կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 14:08
Քաղաքական

Մենք զուսպ ենք, և քաղաքական գնահատական տալը մեր գործառույթը չէ. Վերահսկիչ պալատ

Մենք զուսպ ենք, և քաղաքական գնահատական տալը մեր գործառույթը չէ. Վերահսկիչ պալատ

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ ներկայացվում էին 2013թ. բյուջեի կատարման հաշվետվությունները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանին:

 

Նշենք, որ ՎՊ զեկույցը պետք է ներկայացներ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, սակայն նա բացակայում է Հայաստանից, եւ այդ պարտականությունը դրվել է ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանի վրա:

 

Արծվիկ Մինասյանը շեշտեց ՎՊ եզրակացության նշանակությունը, որում բացակայում էին գնահատականներ թիրախներին: Նա նշեց, որ ՎՊ եզրակացությունից տպավորություն է ստեղծվում, որ երկրի զարգացումն ու բյուջեն միմյանց հետ կապ չունեն, և արվել է տեխնիկական աշխատանք` պետբյուջեն կատարվել է, թե` ոչ: «Որքանո՞վ եք նպատակահարմար գտնում ընդլայնել եզրակացության բովանդակությունն առ այն, որ, որպես անկախ աուդիտորական կառույց, ՎՊ-ն նաև արդյունավետության չափանիշներ տա»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ ՎՊ եզրակացության մեջ պետք է տեղ գտներ ծրագրային բյուջետավորման քաղաքականությունը:

 

Արծվիկ Մինասյանը անդրադարձավ նաև եվրապարտատոմսերին` հարցնելով, թե որքանո՞վ է տնտեսապես հիմնավորված Ռուսաստանից ներգրավված վարկը: «Ի վերջո, ՎՊ-ն ինչպե՞ս է գնահատում բյուջեի կատարումը` որպես երկրի զարգացմանն ուղղված հիմնական ծրագիր` բավարար՞, թե՞ անբավարար»,- հարցրեց նա:

 

Սեյրան Ավագյանը նշեց, որ,  եզրակացության խորության հետ կապված, իհարկե, լավից լավը կա, և աշխարհի որևէ երկրի ՎՊ դեռևս չի կարողացել բյուջեն ծածկել իր գնահատականներով, որովհետև դա շատ ծանր գործ է, նաև կան օրենսդրական խնդիրներ: Նա նշեց, որ այսօրվա ռեսուրսով, իրավական դաշտով ու հաշվապահական հաշվառման մեխանիզմներով կարողացել են ստեղծել այդ եզրակացությունը: Ինչ վերաբերում է ծրագրային բյուջետավորմանը, ասաց, որ իրենց վրա կոնկրետ խնդիր է դրված, թե ՎՊ-ն ինչի վրա պետք է կենտրոնանա:

 

«Մենք մասնագիտական մարմին ենք, եթե բաժակը կիսով է լցված, ապա մենք արձանագրում ենք, որ հենց այդքան է լցված: Մեր խնդիրն է օբյեկտիվ պատեր կառուցելը, որի հիման վրա քաղաքական ուժերը կտան իրենց քաղաքական գնահատականները: Մենք զուսպ ենք, և քաղաքական գնահատական տալը մեր գործառույթը չէ»,- ասաց Սեյրան Ավագյանը:

 

Նա նշեց, որ բյուջեի կատարման մասով ՎՊ-ի վրա դրված է երկու խնդիր` արտացոլված մեծությունների արժանահավատության խնդիր և բյուջեի մասին օրենքի ձևակերպված խնդիրներ, որոնք և իրականացրել է ՎՊ-ն:

 

Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ կան չափանիշներ, որոնք կարելի է տալ, որոնք չեն դիտարկվի որպես քաղաքական գնահատականներ: