կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-23 15:13
Տարածաշրջան

Պոլսո պատրիարքության ցավալի վիճակը

Պոլսո պատրիարքության ցավալի վիճակը

2008 թ ի վեր, երբ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը հիվանդացավ դեմենցիա (թուլամտություն) հիվանդությամբ, պատրիարքի աթոռը թափուր էր մնացել։ Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը, որը նշանակվել էր պատրիարքի ժամանակավոր պաշտոնակատար, թուրքական կառավարության օգնությամբ մի շարք պայմանավորվածություններ ձեռք բերեց պատրիարքի նոր ընտրությունները հետաձգելու համար։  Նա մնաց այդ պաշտոնին վերջին 11 տարիներին։ Երբ մարտ ամսին պատրիարք Մութաֆյանը մահացավ, այլևս պատրիարքական ընտություններից խուսափելու համար պաշտոնապես և ոչ պաշտոնապես մանևրելու հնարավություն չմնաց։ Թուրքական կառավարությունն ի վերջո համաձայնեց, որ դեկտեմբերին տեղի ունենան պատրիարքական ընտրություններ, բայց հետագայում խոչընդոտեց արդար և ժողովրդավար ընտրական գործընթացին։  Այն առաջ քաշեց մի պայման, ըստ որի «միակ ընդունելի թեկնածուները պետք է լինեն այն հոգևորականները, որոնք եղել են Ստամբուլի հայոց պատրիարքության անդամ», այդպիսով պայքարից դուրս թողնելով առնվազն 10 այլ թեկնածուների, որոնք կարող էին դիմել պատրիարքական աթոռի համար՝ համաձայն պատմականորեն ձևավորված օրենքների, ինչպես որ եղել էր նախորդ պատրիարքական ընտրությունների ժամանակ։  Պետք է նշել, որ նախկինում ընտրված Պոլսո երկու պատրիարքներ եղել են Թուրքիայում ծնված հոգևորականներ, բայց ծառայել են Թուրքիայից դուրս հայկական եկեղեցիներում և ոչ թե Պոլսո պատրիարքարանում։

Ստամբուլի հայերի ընտրական խորհուրդը, որն ընտրվել է Ստամբուլի հայկական համայնքի ղեկավարներից, բարեգործական հիմնադրամի տնօրեններից և որոշ հոգևորականներից, հավաքվել էր՝ որոշելու, արդյոք պետք է առարկել թուրքական կառավարության կողմից դրված պայմանին։ Այնուամենայնիվ, շատ կարճ քննարկումից և մի քանի առարկողների հրաժարականից հետո խորհուրդը հեշտ որոշեց ենթարկվել կառավարության պայմանին և անցնել ընտրությունների անցկացմանը։ Հետևաբար, փոխանակ առողջ քննարկում անցկացնեին և պատրիարքարանը Ստամբուլի ներսում և դրսում գտնվող արժանի թեկնածուներով ղեկավարելու հարցում նոր մոտեցումներ ձևավորեին, որոշեցին դեկտեմբերի ընտրությունը անցկացնել երկու պոլսահայ հոգևորականների միջև՝ արքեպիսկոպոս Աթեշյանի, որը մինչև վերջերս պատրիարքի ժամանակավոր պաշտոնակատարն էր, և արքեպիսկոպոս Մաշալյանի, որը վերջերս էր ընտրվել՝ որպես ընտրությունները վերահսկող հոգևորական։

Եթե հիմնվենք իրենց նախորդ հայտարարությունների վրա, պարզ կլինի, որ երկուսն էլ, ըստ երևույթին, լիովին ծառայում են թուրքական կառավարությանը, և հավատացած են, որ ամենալավ և միակ ճանապարհը գործելն է այնպես, ինչպես  պետությունն է պահանջում՝ առանց նավը տատանելու։ Դա գուցե կարելի է ընդունելի համարել՝ որպես գոյատևման մարտավարություն, բայց ավելի քիչ ընդունելի է այն, թե ինչպես են այդ թեկնածուները ծառայում Ստամբուլի հայկական բարեգործական հիմնադրամների ղեկավարներին։

Պատրիարքարանն իրավունք ունի բարոյական հեղինակությունը տարածել բարեգործական հիմնադրամների վրա։ Փոխարենը, բարեգործական հիմնադրամների ղեկավարները, որոնք պետք է հայկական համայնքի անունից իրականացնեն հայկական եկեղեցիների, դպրոցների և հիվանդանոցների գործերը, իրենց համարում են անհատական կայսրությունների ղեկավարներ և ոչ մեկին հաշվետու չեն։  Որոշ բարեգործական հիմնադրամներ բավականին հարուստ են, քանի որ ունեն ձեռնարկություններից ստացված էական եկամուտներ, մինչդեռ մյուսները եկամուտ ստանում են անհատական նվիրատվություններից կամ բարեգործական ընթրիքների ժամանակ։ Ենթադրվում է, որ «ունևորները» պետք է օգնեն «չունևորներին», բայց դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ լինի ուժեղ և ազդեցիկ պատրիարք, որը միջնորդի դեր կատարի բարեգործական հիմնադրամների միջև և այդ հարստությունը  բաշխի ողջ համայնքի բարեկեցության համար։  Բայց ներկայում հարուստ հիմնադրամների տնօրենները եկամուտներն իրենց մոտ են պահում և դրանք ծախսում են, ինչպես իրենք են հարմար գտնում։  Չնայած ենթադրվում է, որ նրանք պետք է ընտրվեն, թուրքական կառավարությունը երկար տարիներ թույլ չի տվել հայկական բարեգործական հիմնադրմաների ղեկավարների ընտրություններ անցկացնել, և այդ անհատները ղեկավարում են իրենց կայսրություններն՝ առանց որևէ մեկին հաշվետու լինելու։ Սուրբ Երրորդություն եկեղեցու տնօրենը, որը Բերայում նաև վերահսկում է այլ եկեղեցիներ ու դպրոցներ, և որի հիմնադրամին է պատկանում նաև Թոքաթլյան հյուրանոցը (խանը), վատնել է պատմական այդ կառույցի ներուժը՝ այն էժան վարձով տալով իր ընկերներին և  գործընկերներին։ Սուրբ Փրկիչ հիվանդանոցի տնօրենն իրեն համարում է ամբողջ հայկական համայնքի խոսափողը և թուրքական մեդիայում անում անպատասխանատու հայտարարություններ, ինչպես արեց վերջերս՝ ասելով, որ բարձր վարկանիշ ունեցող հայկական Կեդրոնական դպրոցի սաները դաստիարակվում են որպես «ռազմատենչներ»։

Մեկ հույժ կարևոր հարց, որ պատրիարքարանը պետք է լուծի, բայց  մինչ օրս չի արել, Ստամբուլից դուրս գտնվող թուրքական շրջաններում ապրող ծպտյալ հայերի իրողության հարցն է։ Իսլամացված հայերը վերջին տարիներին սկսել են վերադառնալ իրենց արմատներին։ Չնայած բոլոր տարաձայնություններին, վտանգներին և դրանցից բխող հետևանքներին՝ նրանք ձգտնում են վերադառնալ հայկական ինքնությանը։ Ներկայում Հայոց պատրիարքը կամ պատրիարքի ժամանակավոր պաշտոնակատարը չի ճանաչում նրանց որպես հայեր, մինչև որ նրանք չեն մկրտվում և դառնում քրիստոնյաներ։ Բայց մկրտությունն այնքան բարդ է, որ քիչ ծպտյալ հայեր են ընտրում անցնել այդ գործընթացի միջով։ Դեռ ավելին՝ Հայաստանում կամ Եվրոպայում ծպտյալ հայերին խոչընդոտում են մկրտվել․ խոչընդոտներ, որոնց մենք հանդիպեցինք մի խումբ ծպտյալ հայերի հետ «Վերածնունդ» նախագծի ընթացքում Հայաստան կատարած շրջագայության ժամանակ։  Իմ համեստ կարծիքով՝ ցանկացած ծպտյալ հայ, որ ցանկանում է վերադառնալ իր հայկական արմատներին, լեզվին և մշակույթին, իրավունք ունի դա անելու, և որևէ մեկը չպետք է խոչընդոտի դրան։ Կրոնը պետք է համարվի անձնական որոշում, որը պետք է կայացվի հետագայում։

