Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական պայքարի ընթացքում, երբ որևէ կողմից չափն անցնում են, ընդունելի չէ. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
Նա համաձայնեց, որ ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում դեպքերի, որոնք, որպես քաղաքացի, մեզ համար ընդունելի չեն, բայց չկոնկրետացրեց՝ որ դեպքերն են դրանք:
Հրայր Թովմասյանի դեռահաս դուստրերին ու տարեց հորը ԱԱԾ կանչելը չափն անցնե՞լ է, թե՞ ոչ՝ Բագրատյանը չցանկացավ քննարկել, ասաց, որ ինքը համակարգային մոտեցման կողմնակից է: Մարդու ընտանիքը՝ իր քաղաքական հայացքների համար թիրախավորելը համակարգային խնդիր չէ՞ հարցին, արձագանքեց՝ դա արտախորհրդարանական ընդդիմության տեսակետն է:
Սերգեյ Բագրատյանի կարծիքը, թերևս, հակադրության մեջ է իր քաղաքական թիմի ղեկավարի՝ Գագիկ Ծառուկյանի հետ, որն, ինչպես գիտենք, արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ չէ, բայց անընդունելի է համարում այս երևույթը. «Ես, տեսնելով նրա ընտանիքի հանդեպ, 16, 18 տարեկան աղջիկը, որոնց հանդեպ քննություն է, դա իմ համար անընդունելի է…ես որպես հայ մարդ, ընտանիքի մարդ, տեսնելով 16 տարեկան աղջկան կանչեն հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ, դա իմ համար անընդունելի է»,-ասել է նա:
Բագրատյանի տեսակետը ՍԴ հարցի լուծումն է՝ ՍԴ-ն առահասարակ լուծարելով և Վճռաբեկ դատարանի հետ միավորմամբ՝ Գերագույն դատարան ստեղծելով:
Դատական համակարգը կայացնե՞լը, թե՞ վերահսկելի դարձնելն է իշխող քաղաքական ուժի ներկա գործողությունների շարժառիթը, Սերգեյ Բագրատյանը որակում չտվեց՝ հիմնավորելով, որ քաղաքական ուժ կա, որը նշում է, թե դա իրավական գործընթաց է:
Մինչդեռ Գագիկ Ծառուկյանի համոզումն է, որ «Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է»:
Անդրադառնալով Փաշինյանի թիմից պարբերական հրաժարականներին, Սերգեյ Բագրատյանն ասաց, որ պաշտոնյաները, այո՛, պետք է հաճախակի փոխվեն.«Ո՞վ ասաց, որ որևէ պաշտոնյա պետք է 50 տարի պաշտոնավարի»:
Նախորդ ռեժիմի հետ փոխկապակցված անձինք, նրա համոզմամբ, ադապտացվելու դժվարություններ ունեն նոր իրողությունների հետ:
«Վանեցյանը և Օսիպյանը ճիշտ են արել, որ հրաժարական են տվել, որովհետև իրենք որևէ կերպ այս թիմի հետ կապ չեն ունեցել: Երկուսն էլ համակարգում են աշխատել, օրենքն էլ այնպիսին էր, որ պետք էր համակարգից ընտրել ծառայության պետ, պարտադրված են ընտրել իրենց»,-ասաց Սերգեյ Բագրատյանը՝ ընդգծելով, որ նրանք վարչապետի դժգոհության արդյունքում են ազատվել աշխատանքից, քանի որ այն խնդիրները, որոնք դրված էին իրենց համակարգերի առջև, չեն կարողացել իրականացնել:
Ո՞ր խնդիրները չեն կարողացել իրականացնել, Բագրատյանը դժվարացավ ասել՝ նշելով, որ դրանք այն խնդիրներն են, որոնք չեն հանրայնացվում:
Հեղափոխության օրերին Փաշինյանի թիմին սատարած՝ Գևորգ Կոստանյանի հանդեպ քրեական գործ հարուցելու երևույթի մասին հարցին Սերգեյ Բագրատյանը պատասխանեց. «Հեղափոխության որևէ աջակցություն քեզ չի տալու ինդուլգենցիա: Եթե դու հեղափոխությանը աջակցել ես, չի նշանակում՝ նախկինում քո արած հանցագործությունները պետք է կոծկվեն: Եթե մեկը հեղափոխության առաջամարտիկ է եղել և հենց հեղափոխության արժեքներն է պղծել, պետք է պատասխան տա»:
Նրա համոզմամբ՝ հեղափոխությունը պետք է իր ընթացքով գնա և այն գործիչները, որոնք չեն տեղավորվում հեղափոխության մեջ, դուրս են մնալու՝ լավ թե վատ:
Նշենք, որ Սերգեյ Բագրատյանի քաղաքական թիմի ղեկավարի տեսակետը հեղափոխական թիմի մասին տրամագծորեն հակառակ է այս խանդավառությանը. Ծառուկյանն ասել է. «Փորձառու չկա՝ ոչ մեկն իր կյանքում քարը քարին չի դրել, բայց քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, ու պաշտոններ են տվել»:
Արդյոք Գագիկ Ծառուկյանն իսկապե՞ս «Կլասիկ օլիգարխ» է, ինչպես նրան բնորոշել էր Հրանտ Բագրատյանը, Սերգեյ Բագրատյանը համաձայն չէ, բայց այնպես է հիմնավորում, որ հակառակն է ստացվում:
«Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, օլիգարխ են դառնում, երբ ունեն հովանավորություն, իսկ որևէ գործարար այսօր հովանավորություն չունի: Ծառուկյանը քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունի որպես կուսակցության ղեկավար, որը 26 պատգամավորով ֆրակցիա ունի ԱԺ-ում և այդ չափով ազդում է գործընթացների վրա»,-ասաց նա:
Սերգեյ Բագրատյանին հիշեցնենք «օլիգարխ» եզրույթի «կլասիկ» ձևակերպումը, որը գրեթե համընկնում է իր բնորոշման հետ. «Քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, որը մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով.