Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից ռազմատենչ ու ագրեսիվ հռետորաբանության ակտիվացման մասին։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Վերջին շրջանում Ադրբեջանի պետական կառույցներն ու կառավարության կողմից վերահսկվող լրատվամիջոցները լայնածավալ ապատեղեկատվական արշավ են սկսել՝ նպատակ ունենալով մոլորեցնել միջազգային հանրությանը և պատրվակ ստեղծել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ նոր ագրեսիայի համար։ Արցախի Պաշտպանության բանակի մասին հորինելով և առաջ մղելով կեղծ խոսույթներ՝ Ադրբեջանն, ըստ էության, ժխտում է Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը և ձգտում է նրան զրկել սեփական անվտանգության ապահովման բոլոր միջոցներից և հնարավորություններից, այն էլ՝ Բաքվի կողմից Արցախի խաղաղ բնակչության դեմ մշտական սպառնալիքների և ռազմական սադրանքների պայմաններում։
Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբն արցախյան կողմից հրադադարի խախտում երբեք չի արձանագրել՝ պաշտոնական Բաքուն շարունակում է իր դիրքերը գնդակոծելու մասին կեղծ մեղադրանքներ ներկայացնել Արցախի Պաշտպանության բանակի հասցեին և միևնույն ժամանակ սաստկացնել ագրեսիվ ու ռազմատենչ հռետորաբանությունը՝ դրանով իսկ տեղեկատվական և քարոզչական հող նախապատրաստելով Արցախի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի համար: Դրա մասին է վկայում նաև այն փաստը, որ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետևողականորեն մերժել առաջարկները՝ Արցախ, այդ թվում՝ Լաչինի միջանցք ուղարկել միջազգային փաստահավաք առաքելություն, որը կկարողանա տեղում գնահատել իրավիճակը և միջազգային հանրությանը ներկայացնել իրականության օբյեկտիվ պատկերը:
Արցախի նկատմամբ նման անթաքույց ռազմաքաղաքական շանտաժը, այդ թվում հրադադարի ռեժիմի շարունակական խախտումները, ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը, տրանսպորտային և էներգետիկ ամբողջական շրջափակումը, ինչպես նաև Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ անցակետի ապօրինի տեղադրումն անընդունելի են և հանդիսանում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման կոպիտ խախտում։
Ակնհայտ է, որ Ադրբեջանի ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները նպատակ ունեն նաև թույլ չտալ, որ ստեղծվեն պայմաններ կողմերի միջև հավասարության ու բարեխղճության վրա հիմնված կառուցողական երկխոսության և հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի վերսկսման համար:
Լիակատար անպատժելիությունից և ամենաթողությունից ոգևորված՝ Ադրբեջանի իշխանությունները հաշվի չեն առնում միջազգային հանրության ոչ մի կոչ ու հայտարարություն՝ ապակառուցողական գործողությունների անթույլատրելիության և բոլոր վիճելի հարցերը կառուցողական երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտության մասին։ Այս առումով անընդունելի ենք համարում, որ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնությունը, որի խաղաղապահ զորախումբը տեղակայված է Արցախում և որի անվտանգության երաշխիքների ներքո 2020 թվականի պատերազմից հետո տասնյակ հազարավոր արցախցիներ վերադարձել են հայրենիք, առանց պատշաճ ուշադրության և արձագանքի թողնեն Ադրբեջանի սպառնալիքները:
Այս համատեքստում կրկին ընդգծում ենք, որ միջազգային հանրության պատասխանատու անդամները և, մասնավորապես, խաղաղ գործընթացում ներգրավված բոլոր դերակատարները չպետք է անտեսեն և առավել ևս՝ որոշակի հայտարարություններով խրախուսեն Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների խախտումները, Արցախի ժողովրդի դեմ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, որը կարող է վերաճել ավելի լայնածավալ հանցագործության։ Համոզված ենք, որ միայն Ադրբեջանի գործողությունների պատշաճ և միանշանակ քաղաքական գնահատականը, ինչպես նաև միջազգային հանրության կողմից Ադրբեջանի միջազգայնորեն հակաիրավական գործողությունների կանխմանն ուղղված հստակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը թույլ կտան պայմաններ ստեղծել Արցախի ժողովրդի իրավունքների ու անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար»։