Մեկ այլ կարևոր խնդիր, որ պետք է պատրիարքարանը լուծի, բայց հիմա անտեսվում է, Ստամբուլից դուրս Թուրքիայի տարածքում լքված հարյուրավոր հայկական եկեղեցիների վիճակն է։  1915 թ․ Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայում ավելի քան 4000 եկեղեցիներ ու դպրոցներ էին մնացել։ Չնայած նրանց մեծ մասն ավերվել է, դեռևս հարյուրավոր եկեղեցիներ են մնացել կանգուն կամ էլ թուրքական պետության, կազմակերպությունների կամ անհատների կողմից օգտագործվում են այլ նպատակներով։  Պատրիարքարանի իրավունքն է, նույնիսկ  պատրականությունը՝ քայլեր ձեռնարկել այդ հարստություններն իրենց օրինական տիրոջը՝ պատրիարքարանին, վերադարձնելու ուղղությամբ։  Կան նաև ակտիվ  գործող վեց հայկական եկեղեցիներ, որոնք դեռևս գործում են Ստամբուլից դուրս՝ Կայսերիում (Կեսարիա-Ակունքի խմբ), Իսկենդերունում (Ալեքսանդրետ-Ակունքի խմբ), Հաթայում, Վաքըֆլըքյոյում և նրանցից ամենամեծը՝ Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցին։ Պատրիարքարանը պետք է մշտական կամ կես դրույքով աշխատող հոգևորականներ նշանակի այդ եկեղեցիների համար՝ չնայած ներկայում այդ վայրերում հնարավոր է չկան տեսանելի հայկական քրիստոնեական համայնքներ։ Այդ և ներուժ ունեցող այլ նոր եկեղեցիները մագնիսներ կլինեն ծպտյալ հայերի համար․ նրանք քաջություն կունենան երևան գալու, հավաքվելու և աջակցելու մեկը մյուսին։

Պատրիարքի երկու թեկնածուները որևէ բառ չեն արտասանել այս կարևոր հարցերի մասին։ Իրականում նրանք գովում են իրենց և ներկայացնում նախկինում արված գործերը, բայց չեն կիսվում իրենց ապագա  պլաններով ու ծրագրերով, որոնք պետք է իրականացնեն ընտրվելու դեպքում։

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պոլսահայ ընտրող պետք է մտածի այդ հարցերի շուրջ և պատասխաններ պահանջի, թե թեկնածուներն ինչպես կլուծեն այդ հարցերը։ Ստամբուլի պատրիարքարանը  սովորական եկեղեցու վարչական կենտրոն չէ, որի պարտականությունն է հոգևորականներ նշանակել կամ մի քանի եկեղեցիներ ղեկավարել 60․000 հայկական համայնքի համար։ Այն ունի հսկայական պատասխանատություն և պարտականություններ, որոնք չեն սահմանափակվում լոկ Ստամբուլով։ Պատրիարքարանը պետք է լուծի մնացած պատմական կառույցների և ծպտյալ հայերի իրողության հարցերը։  Հետևաբար ես կհորդորեի Ստամբուլի հայ ընտրողներին պատրիարքի թեկնածուներին ուղղել հետևյալ հարցերը․

-Որո՞նք են ձեր ծրագրերը Ստամբուլի հայկական բարեգործական հիմնադրմաների պատասխանատվությունը ձեզ վրա վերցնելու և արդարացի կերպով միջնորդի դեր կատարելու հարցում, որ նրանք գործեն ի շահ ողջ հայկական համայնքի։

Որո՞նք են ձեր ծրագրերը ծպտյալ հայերին տեղավորելու և ընդունելու հարցում, հայեր, որոնք ցանկանում են միանալ հայկական համայնքին և վերադառնալ իրենց հայկական արմատներին՝ ներառյալ նրանք, որոնք ցանկանում են քրիստոնեություն ընդունել և նրանք, որոնք չեն ցանկանում դա անել։

Որո՞նք են ձեր ծրագրերը հայկական եկեղեցիները և դպրոցները վերադարձնելու հարցի շուրջ թուրքական կառավարության, կազմակերպությունների կամ անհատների հետ քննարկումներ սկսելու վերաբերյալ, կառույցներ, որոնք  նախկինում պատրիարքարանի սեփականությունն են եղել։

-Որո՞նք են ձեր ծրագրերը Ստամբուլից դուրս հոգևորականներ նշանակելու վերաբերյալ, այնպիսի վայրերում, որտեղ ձևավորվող ծպտյալ հայերի համայնքներ կան, ինչպես Դիրաբեքիրում։

Եթե ընտրողները տեղյակ կամ հետաքրքրված չեն այս հարցերով, թեկնածուները ևս հետաքրքրված չեն լինի։ Փոխանակ ծառայելու ընտրողներին և հայ համայնքին առհասարակ՝ նրանք կծառայեն իրենց «տերերին»՝ բարեգործական հիմնադրամների հարուստ տնօրեններին։  Շատ բան չի փոխվի, և Ստամբուլի հայկական համայնքին կշարունակեն մոտենալ որպես «հոտի», ոչ միայն կրոնական առումով, այլև բառացիորեն՝ որպես «ոչխարների»։

Րաֆֆի Պետրոսյան

http://asbarez.com/186994/sorry-state-of-istanbuls-patriarchate/?fbclid=IwAR2PDl8szMlMp1B3F2a9Kv8SzvK7DQkDEoEPvoM0JyON7ohTOKuXdn1ZFuU

Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net