կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-23 15:20
Քաղաքական

Միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանին նյարդայնացնում է այն, որ Նիկոլ Փաշինյանը լքե՞ց իրեն

Միգուցե Լևոն Տեր-Պետրոսյանին նյարդայնացնում է այն, որ Նիկոլ Փաշինյանը լքե՞ց իրեն

Առաջին նախագահի կարծիքները, անկախ նրանից` նա վաթսուն հազար դիտում ունի, դրանից ինքն ուրախանում է, թե` ոչ, ուշադրության արժանի են. այսօր լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Այնտեղ կան սկզբունքներ, ելույթի կետեր, որոնց հետ համամիտ եմ, խոսքը հակառուսական տրամադրությունների բացակայության մասին է»,- նշեց նա: 


Շարմազանովի խոսքով` Տեր-Պետրոսյանի ելույթում եղել են նաև դիտարկումներ, որոնք թե' քաղաքական, թե' պատմական առումով անընդունելի են: Խոսքը վերաբերում է Տեր-Պետրոսյանի դիտարկումներին, երբ նա վերլուծում է, թե ինչո՞ւ Հայաստանում այդպես էլ չեղավ հայկական մայդան: «Կարծես թե Տեր-Պետրոսյանն իր ֆիասկոն քողարկելու, իր սեփական դեմքը փրկելու համար դիմում է 2008 թվականի նախընտրական բառապաշարին, որը պատիվ չի բերում որեւէ քաղաքական գործչի: Եվ եթե նա, իր ձեւակերպումներով ասեմ, խոսում է խղճուկ, ողորմելի բառապաշարով, դա քաղաքական լեքսիկոն չէ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:


Այնուհետեւ, նկատի ունենալով Տեր-Պետրոսյանին, շարունակեց. «Խղճուկ եւ ողորմելի կարգավիճակում հայտնվում են նրանք, ովքեր շատ են ցանկանում մասնակցել նախագահական ընտրություններին, բայց գիտակցելով, որ յոթից-տասը տոկոսից ավելի չեն հավաքելու, վախենում եւ չեն մասնակցում: Խղճուկ եւ ողորմելի վիճակում կարող են հայտնվել նրանք, ովքեր նույնիսկ քաջություն չեն ունենում պաշտպանել սեփական խմբակցության ներկայացուցչին: Խոսքը Հրանտ Բագրատյանի մասին է: Խղճուկ եւ ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր  ընտրություններին լոկ դիտորդի կարգավիճակ են ստանձնում, այլ ոչ թե քաջություն են ունենում մասնակցել եւ իրականացնել քաղաքական պրոցեսներ: Խղճուկ եւ ողորմելի վիճակում հայտնվում են նրանք, ովքեր, ի վերջո, ուրախանում են Youtube-ում վաթսուն հազար դիտումից: Կարգին Հայկոյի դիտումները, կարծում եմ, շատ ավելի շատ են: Կարծում եմ` առաջին նախագահն իր բառապաշարը պետք է փոխի»:


Էդուարդ Շարմազանովը նաեւ համարում է, որ չի կարելի, որ ՀԱԿ առաջնորդը, կնքահայրը եւ «իր երկրի առաջին նախագահը», ով մասնագիտությամբ պատմաբան է, կեղծի պատմական փաստերը: Նա, հակադարձելով Լեւոն Տեր-Պետրոսյանի պատմական կտրվածքով դիտարկումներին`1920-ականների իրադարձություններին, ասաց. «Կարծում եմ` առաջին նախագահը եւ պատմաբանը պետք է շատ լավ տարբերակի հակառուսականությունն ու հակաբոլշեւիզմը: Դրանք տարբեր բաներ են: Եթե տեղյակ չի, ասեմ` առաջին հանրապետությունը կործանվել է թուրք-բոլշեւիկյան դաշինքի հետեւանքով»:

 

Շարմազանովը մանրամասնորեն հիշեցրեց այդ թվականի իրադարձությունները` հավելելով, որ այդ նույն բոլշեւիկյան քարոզչության արդյունքում է, որ քարոզ էր կատարվում, թե թուրքն այլեւս նախկին թուրքը չէ, ու նրա հետ կռվել պետք չէ` թուրքն այլեւս մեր բարեկամն է, ինչի արդյունքում էլ հանձնվեց Կարսի ամրոցը:

 

ԱԺ փոխխոսնակը նշեց, որ իշխանությունը քննադատությունն ընդունում է, բայց երբ մարդը սեփական դեմքը փրկելու համար, սեփական քաղաքական ուժը փրկելու համար դիմում է նման բառապաշարի… «Միգուցե նրանից է, որ վերջին մոհիկանը` ՀԱԿ-ի շարժիչ ուժը հանդիսացող Նիկոլ Փաշինյանն էլ լքեց, եւ դա նրանց նյարդայնացնում է, ես չեմ կարող ասել»:

 

Yerkir.am-ի հարցին` ընդունո՞ւմ է, որ գալու է իշխանությունների` պատասխան տալու պահը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ բոլոր երկրներում էլ իշխանությունները մշտապես պետք է ունենան պատասխանատվության զգացում, եւ ՀՀԿ-ի իշխանությունը երբեք չի խուսափել պատասխանատվությունից, ի տարբերություն «տարբեր քաղաքական եւ պետական գործիչների»: