Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը պետք է հասկանա, որ միջազգային հարթակում հայությունը Արցախին մենակ չի թողնելու. Yerkir.am-ի հետ հարցազրույցում՝ Արցախում, ասաց ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:
Նա ընդգծեց, որ 30 երկրից 150 քաղաքական գործիչներ ու մտավորականներ, որոնք Արցախում են՝ «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» ֆորումին մասնակցելու, միաձայն հռչակագիր ընդունեցին, որ ստեղծվի մի կառույց՝ քարտուղարությունով, որպեսզի, մտադրությունների ու նախաձեռնությունների մասին միմյանց տեղեկացնելով, համագործակցաբար աշխատեն:
Հաջորդ քայլը պետք է լինի աշխարհի լրատվամիջոցների համար միասնական հարթակ ստեղծելը: Գասպար Կարապետյանի խոսքով՝ այդ հարթակի կենտրոնական գրասենյակը կարող է լինել Արցախում, իսկ ցանցին, բացի հայկական լրատվամիջոցներից, պետք է միանան տարբեր երկրների հեղինակավոր ու մեծ դիտողականություն ունեցող լրատվամիջոցներ:
Գնահատելով համաժողովի ընթացքը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահն ասաց, որ շատ լավ գործակցություն է եղել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի և Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի միջև: ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի համաշխարհային ընդգրկումը, փորձառությունը, գիտելիքները առանցքային դեր են խաղացել, որպեսզի մասնակիցները Արցախ գան:
«Լավ էր, որ այսքան այլազանություն և բարձր մակարդակ կար: Ադրբեջանը պետք է հասկանա, որ, իբրև առյուծ ներկայանալով, ասդին-անդին հոխորտալով, «սև ցուցակներով» ոչնչի չի հասնի. մարդը հազիվ ամբիոնից իջած՝ Ադրբեջանն այդ քաղաքի քաղաքապետին բողոք էր ուղարկել, արդյունքն ի՞նչ եղավ՝ այդ մարդը 3-րդ անգամ է Արցախ գալիս, այս անգամ ընտանիքն էլ հետն է բերել»,- ասաց նա:
Նույն ապարդյուն քայլն է նաև հենց Գասպար Կարապետյանի հասցեին Ադրբեջանից հնչող հոխորտանքը, թե՝ «Գասպարին ինտերպոլով ձերբակալելու ենք, Բաքու բերենք»: Դաշնակցական գործիչը պատասխանում է՝ Գասպարը վախեցա՞վ, որ Ինտերպոլին դիմեցիք, դադարե՞ց աշխատել, ո՛չ:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով: