կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-10 14:34
Քաղաքական

Գոնե ինքնասիրություն ունենան՝ դիմում գրեն, գնան. Հրաչ Բերբերյան. 168.am

Նոր կառավարության 1.5 տարվա աշխատանքի ընթացքում գյուղատնտեսության ոլորտում առաջին տեսանելի փոփոխությունը, ըստ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանի՝ Գյուղատնտեսության նախարարության փակումն էր:

«Դա շատ խոշոր նվաճում էր: ԱՄՆ-ում գյուղատնտեսության նախարարությունը երկրորդ նախարարությունն է՝ պաշտպանությունից հետո, իսկ մեզ մոտ, չգիտեմ՝ «հայրենասե՞ր», թե՞ «մասնագետ» ասեմ նրանց. ախր, ո՛չ մասնագետ են, ո՛չ հայրենասեր են, ո՛չ էլ բնագավառից բան են հասկանում… Թե ինչո՞ւ Գյուղնախարարությունը փակվեց, ի՞նչ կապ ունի Էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության հետ: Արհամարհել մի բնագավառ, որը մեր բանակն է սպասարկում, մեր պարենային անվտանգությունը: Քաղաքական գործիչներից մեկը մի հետաքրքիր հայտարարություն արեց՝ ասելով, որ, եթե թուրքը պետք է հետախույզ ուղարկեր Հայաստան՝ գյուղատնտեսությանը վնաս տալու համար, ապա մենք մեր ձեռքով մեզ վնաս տվեցինք»,- «168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց նա:

Հ. Բերբերյանը նկատեց՝ գործադիրից առաջարկվող «խելացի գոմերի» գաղափարը չի աշխատելու. «Տղա ջան, երբ որ դու գոմ չես տեսել և պլաստմասսե տանիքով գոմ ես առաջարկում գյուղացուն, որը չի աշխատի, չի ծառայի գյուղացուն, և դրա համար 6 մլրդ վարկային գումար ես հատկացնում, որը ոչ մի գյուղացի չի վերցնի, հստակ երևում է, որ գործից հեռու ես»:

Ագրարագյուղացիական միավորման նախագահն ընդգծեց՝ ոլորտի պատասխանատուների մեջ մասնագետներ չկան. «Գոնե ինքնասիրություն ունենան՝ դիմում գրեն, գնան. դա էլ չունեն, միայն աշխատավարձերն են ավելացնում: Եթե ցածր է աշխատավարձը, ինչո՞ւ է եկել այդտեղ, որ հիմա էլ դժգոհում է, ուզում է մեկ միլիոն կամ միլիոնուկես աշխատավարձ ստանալ: Թող գնա, տղա ջան, քեզ ո՞վ է բերել այդտեղ»:

Դիտարկմանը՝ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ իշխանություններն ասում են, թե այդպես նաև կոռուպցիոն ռիսկերն են վերացնում, նա այսպես արձագանքեց. «Գող լինելը գենետիկ հատկանիշ է: Գողին չի կարելի պաշտոն վստահել»:

Ոռոգման համակարգը, նրա խոսքով՝ այդպես էլ չբարեփոխվեց. «Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն այդպես էլ մնաց թղթի վրա: Բոլորս էլ գիտենք, որ ոռոգման համակարգում մոնոպոլ վիճակ է, ՋՕ-երը կառավարվում են Ջրային կոմիտեի կողմից: Այստեղ լուրջ կրիմինալ կա: Դավիթ Սանասարյանի ուսումնասիրությունն առիթ դարձավ, որ նրան աշխատանքից ազատեն, որովհետև իրենք լուրջ ստուգումներ էր անցկացնում: Ծիծաղելին այն է, որ Ջրային կոմիտեն հասել է լկտիության այն աստիճանին, որ նորմատիվներն իրենք են թելադրում գյուղացուն, այսինքն՝ մեկ հեկտարի չափով ինչքան ջուր պետք է ծախսի: Նորմատիվները կրկնակի մեծացրել են, այսինքն՝ օրը ցերեկով թալանում են գյուղացուն, և ոչ ոք դրանց ձեռքը չի բռնում»:

Անասնապահության ոլորտում, Հրաչ Բերբերյանի խոսքով՝ լուրջ խնդիր է անասնակերը. «Երաշտ եղավ, խոտը չորացավ, հիմա անասնակերը վերջացավ՝ գյուղացիներն անասուններին կդնեն դանակի տակ: Այսինքն՝ այն ծրագրերը, որոնք պետք է արվեին, չեն արվել: Քանի որ չեն հասկանում, թե սա ինչ ծանր բնագավառ է, արդյունքում՝ ունենք մի տգետների խումբ, որոնք հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում. ձրիակերների խումբ են»:

Ինչ վերաբերում է պարարտանյութերին, նա նշեց, որ այն երկրների պարարտանյութերն են որակով, որոնք բնական գազ ունեն. «Մեր շուկայում կա վրացական պարարտանյութը, որի ազդող նյութը շատ ցածր է, իսկ օրինակ՝ պարսկական պարարտանյութի դեպքում ազդող նյութը բարձր է: Ամեն բնագավառին տեր է պետք: Մենք օգտագործում ենք պահանջվող պարարտանյութի 30 տոկոսը»:

Մանրամասները՝ տեսանյութում: