Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հակակարկտային ցանցային համակարգը տեղադրելուց հետո ապահովագրական ընկերություններն ավելի ինտենսիվ կսկսեն գյուղացու հետ աշխատել, հիմա ընդհանրապես չեն աշխատում. լրագրողներին այսօր ասաց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Ըստ բանախոսի` իհարկե, պետք է գնալ ռեֆորմների` հույսը դնելով գյուղացու վրա, եւ պետք է ստեղծել գյուղացիական ապահովագրական համակարգ, որտեղ հենց ֆերմերը կլինի այդ ապահովագրական ընկերության բաժնետեր:
«Ես ասել եմ ու կասեմ, որ մեր երկրի դժբախտության պատճառը բանկերն են: Որ ժողովուրդն այսօր գյուղերը լքում-գնում է, դա բանկերի արածն է, որովհետեւ, մարդկանց 30 տոկոս տոկոսադրույքով վարկեր տալով, գյուղացուն ուղղակի սնանկացրեցին: Տեսե'ք` կառավարությունը փորձում է վարկերի տոկոսադրույքներն իջեցնել, բայց, միեւնույն է, մի մասը այդ ցածր տոկոսներով է վարկ ստանում, բայց մյուս մասն էլի 30 տոկոսով է աշխատում: Գյուղատնտեսությունում, իմ ունեցած տվյալներով, որ միջազգային փորձից է ստացվել, վարկավորումը չպետք է 5 տոկոսից անցնի, որ գյուղացին կարողանա աշխատել ու շահույթ ապահովել»,- նշեց Հրաչ Բերբերյանը:
Բանախոսը կարծիք հայտնեց, որ կարելի է միջազգային փորձն այսօր ներդնել մի մարզում` փորձնական, այնտեղ ընդամենը 1-2 միլիոն դոլարի չափ գումար ներդնելով, ինչպես նաեւ գյուղացիներին որպես բաժնետեր ներգրավելով, այդ մարզում փորձարկումն անել:
«Եվ կարծում եմ, այդ համակարգը կաշխատի, որովհետեւ դա միջազգային փորձն է, որ այդպիսի գործակալություններում հենց գյուղացին ինքն է բաժնետեր եւ ինքն էլ կառավարում է այդ գործակալությունները»,- ասաց ագրարագյուղացիական միավորման նախագահը` հավելելով, որ բանկային համակարգը նույնպես պետք է բերել այն վիճակին, որ գյուղացին ինքը կառավարի, որովհետեւ առեւտային բանկը երբեք գյուղացու համար չի աշխատելու: