Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի, որտեղ շրջայց է կատարել Պետական եկամուտների կոմիտեի Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի տարածք` ծանոթանալով կատարվող շինաշխատանքների ընթացքին: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը վարչապետին զեկուցել է, որ այստեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին առնչվող գործառույթը:
Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոն կառուցելու համար հատկացված 21,5 հա տարածքից այժմ ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համար նախատեսված 6 հեկտար տարածքում մեծածավալ շինարարություն է ընթանում: Զեկուցվել է, որ կենտրոնի մի հատվածը, որտեղ կկենտրոնացվեն ավտոմաքսատան գործառույթները, շահագործման կհանձնվի 2019 թվականի նոյեմբերի սկզբին: Կառույցը հագեցած կլինի գերժամանակակից տեխնիկայով և արդի լուծումներով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին և տնտեսվարողներին բարձր որակով սպասարկել: Գյումրիի ավտոմաքսատունը նույնպես մեկ պատուհանի սկզբունքով իրականացնելու է ծառայություններ: Այսինքն, կկատարվեն ոչ միայն մաքսային ձևակերպումներ, այլև տրանսպորտային միջոցների հաշվառում և պետհամարանիշի ստացում: Հաշվի առնելով ավտոմեքենաների ներկրման կանխատեսվող ծավալները՝ այստեղ օրական կմաքսազերծվի 800-1000 մեքենա:
Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունների տեղափոխումը Գյումրի կազմակերպվելու է փուլ առ փուլ: Հոկտեմբերի 14-ից Գյումրիում գտնվող ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում մեկնարկել է ավտոմեքենաների որոշ խմբերի մաքսային ձևակերպումների գործընթացը: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծված միայն արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում 8703 ապրանքային խմբին դասվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներին, բացառությամբ բեռնարկղերով տեղափոխվող ավտոմեքենաների (եթե մեքենաները սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, ապա մաքսային ձևակերպումներն իրականացվում են Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում):
Երկրորդ փուլով արդեն՝ 2019թ. հոկտեմբերի 21-ից հայ-վրացական սահմանով ինքնաշարժ եղանակով ՀՀ ներմուծվող 8703 ապրանքային խմբին դասվող ավտոմեքենաների համար ТТ ИМ տեսակի տարանցման հայտարարագիր լրացնելիս՝ որպես նշանակման մաքսային մարմին և նշանակման վայր սահմանվելու է Գյումրի քաղաքում տեղակայված Հյուսիսային մաքսատուն վարչությունը, եթե դրանք չեն տեղափոխվում բեռնարկղով կամ ավտոկրող տրեյլերով, անկախ այդ ավտոմեքենաների արտահանման երկրից:
Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում:
Սպասարկման որակի բարելավման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով այստեղ մի շարք միջոցառումներ են իրականացվել: Արդյունքում` Հյուսիսային մաքսատուն-վարչությունում առանց հերթի օրական պատրաստ են սպասարկել 350-400 մեքենա: Մաքսային ձևակերպումների ամբողջ գործընթացն այստեղ ևս տևում է 20 րոպե: Հյուսիսային մաքսատուն-վարչությունը համալրվել է վերապատրասված նոր կադրերով: Գործընթացը կազմակերպվում է ստորաբաժանման կազմում գործող 3 բաժինների միջոցով:
Գյումրիում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ: Հարավային սահմանով մտած տրանսպորտային միջոցների համար Սիսիանի մաքսատունը կշարունակի գործել. հաղորդում է Yerkirmedia.am կայքը։