Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Ռիգայի երիտասարդ դաշնակահարների 8-րդ միջազգային մրցույթի հաղթողներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը:Հոկտեմբերի 12-ից 15-ը Ռիգայում տեղի ունեցած դաշնակահարների միջազգային մրցույթին մասնակցել են ՀՀ և Արցախի երիտասարդ տաղանդավոր երաժիշտ-կատարողների զարգացման նպատակային ծրագրի անդամներ, Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սաներ Արմեն Պուչինյանը և Արթուր Գրիգորյանը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Բաբախանյան):
Միջազգային մրցույթից հայ մասնակիցները վերադարձել են հաղթանակով և ոսկե մեդալներով: Մրցույթում Արթուր Գրիգորյանը հաղթող է ճանաչվել մենակատարների խմբում, իսկ Արմեն Պուչինյանի հետ՝ նաև «Lավագույն դաշնամուրային դուետ» անվանակարգում: Տղաների խոսքով՝ սա երկուսով մեկ դաշնամուր նվագելու իրենց առաջին փորձն էր, թեև միասին բազմաթիվ ելույթներ են ունեցել: Նրանք հանդես են եկել Բրամսի «Հունգարական պար» N 1,5 և Արամ Խաչատրյանի «Սուսերով պար» կատարումներով:
Հանդիպման ընթացքում նախարարը հետաքրքրվել է երիտասարդ կատարողների առաջիկա ծրագրերի մասին՝ անմիջապես հարցն ուղղելով նրանց. «Ի՞նչ պլաններ ունեք առաջիկայում, կա՞ խնդիր, որ առավոտյան արթնանալիս կամ երեկոյան քնելիս մտածում եք՝ լավ կլիներ, որ այսպես լիներ»: Երիտասարդ երաժիշտները առաջնային են համարել որակյալ երաժշտական գործիք ունենալու ցանկությունը:
Նախարարը շնորհավորել է մասնակիցներին հաղթանակի կապակցությամբ և մաղթել հայրենիքի անունը միջազգային մշակութային հարթակներում հնչեցնելու նոր հնարավորություններ:
Գեղարվեստական ղեկավար Ա. Բաբախանյանի տեղեկացմամբ սա այս տարվա մեջ Արմեն Պուչինյանի երրորդ հաղթանակն է՝ Ռուսաստանում և Մալազիայում կայացած միջազգային մրցույթներից հետո: