կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-16 19:35
Սպորտ

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանին։ Նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով նշանավոր մարզիկին, ընդգծել է, որ մշտապես հպարտանում է նրա ռեկորդներով։

«Մեր կառավարությունը դեմքով թեքվել է դեպի կրթությունը, գիտությունը, մշակույթն ու սպորտը, շատ մեծ նշանակություն ենք տալիս այս ուղղությունների զարգացմանը և մեծ ռեսուրսներ ենք հատկացնում հաջողություններ ունենալու համար»,-նշել է նախարարը։ Հանդիպման ընթացքում Ռոբերտ Էմմիյանը պատմել է միջազգային ասպարեզում Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի ունեցած ձեռքբերումների մասին՝ ընդգծելով ուսումնամարզական հավաքների կարևորությունը, որոնց ընթացքում հայաստանցի երեխաները արտերկրում մարզվելու հնարավորություն են ունենում։

«Շատ ուրախ եմ ձեզ հետ համագործակցելու համար։ Տեղեկացված եմ վերջերս սպորտի ոլորտում գրանցած մեր հաջողությունների մասին։ Գրեթե 9 տարի ղեկավարում եմ Հայաստանի աթլետիկայի ֆեդրացիան ու թեև բնակվում եմ Ֆրանսիայում, սակայն անձնագիրս հայկական է»,-նշել է Էմմիյանը։

Հանդիպմանը ընթացքում Արայիկ Հարությունյանն ու Ռոբերտ Էմմիյանը քննարկել են Հայաստանում սպորտի համար անհրաժեշտ ենթակառուցվածքների, մասնավորապես, վազքուղիների ստեղծման հնարավորությունները և քննարկել այդ պայմաններում Հայաստանում միջազգային մրցաշարեր անցկացնելու հեռանկարը։ Եզրափակելով հանդիպումը՝ նախարարն ու նշանավոր մարզիկը պատրաստակամություն են հայտնել համագործակցելու հնարավոր բոլոր ուղղություններով՝ ի շահ հայկական սպորտի զարգացման։