Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարար Արտակ Զեյլնալյանը ձեռնպահ է մնում գնահատական տալուց` Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալներ կան, թե` ոչ: Այսօր լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Անօրինական անազատության մեջ գտնվող անձինք Հայաստանի Հանրապետությունում չկան: Եթե կան անազատության մեջ պահելու բավարար նվազագույն հիմքեր, ապա անձինք գտնվում են անազատության մեջ: Եթե կան կալանքից ազատ արձակելու հիմքեր, ապա ընտրվում է խափանման այլ միջոց, կամ կալանքը փոխարինվում է գրավով`որպես այլընտրանքային խափանման միջոց: Այս իրավիճակն ակնհայտորեն տարբերվում է նախկին ռեժիմի իրավիճակից: Ավելի շատ անձ է գտնվում ազատության մեջ, և նրանց նկատմամբ ընտրված է ազատությունից զրկվելուց տարբերվող խափանման միջոց, քան նախկին իշխանությունների ժամանակ: Ես ինչու ձեռնպահ մնացի քաղաքական գնահատական տալուց. անձինք իրենք են որոշում`ինչպես ընտրել իրենց պաշտպանությունը: Ես նրանց այս առումով չեմ հակադրվի: Նրանք գտնում են, որ այդպես պիտի պաշտպանեն իրենց իրավունքները, մյուսը գտնում է`պիտի հայցի քաղաքական ապաստան օտար երկրում: Իրենք են որոշում`ինչպես իրականացնել իրենց պաշտպանությունը: Մենք պարտավոր ենք ապահովել դատարանի, դատական իշխանության անկախությունը, անաչառությունը և անկողմնակալությունը, որպեսզի դատարանները նրանց բարձրացրած հարցերին գնահատականներ տան»:
Ըստ Զեյնալյանի` արդարադատության նախկին նախարարները կամ նախկին իշխանությունները մշտապես հայտարարել են, որ քաղաքական բանտարկյալներ չկան: «Քաղաքական բանտարկյալ լինել-չլինելու հարցը որոշվում է սուբյեկտիվորեն: Այն որոշում է հասարակությունը, հասարակական կազմակերպությունները: Հասարակությունը թող գնահատի`այսօր կա՞ն քաղաքական բանտարկյալներ, թե՞ ոչ: Ես սրա համար եմ ձեռնպահ մնում քաղաքական գնահատական տալուց, այնպես, ինչպես նախկին իշխանություններն էին ասում, որ քաղաքական բանտարկյալներ չկան: Ես կդիտվեմ որպես կողմնակալ` այս պատասխանը հնչեցնելով»,- եզրափակեց նա: