Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-03-03 17:50
Քաղաքական

Պարզվում է` ԱՄՆ-ը 13 տարի աջակցել է Հայաստանում պարտադիր կենսաթոշակայինի ներդրմանը

Պարզվում է` ԱՄՆ-ը 13 տարի աջակցել է Հայաստանում պարտադիր կենսաթոշակայինի ներդրմանը

Վերջերս Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը հրապարակավ կարծիք էր հայտնել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ ու գովել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը:

 

Դրանից հետո Yerkir.am-ը մի քանի անգամ փորձեց դեսպանից լրացուցիչ պարզաբանումներ ստանալ, մասնավորապես` թե արտահայտված տեսակետն անձամբ ի՞ր, թե՞ ԱՄՆ պաշտոնական տեսակետն է, ինչո՞ւ է դեսպանը այդպես միջամտում Հայաստանի ներքին հարցերին եւ այլն: Երեք անգամ դեսպանին հաջողվեց խուսափել մեր հարցերին պատասխանելուց, իսկ նրա օգնականը խոստացավ` դիմելու դեպքում կազմակերպել Yerkir.am-ի ու ԱՄՆ դեսպանի առանձնազրույցը: Մենք ԱՄՆ դեսպանատան էլ.փոստի հասցեով ուղարկեցինք հարցազրույց վերցնելու հարցում` նշելով, թե ինչ հարցերի վերաբերյալ ենք ուզում զրուցել դեսպանի հետ:

 

Այսօր դեսպանատնից նամակ ստացանք. հարցազրույց անցկացնելու` մեր խնդրանքի հետ կապված ոչ մի խոսք, զրույցի` մեր նշած թեման որպես հարց ընդունելով` պատասխանել են: Ըստ այդմ` դեսպանի հայտարարությունների վերաբերյալ նշվում է. «Միացյալ Նահանգները 13 տարի օժանդակել է տեղական գործընկերներին Հայաստանի սոցիալական ապահովության համակարգի բարեփոխման հարցում՝ կենսաթոշակային բաղադրիչի շեշտադրմամբ: Մենք աջակցել ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սոցիալական ծառայությունների մատուցման կայուն մոդելների ձևավորման ու լայնամասշտաբ սոցիալական բարեփոխումների իրականացման հարցում: Բարեփոխման անհրաժեշտություն զգացվում է մի քանի պատճառներով, որոնցից մեկն էլ այն է, որ ներկայիս համակարգը չի կարող երկար գոյատևել: Բոլորս էլ գիտենք, որ բարեփոխումների իրականացումը կդառնա բարեփոխումների հաջողության իրական փորձություն: Առաջընթացի ճանապարհին էապես կարևորվում են մի շարք հարցեր, մասնավորապես՝ հանրային վստահության մեծացմանն ուղղված ջանքերը, լայն հանրային իրազեկումը, ֆինանսական գրագիտությունը և լավ ներդրումային քաղաքականությունը: Կենսաթոշակային հիմնադրամի մասնակիցների շահերը պետք է պաշտպանված լինեն և մենք կոչ ենք անում բարեփոխումների առաջընթացի հետ մեկտեղ մեծացնել թափանցիկությունը»:

 

Դեսպանին այս անգամ էլ հաջողվեց խրոխտ հայտարարություններից հետո խուսափել անհրաժեշտ պարզաբանումները բանավոր ներկայացնելուց: Ինչեւիցե, շնորհակալ ենք թեկուզ գրավոր պատասխանի համար: