կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-20 13:13
Քաղաքական

Հակառակորդը հարձակման հող է նախապատրաստում, մենք նվազեցնում ենք ՊՆ-ի ծախսերը

Եթե մենք նայենք այն գործողություններին, որ իրականացնում է մեր հակառակորդը՝ հռետորաբանության սաստկացում, դիվերսիոն գործողություններ, ռազմական բյուջեի կտրուկ ընդլայնում (հայտարարվել է՝ 21 տոկոսով), կտեսնենք, որ դրանք ունեն երկու նպատակ՝ ստեղծել մեզ համար ծանր հոգեբանական ֆոն և Հայաստանի համար ստեղծել միջազգային մեկուսացում, որը հակառակորդի ձեռքերը կազատի ուժային գործողությունների գնալու համար. համենայն դեպս, այդպիսին է եղել 2016 թ. սցենարը, որ իր մոտ մասամբ հաջողվել է: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում նշեց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:

«Իհարկե, 2016 թվին Թուրքիայի ձեռքերն ավելի ազատ էին, այն ժամանակ դեռ հեղաշրջումը տեղի չէր ունեցել, Սիրիայում նրանք այդ աստիճան ներքաշված չէին մարտական գործողությունների մեջ, ունեին ավելի լուրջ աջակցություն: Այդ իմաստով, հիմա Թուրքիայի կողմից մեզ վրա ճնշումն ավելի քիչ է: Բայց մենք չգիտենք՝ ինչպես կզարգանան դեպքերը: Օրինակ՝ եթե Թուրքիան կարողանա իր սահմաններից հարավ ամրապնդել իր դիրքերը՝  նախկինում քրդերի կողմից վերահսկվող տարածքներում, դա իրեն շատ լուրջ խաղաքարտ կտա մասնավորապես մեր դաշնակից Ռուսաստանի հետ առևտրի մեջ, և մենք չգիտենք, թե դա ինչի կբերի»,- ասաց նա:

Չալաբյանի խոսքով՝ հակառակորդի նման դիրքորոշմանն ի տես, հարկ է առավել ուշադրություն դարձնել բանակի և սպառազինության խնդիրներին, 2020 թ. բյուջեում ՊՆ-ի ծախսերի փաստացի նվազում է նախատեսվում. «Զուտ պաշտպանության նախարարության բյուջեն աճում է ընդամենը 0.2 տոկոսով, քիչ ավելի աճում է ռազմարդյունաբերության բյուջեն, որի արդյունքում գրանցվում է 0.8 տոկոս աճ: Այսինքն, ՊՆ-ի բյուջեն ընդհանրապես չի աճում, իսկ հաշվի առնելով 2-2.5 տոկոս գնաճը, կարելի է ասել, որ այդքանով նվազում է, և դա այն ֆոնին, որ հակառակորդի բյուջեն աճում է 21 տոկոս: Այսինքն՝ հակառակորդի բյուջեն 1.87 մլրդ դոլար է, մերը՝ 630 մլն դոլար, այսինքն՝ ավելի քան 3 անգամ պակաս: Հաջորդ տարի հակառակորդի բյուջեն նախատեսվում է հասցնել 2.27 մլրդ դոլարի, մերը՝ ըստ էության, բացարձակ չի աճում»:

Ավետիք Չալաբյանի դիտարկմամբ՝ սպառազինության ոլորտում Հայաստանը պիտի շատ որոշակի ծախսեր անի՝ իրավիճակը հավասարակշռելու համար: «Մեր հակառակորդն ունի համազարկային կրակի հեռահար համակարգերի 70-ից ավելի միավոր՝ Ռուսաստանից գնված «Սմերչ»-եր են, Բելառուսից գնված «Պոլոնեզ»-ներ, Թուրքիայից գնված «Կասիրգա»-ներ, Իսրայելից գնված «Լինքս» համակարգեր: Դրանք նախատեսված են ոչ այնքան մարտ վարելու, որքան՝ բնակավայրեր, զորամասեր, արդյունաբերական կենտրոններ ոչնչացնելու համար: Քանի՞ նմանատիպ համակարգ ունի Հայաստանը. մոտ 12՝ 4 «Թայֆուն», որ գնված է Չինաստանից և համարվում է հետամնաց, 8 «Սմերչ»՝ գնված Ռուսաստանից 2017 թ. ռուսական վարկով»,- ասաց նա՝ բացատրելով, որ այս տարբերությունը հնարավորություն է տալիս հակառակորդին ռազմական գործողությունների դեպքում մեր բնակավայրերի համար շատ լուրջ վտանգ ստեղծել, որին մենք չենք կարողանա հակազդել ոչ մի արդյունավետ ձևով, քանի որ այդ քանակի հրթիռների դեմ չի կարող պայքարել ոչ մի Հակաօդային պաշտպանության համակարգ:

«Այստեղ կամ դուք պետք է ունենաք նույնքան հեռահար համակարգ, և հակառակորդին դրանով հավասարակշռեք, որ իրենք իմանան, որ եթե իրենք ռմբակոծեն ձեր բնակավայրերը, դուք էլ կարող եք ռմբակոծել իրենց բնակավայրերը, կամ պիտի ունենաք ունիվերսալ բազմաֆունկցիոնալ կործանիչ ինքնաթիռներ, որոնք կարող են հեռահար համակարգերին հեռահար հարվածներ հասցնել: Հիմա արդեն հակառակորդն ունի 16 այդպիսի ինքնաթիռ և բանակցում է Պակիստանի հետ նմանատիպ ինքնաթիռներ ձեռք բերելու համար: Ուստի մեր չորս ինքնաթիռը մեզ համար բացարձակ անբավարար է: Մեզ անհրաժեշտ է նվազագույնը երկու էսկադրիլիա՝ 12-ական ինքնաթիռից բաղկացած: Մեկ ինքնաթիռն իր սպառազինությամբ արժե 50 մլն դոլար, որ շատ բարենպաստ գին է, քանի որ միջազգային շուկայում դրանք 100-150 մլն դոլար են. մենք Ռուսաստանից հնարավորություն ունենք իրենց ներքին գներով առնել: Հիմա 4-ն առնում ենք, ևս 20-ը պետք է»,- նշեց Չալաբյանը: Ըստ այդմ՝ Հայաստանին անհրաժեշտ է ռազմական բյուջեում ևս 1 մլրդ դոլար, որ ամեն տարի երկուական ինքնաթիռ գնելով քիչ-քիչ հավասարակշռենք հակառակորդին, իսկ այդ խնդիրը 2020 թ. բյուջեում բնավ արտացոլված չէ:

Եթե մեր բյուջեն ավելանում է 14 տոկոսով, Չալաբյանի դիտարկմամբ, ՊՆ-ի բյուջեն պիտի աճի գոնե 14 տոկոսով: «Եթե բյուջեն աճում է 14 տոկոսով, ապա հարց է, թե ինչու է ինչ-որ բան աճում 200 տոկոսով. ինչու այդ բանը չի աճում 14 տոկոսով: Մարզպետարանի ծախսերն ավելացնում են, Ազգային ժողովի ծախսերն են անհամաչափ ավելացնում, վարչապետի աշխատակազմի, նախագահի աշխատակազմի… իհարկե, կարևորում են, որովհետև դրանք այն միջոցներն են, որից աշխատավարձ են ստանում, գործուղումների են գնում: Բայց եկեք հասկանանք, թե երկրի համար ո՛րն է կարևոր՝ երկրի պաշտոնյաների աշխատավարձե՞րն ավելացնելը, թե՞ պաշտպանական ծախսերը՝ հաշվի առնելով, թե ինչ խնդիրների առաջ ենք»,- նշեց նա:

Անդրադառնալով բանակում միջանձնային լարված հարաբերությունների արդյունքում գրանցվող ողբերգական պատահարներին՝ Չալաբյանը փաստեց, որ այդ խնդիրը շատ բարդ է, քանի որ զորակոչվող երիտասարդները մի որոշ մասը բանակ է բերում փողոցային բարքերը, բռնությունը, որով իրենք մեծացել են: Այդ բարքերից ազատվելու համար նրա դիտարկմամբ պետք են մի շարք միջոցառումներ. «Օրինակ, սպայական կազմը պետք է մասնագիտորեն ավելի լավ պատրաստված լինի, սպաները պիտի ավելի լավ հոգաբանական պատրաստություն ունենան, որպեսզի կարողանան նման բարդ դեպքերի հետ աշխատել: Երկրորդը՝ պիտի կարողանանք նման երիտասարդներին ի սկզբանե ֆիլտրել, որը հնարավորություն կտա նրանց ագրեսիայի մակարդակը նվազեցնել: Երրորդը՝ բանակում պիտի լինի խրախուսումների և պատիժների ավելի արդյունավետ համակարգ, որն այսօր այդքան էլ արդյունավետ չի: Լավ զինծառայողներին պետք է ավելի լավ խրախուսել, իսկ նրանց, որ կարգապահությունը խախտում են, բռնության ակտեր են իրականացնում իրենց ծառայակիցների նկատմամբ, պետք է ավելի կոշտ պատժել: Բանակում խնդիր է նաև ազատ ժամանակի խնդիրը. եթե կարողանանք այդ ազատ ժամանակը ճիշտ լցնել սպորտով և կրթությամբ, նրանք ավելի քիչ ժամանակ և ցանկություն կունենան իրար հետ վիճելու: Բայց դրա համար միջոցներ են պետք՝ մարզագույք, մարզիչներ, մանկավարժներ: Ի դեպ, պաշտպանական բյուջեն պետք է ավելացվի ոչ միայն սպառազինության համար, այլ՝ որպեսզի երիտասարդը, որ գնում է բանակ, մենք իր վրա ավելի շատ միջոցներ ծախսենք, ինքը բանակից վերադառնա ֆիզիկապես ավելի ուժեղ, ավելի կրթված, հետագա կյանքին ավելի պատրաստ»,- ասաց Չալաբյանը: