվա պահպանողական բյուջեն մի քանի օրում հանկարծ դարձավ «հեղափոխական»:

«Այո´, այս բյուջեն հեղափոխական է: Այլ կերպ, քան հեղափոխական, սա չի կարելի անվանել»,- բյուջեի նախագծի վերաբերյալ իր եզրափակիչ ելույթի ժամանակ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է վարչապետը:

Ցույց տալու համար, որ բյուջեն «հեղափոխական» է, Ն. Փաշինյանը սկսել է ցուցանիշները ներկայացնել այնպես, ինչպես իրեն հարմար է:

Բայց բյուջեն հեղափոխական է, թե ոչ, դատում են ոչ թե նրանով, թե ինչ է ասում վարչապետը, այլ նրանով, թե ինչ ցուցանիշներ են դրված դրա հիմքում: Ու որպեսզի համոզ­ված լինեն բյուջեն հեղափոխական է, թե ոչ, դա համադրում են ոչ թե տարիներ առաջվա, այլ նախորդ տարվա բյուջեի հետ:

Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը. վերցնում ու հաջորդ տարվա բյուջեն համեմատում է ոչ թե 2019թ., այլ՝ 2018թ. բյուջեի հետ: Այսինքն՝ 1-ի փոխարեն 2 տարի է հետ գնում: Պարզ չէ՞, որ 2 տարվա կտրվածքով տարբերություններն ավելի մեծ պիտի լինեն: Մինչդեռ այն, ինչ կա 2019 թ. բյուջեում, արդեն կա, ու պետք չէ դա խառնել հաջորդ տարվա բյուջեի հետ: Հաջորդ տարին սկսվում է ոչ թե 2018 թ., այլ 2019 թ. ավարտից հետո: Եվ եթե խոսում ենք 2020 թ. բյուջեի մասին, ապա պետք է դա համեմատենք 2019 թ. բյուջեի հետ:

Հասկանալի է, օր այդ համեմատությունները «հեղափոխական» բյուջեի օգտին չեն: Ու դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը որոշեց հեռվից սկսել: Չնայած նույն տրամաբանությամբ կարելի էր էլ ավելի հեռվից գալ:

Հիմա տեսնենք, թե ինչքանով է հաջորդ տարվա բյուջեն «հեղափոխական»:

Սկսենք եկամուտներից: Բայց մինչ այդ հիշեցնենք, թե բյուջեի եկամուտների վերաբերյալ ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը:

«Նախկինում տարեկան կտրվածքով միջին եկամտային աճի տեմպը եղել է 7 տոկոս: Մենք այդ տեմպը կրկնապատկել ենք: Այսինքն՝ մեր բյուջեի միջին տարեկան աճը կազմում է 14 տոկոս: Բա հեղափոխությունը պոզով-պոչով է լինո՞ւմ»,- ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետը:

Հեղափոխությունը «պոզով-պոչով» է լինում, թե այլ կերպ, թողնենք մի կողմ: Պարզապես տեսնենք, թե վարչապետի ասած միջին տարեկան 14 տոկոսանոց եկամտային աճն ինչպես է արտահայտված 2020 թ. բյուջեում: Այսպես՝ 2020 թ. նախատեսված է բյուջեում ապահովել 1 տրիլիոն 679 մլրդ դրամի եկամուտ: Այս տարվա համար կառավարությունը կանխատեսել է, ավելին՝ համոզված է, որ կստացվի 1 տրիլիոն 567 մլրդ դրամի բյուջետային եկամուտ: Այս երկու թվերի տարբերությունը 130 մլրդ դրամ է:

Այսինքն՝ հաջորդ տարի կառավարությունը նախատեսում է բյուջեի եկամուտները 2019 թ. փաստացի կատարողականի համեմատ ավելացնել 130 միլիարդով: Աճը կազմում է ընդամենը 8,3 տոկոս: Այն գուցե բարձր է նախորդ տարիների 7 տոկոսից. բայց բոլորովին էլ հեղափոխական չէ, ինչպես ներկայացնում է վարչապետը: Ավելին՝  հաջորդ տարվա բյուջեում դրված եկամտային աճի տեմպն առնվազն կրկնակի ցածր է այս տարի սպասվողից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։