Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները չեն քննարկել Անկարայի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում նախապատրաստվող ռազմական գործողությունները: Կրեմլը կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կխոչընդոտեն սիրիական ճգնաժամի կարգավորմանը:
«Մենք գիտենք, որ բացվում են նոր հեռանկարներ, հասկանում ենք, որ ուղին շատ բարդ և երկար է: Բայց այժմ, երբ ավարտվել է Սիրիայի Սահմանադրական հանձնախմբի ստեղծման գործընթացը, երբ արդեն նշմարվում են դրա նիստերի անցկացման ժամկետները, շատ կարևոր է զերծ մնալ ցանկացած քայլից, որը կանդրադառնա սիրիական կարգավորման վրա»,– նշել է Պեսկովը:
Ըստ նրա՝ Մոսկվան ընդունում է Թուրքիայի՝ սեփական սահմանային անվտանգության պաշտպանությանն ուղղված քայլերը, սակայն հույս է հայտնում, որ Թուրքիայի գործողությունները կբխեն Սիրիայի տարածքային ամբողջականության սկզբունքից. հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նշենք, որ սեպտեմբերի 16-ին Անկարայում տեղի էր ունեցել Ռուսաստան-Իրան-Թուրքիա եռակողմ հանդիպումը, որի գլխավոր արդյունքը համարում էին այն, որ պատերազմը Սիրիայում ավարտված է (թեև միայն Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Լավրովն էր նման բան հայտարարել) և որ այսուհետ Սիրիայի վերականգնման գործը պետք է ստանձնի նոր ձևավորվող Սահմանադրական հանձնախումբը: Իսկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ճգնաժամի լուծման նոր հույս է առաջացել և ամեն գործողություն պետք է տեղի ունենա Սիրիայի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակում: Այսպիսով՝ կարելի է ենթադրել, որ «Խաղաղության ակունք» (Barış pınarı) անունը ստացած ապագա ռազմական գործողությունը Սիրիայում հետքայլ է ոչ միայն սիրիական ճգնաժամը լուծելու հարցում, այլև Աստանայի ձևաչափի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածություններից: