Փոխարժեքներ
04 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 399.59 |
EUR | ⚊ | € 420.17 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 506 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Հոկտեմբերի 28-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացավ ՊՎԾ-ի՝ լիազորությունները ժամանակավորապես դադարեցված պետի՝ Դավիթ Սանասարյանի, ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության նախկին պետ Սամվել Ադյանի, ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության գլխավոր մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Խաչատրյանի և «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանի գործով դատական առաջին նիստը:
Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ գործով մեղադրյալներ Սամվել Ադյանը, Գևորգ Խաչատրյանն ու Տարոն Ավետիսյանը, համապատասխանաբար, 2 ամիս, 40 օր և 45 օր տևողությամբ անազատության մեջ են եղել: Ներկայումս մեղադրյալների, այդ թվում՝ Դավիթ Սանասարյանի համար որպես խափանման միջոց է կիրառված ստորագրությունը:
Նիստը նախագահող դատավոր Դավիթ Բալայանը նիստի սկզբում, երբ կողմերին ներկայացնում էր դատավորին բացարկ հայտնելու հնարավոր պատճառները, անդրադարձավ նաև այն փաստին, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այս գործով վկա է, սակայն դատարանն այս դատական նիստին միջոցներ չի ձեռնարկել՝ ապահովելու համար վկաների ներկայությունը:
Տարոն Ավետիսյանի փաստաբան Հրանտ Անանյանը միջնորդություն ներկայացրեց դատարան գործից մաս անջատելու մասին` շեշտելով, որ իր պաշտպանյալը ցանկանում է օգտվել դատական քննության արագացված կարգից: Այս միջնորդությանը միացան նաև գործով մյուս մեղադրյալների պաշտպանները, որը, սակայն, մերժվեց դատարանի կողմից:
Դավիթ Սանասարյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրեցին դատարան ևս չորս անձի, այդ թվում՝ ՊՎԾ մամուլի նախկին խոսնակ Զարուհի Մեժլումյանին դատարանում որպես վկա հարցաքննելու համար: Դատարանը որոշեց բավարարել Սանասարյանի պաշտպանների միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 27-ին՝ ժամը 13:30-ին:
Հիշեցնենք, որ հեղափոխության ջատագովներ, հեղափոխությունից հետո պաշտոններ ստանձնած Դավիթ Սանասարյանն ու Արսեն Թորոսյանը հանցակազմ են փնտրում միմյանց գործողություններում:
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Դատական գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ դատական տեղեկատվական համակարգում: