Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորների կողմից առաջարկված օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է արժեթղթերի շուկայում բրոքերային ծառայություններն ազատել ավելացված արժեքի հարկից: Սակայն կառավարությունը խորքային մտահոգություններ ունի նախագծի հետ կապված:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Վարազդատ Կարապետյանի, Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց Արտակ Մանուկյանը:
«Նախագիծը արժեթղթերի շուկայի ակտիվացման նպատակ ունի: Մասնավորապես, առաջարկում ենք փոփոխություններ կատարել 4 դրվագով: Մինչև 2018-ի հունվարը բրոքերային գործունեությունը, ըստ էության, ազատված էր ավելացված արժեքի հարկից: Հետագայում 2018-ից հարկային օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված այդ ծառայությունները սկսեցին հարկվել ԱԱՀ-ով: Եվ մենք, ըստ էության, առաջարկում ենք վերադառնալ նախկին կարգավորման մեխանիզմներին»,-ասաց Մանուկյանը:
Նա նշեց՝ ուսումնասիրել են տարբեր երկրների փորձը և ոչ մի տեղ չեն նկատել արժեթղթերի հետ կապված բրոքերային ծառայությունների հարկման գաղափար:
«Երկրորդ փոփոխությունը վերաբերում է մարքետմեյքերների ծառայությանը: Դրանք, ըստ էության, ապահովում են արժեթղթերի իրացվելիությունը պոտենցիալ գնողների և վաճառողների համար: Եվ այս ծառայությունները ևս փորձում ենք ազատել ԱԱՀ-ից»,-ասաց Մանուկյանը:
Երրորդ փոփոխությամբ պատգամավորներն առաջարկում են պարտատոմսերն ազատել եկամտային հարկից: «Սովորաբար պարտատոմսերն ու ավանդները մրցակցում են միմյանց հետ: Բայց պարտատոմսերն ունեն շատ կարևոր առանձնահատկություն՝ դրանք ազատ շրջանառելի են, անընդհատ փոփոխվում են»,-ասաց Մանուկյանը:
Չորրորդ փոփոխությամբ պատգամավորներն առաջարկում են հանել ցուցակված բաժնետոմսերի շահաբաժնի հարկը:
Մանուկյանի խոսքով՝ նախնական առավելագույն բացասական հետևանքը, որ այս նախագծի ընդունման արդյունքում կարող է լինել, 60 մլն դրամ է: ՍակայնՄանուկյանը, այնուամենայնիվ, կարևորեց արժեթղթերի շուկայի ակտիվացումը:
Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը նշեց, որ կառավարությունը խորքային մտահոգություններ ունի նախագծի հետ կապված: «Այն չի բխում հայտարարված քաղաքականության ուղղություններից, ավելին, կարող եմ ասել, որ հիմնական դրվագներով ուղիղ հակադրվում է այդ քաղաքականությանը»,-ասաց Պողոսյանը:
Նա նկատեց, որ առաջարկվում է ավելացված արժեքի հարկից ազատել կարգավորվող շուկայի կանոններին համապատասխան շուկա ստեղծողի կարգավիճակով արժեթղթերի երկկողմանի գնանշման ապահովման ծառայությունների մատուցումը: Պողոսյանը ձևակերպումը շատ անորոշ ու անվերահսկելի համարեց: «Անգամ պարզ չէ, թե որ ծառայությունների մասին է խոսքը: Այստեղ կարող են հայտնվել շատ լայն շրջանակի մասնագիտական ծառայություններ՝ իրավաբանական, խորհրդատվական, թարգմանչական, փորձագիտական: Եվ այս արտոնությունների շրջանակը վերահսկել, գործնականում անհնար է: Սա լուրջ մարտահրավեր է»,-ասաց Պողոսյանը:
Նա նաև հիշեցրեց, թե հայտարարված քաղաքականությունը ենթադրում է, որ անուղղակի հարկերի՝ տվյալ դեպքում ԱԱՀ-ի գծով բեռը ոչ թե չպետք է նվազեցվի, այլ պետք է բարձրացվի: Փոխնախարարը չհամաձայնեց Մանուկյանի դիտարկմանը, թե միջազգային պրակտիկայում համատարած այս ծառայություններն ազատվում են ԱԱՀ-ի հարկից:
Պողոսյանը նախագծի վերաբերյալ այլ դիտարկումներ ևս ներկայացրեց: