Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԿԳՄՍ նախարարությունն իրավապահ մարմին չէ, և նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունն ընդամենը քաղաքական գնահատական է եղել. «Հայոց լեզուն, գրականությունը, պատմությունը ոչ պարտադիր նախաձեռնության նպատակահարմարությունը» թեմայով մամուլի ասուլիսում Yerkir.am-ի թղթակցի հարցին, թե ո՞ր բուհերում են արձանագրվել կոռուպցիոն դեպքեր, այսպես պատասխանեց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:
Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, օրերս լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի նախագծին, որով չի նախատեսվում ԲՈՒՀ-երում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր ուսուցումը, իր դիտարկումներն էր արել` մասնավորապես նշելով, որ «կան մի խումբ մարդիկ, որ կուրծք են ծեծում, որ զրկվելու են ավանդաբար երաշխավորված իրենց դասաժամերից և զրկվելու են որոշակի կոռուպցիոն համակարգերի մեջ ներգրավվելուց»:
Նախարարի այս դիտարկումը, բնականաբար, վերաբերում էր նշյալ առարկաների դասախոսներին:
Ըստ այդմ՝ փոխնախարար Կարաբեկյանի վերոնշյալ պատասխանը ոչ միայն զարմանալի, այլև տարօրինակ է: Փաստորեն, մարդկանց հանցագործության մեջ մեղադրելը համարվում է ոչ թե քրեաիրավական, այլ քաղաքական գնահատական:
Արայիկ Հարությունյանն այս նախագծի շրջանակում նաև մատնանշել էր, որ նշված առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելով՝ ուժեղացնում են դպրոցում տվյալ առարկաների դասավանդումը, նաև հավելել էր, որ բովանդակությունը փոխվում է էապես, և բուհերում դրանց կրկնումն այլևս անհրաժեշտություն չի լինի:
Yerkir.am-ի ձեռքի տակ է ԵՊՀ ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի «Հայոց լեզու և խոսքի մշակույթ» առարկայի հարցաշարը, որում ներառված են, մասնավորապես, գիտական ոճը, գիտական աշխատանքների կառուցվածքը, ԶԼՄ-ների լեզուն, գովազդի լեզուն, պաշտոնական ոճը հրապարակային խոսքը… Հարցաշարում հաշվի է առնված նաև այն փաստը, որ ԵՊՀ-ում լեզվի ուսուցումը տարվում է ըստ ֆակուլտետների` ելնելով տվյալ ֆակուլտետի առանձնահատկություններից:
«Արդյո՞ք այս պարագայում նախարարությունը նպատակահարմարություն չի տեսնում, օրինակ, «Հայոց լեզու» առարկան անվանափոխելու «Խոսքի մշակույթ»-ի և այն ընդգրկելու պարտադիր ուսուցման ցանկում»՝ Yerkir.am-ի հարցին ի պատասխան Կարաբեկյանը միանշանակ պատասխանեց` ոչ:
Այստեղ ևս տարակուսելի է դառնում նախարարի արտահայտությունը: Ակնհայտ է՝ խոսքը առարկայի, իսկ կոնկրետ այս դեպքում՝ «Հայոց լեզու» առարկայի կրկնության մասին չէ: Այդուհանդերձ, այն պարտադիր ուսուցման առարկա չի դառնում ԲՈՒՀ-ում:
ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Հովիկ Գրիգորյանի խոսքով՝ հայոց լեզվի և հայոց պատմության պատշաճ գիտելիքներն անհրաժեշտ են նաև տարբեր պաշտոնատար անձանց` կարևորելով այդ անձանց ճանապարհին հանդիպող մարտահրավերները:
«Մենք ապրում ենք աշխարհի ամենաբարդ տարածաշրջանում, և մեզ համար հայոց լեզվի, հայոց պատմության դասավանդումը ազգային պաշտպանության խնդիր է», - նշեց նա:
Դոցենտն անդրադարձ կատարեց նաև այն փաստին, որ նախկինում ռեկտորն ընտրվում էր, իսկ նոր օրենքի նախագծով՝ ռեկտորը դառնում է նշանակովի և նշանակում է դեկաններին: Այս հանգամանքը, ըստ Գրիգորյանի, բուհական ինքնավարությունը ֆիկցիա է դարձնում:
ԿԳՄՍ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի խոսքով՝ օրերս կհրապարակվի «Բարձրագույն կրթության և գիտության» մասին նոր օրենքի նախագիծը:
Նարա Մարտիրոսյան