կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-15 14:14
Մշակույթ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ բարդույթ ունեն ՀՀ իշխանությունները. Գասպար Կարապետյանը՝ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի աշխատանքն արժևորելու մասին

«Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը բանտերը լցրել էր իմ կուսակցական ընկերներով, Հունաստանում դեսպան, շատ պարկեշտ մարդ Արման Կիրակոսյանը զանգեց, ասաց՝ կարո՞ղ ես կազմակերպել բարձր մակարդակի հանդիպումները: Կարող էի ասել՝  նախագահիդ կանչիր, թող քեզ դասավորե, բայց չարի. նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանի համար կազմակերպեցինք, որպեսզի մեր պետությանը օգնենք»,- Yerkir.am-ի հետ հարցազրույցում՝ Արցախում, պատմեց  ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:

Ներկայիս կառավարության անդամների հանդեպ ևս ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի վերաբերմունքը նույնն է: «Ես վարչապետին ճանաչել եմ  2010 թ.-ից, երբ դեռ ԱԺ պատգամավոր էր, Եվրոպական հարցերի հանձնաժողովի պատվիրակության կազմում նաև մեր գրասենյակ էր եկել: Ամեն կառավարություն իր աշխատելու ոճն ու ձևն ունի: Շատ անգամ հարաբերությունները անձերի հարց է. չկա ուղղություն Եվրոպայում, որ մեր կառույցների հետ գործակցություն չլինի: Երբ պատվիրակություններ կգան՝ խորհրդարանական կամ նախարարների, միշտ ունենք սերտ գործակցություն: Կասեն՝ ընկե՛ր Գասպար, այս հարցը ունենք, եթե կարող եք ձեր ծանոթություններով օժանդակեք, որ պատգամավորները ներկա լինեն: Սա նշանակում է՝ կառավարությունները հասկացել են Հայ Դատի գրասենյակների դերը»,-ասաց Գասպար Կարապետյանը:

ՀՀ-ում Դաշնակցության գործունեությունը կապված չէ անպայմանորեն ԱԺ-ում ներկա լինելու հետ՝ ընդգծում է նա, թեև արձանագրում, որ խորհրդարանում մեծամասնություն ունենալու դեպքում կուսակցությունն ունենում է հավելյալ կարողություններ, որպեսզի իր հասկացողությամբ կարողանա առաջ տանել իր ժողովրդի ապագան. «Անշուշտ, սա պետք է կարողանանք բացատրել և հասկացնել ՀՀ բնակչությանն ու Սփյուռքին»:

ՀՅԴ-ն՝ իբրև արտախորհրդարանական քաղաքական ուժ, ունի իր այլընտրանքային՝ մասնագիտական հանձնախմբերը, որոնք տնտեսական, ֆինանսական, իրավական, սոցիալական, քաղաքական հարցերի մասին վերլուծություններ են կատարում և իրենց տեսակետը ներկայացնում գործող իշխանություններին: «Բոլոր հարցերի համար Դաշնակցությունը ներկա է, ունի իր տեսակետը, կհարգվի՝ լավ, չի հարգվի՝ պատասխանատուի մեղքն է»,- ասաց նա:

Այս առիթով Գասպար Կարապետյանը մի պատմություն հիշեց. «Բոլորը գիտեն, որ թե՛ Երևան, թե՛ Ստեփանակերտ եկող՝ Եվրոպայի պատվիրակություններն այնպես չէ, որ անցնում են, ճանապարհին լույս տեսնում ու ներս գալիս, չէ՞, մեկը նրանց բերում է: Ո՞վ է այդ բերողը՝ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերն են: ԱԺ նախագահներից մեկին մի անգամ հետևյալն ասացի՝ դուք կտառապեք բարդույթով. եթե ասեք՝ ՀՅԴ Հայ դատի հանձնախումբն է բերել, ի՞նչ է ձեր վնասը, Դաշնակցությունը մի քանի տոկոս ավելի՞ կունենա, թո՛ղ ունենա: Շատ երկրների կառավարություններ կուզենային, որ Դաշնակցության նման ընդդիմություն ունենային, որը ոչ թե գոռում է, այլ հարցը լուծելու իր տեսակետն է արտահայտում»:

Գասպար Կարապետյանը խոսեց նաև «դրսի ու ներսի» դաշնակցականների հարաբերությունների մասին:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: