կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-06 23:42
Հասարակություն

Մեկնարկել է շուրջ 100 տեսակի գինիների համտես-մրցույթ

Մեկնարկել է  շուրջ 100 տեսակի գինիների համտես-մրցույթ

 «Արենի» գինու փառատոնին ընդառաջ՝ այսօր Երևանի գինու ակադեմիայում կայացել է մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել է փառատոնի այս տարվա ծրագիրը, կարևորվել վերջինիս նշանակությունն ու ազդեցությունը գինու տուրիզմի զարգացման, հայկական գինիների ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև համայնքների զարգացման հարցում:

 «Արենի» փառատոն հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը, անդրադառնալով փառատոնի կազմակերպչական հարցերին, նշել է.  «Արդեն 9-րդ անգամ մենք կազմակերպում ենք «Արենի» գինու փառատոնը, որի շրջանակում այս տարի ունենք պատվավոր հյուրեր և առաջին անգամ Երևանի գինու ակադեմիայի հետ համատեղ անցկացնում ենք չափազանց կարևոր միջոցառում՝ գինիների համտես-մրցույթ, որը նպաստում  է հայկական գինու զարգացմանը և ճանաչելիությանը»:

 Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, կարևորելով գինու փառատոնի անցկացումը, ընդգծել է. «Շատ ուրախ ենք, որ այս տարի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ կարող ենք  փոքր-ինչ թեթևացնել փառատոնի կազմակերպիչների հոգսը՝ առավել պրոֆեսիոնալ և ներկայանալի դարձնելով այն: Հուսանք, որ տարեցտարի այն առավել հաջողված կլինի: Նման միջոցառումները նպաստում են ոչ միայն հայկական գինիների ճանաչելիության բարձրացմանը, այլև օգնում են զարգացնել գինու մշակույթը ներքին շուկայում, վերականգնել գինի խմելու երբեմնի տարածված ավանդույթը Հայաստանում: Մենք հրավիրել ենք նաև գինու ոլորտը լուսաբանող միջազգային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների, որոնց փառատոնի շրջանակներում կներկայացնենք մեր մշակույթը:  Գինեգործության զարգացման համար չափազանց կարևոր են նաև համտես-մրցույթները, բարձր ճանաչում ունեցող գինու մասնագետների կարծիքները և գնահատականները հայկական գինիների որակի վերաբերյալ»:

 Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը, կարևորելով Արենի փառատոնի նշանակությունը տուրիզմի զարգացման գործում, նշել է. «Պատվով և ուրախությամբ ներկայացնում ենք հերթական փառատոնի կազմակերպումը՝ գինու փառատոնը: Արդեն միջազգային կարգի փառատոն, որը դեռևս շարունակվում էհայտնի է թե՛ ներքին, թե՛ համաշխարհային շուկայում, և բազմաթիվ զբոսաշրջիկներ ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ արտերկրից ժամանում են Արենի համայնք՝ հատուկ փառատոնին մասնակցելու համար: Այս փառատոնն արդեն ծառայում է դրված նպատակին, շատ մոտ և իրատեսական է, որ այն դառնալու է միջազգային նշանակության հայտնի և հաճախելի փառատոն: Ակտիվ համագործակցություն կա պետական և մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների միջև, ինչը ևս գնահատելի և ուրախալի փաստ է»:

 Համտես-մրցույթի ընթացքում հայկական գինիները գնահատել են գինու միջազգային  առաջատար փորձագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից,  Հունաստանից և Ֆինլանդիայից:

 Մասնավորապես գերմանացի գինեգործ Քրիստիան Քլոսը բարձր է գնահատել հայկական խաղողի յուրահատուկ տեղածին սորտերի բազմազանությունը` նշելով. «Շատ երկրներ գինու արտադրության մեջ օգտագործում են աշխարհում հայտնի ու տարածված սորտեր, մինչդեռ Հայաստանում գինեգործության մեջ շեշտը դրվում է էնդեմիկ սորտերի վրա՝ ընդգծելով հայկական գինիների յուրահատկությունը: Նաև ողջունում եմ աշխարհի տարբեր երկրներում կրթություն ստացած հայ երիտասարդ  մասնագետներին, որոնք վերադարձել են հայրենիք՝ տեղում գինեգործությունը զարգացնելու նպատակով»:

 Հույն  գինեգործ Վիկտոր Ֆինոպոլուսը, ով արդեն երկրորդ անգամ է Հայաստանում, ևս տպավորված է հայկական գինեգործության զարգացման խոստումնալից ներուժով: Նա համոզմունք է հայտնել, որ ոչ միայն հարուստ պատմության և ավանդույթների, այլև յուրահատուկ սորտերի բազմազանության և բարձրորակ մասնագետների և տեխնիկական բարձր կարողությունների առկայության շնորհիվ հայկական գինիներն իրենց ուրույն տեղը կգրավեն միջազգային ասպարեզում:

 Երևանի գինու ակադեմիայում դեռևս շարունակվում է հայկական 21 գինեգործական ընկերությունների շուրջ 100 տեսակի գինիների համտեսը, որի արդյունքները կամփոփվեն վաղը՝ հոկտեմբերի 7-ին,  «Արենի» փառատոնի ընթացքում: