Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «ԱԱՀ-ի մասին» օրենքում լրացումներ անելու մասին հարցը, որը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից հատկացվող դրամաշնորհների նպատակային ուղղվածության կարեւորությամբ, ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:
2013 թվականի հունվարի 1-ից պետական բյուջեից տրամադրվող դրամաշնորհները դիտարկվում են որպես ավելացված արժեքի հարկով հարկման օբյեկտ, եթե դրանց դիմաց գումարներ ստացողների մոտ առաջանում է ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն:
Մի շարք գերատեսչությունների կողմից իրականացվում են ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից` տնտեսագիտական դասակարգման դրամաշնորհներ հոդվածով, ինչպես նաեւ համաֆինանսավորման սկզբունքով իրականացվում են համատեղ ծրագրեր միջազգային դոնոր եւ մասնավոր կազմակերպությունների հետ: Նշված ծրագրերը, որպես կանոն, իրականացվում են տնտեսության որեւէ ճյուղի կամ գործունեության որեւէ տեսակի խթանման նպատակով` Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված հիմնադրամների, ինչպես նաեւ միությունների միջոցով, որոնք իրենց կանոնադրական խնդիրների իրականացման շրջանակներում ստանում են դրամաշնորհներ նաեւ միջազգային եւ մասնավոր կազմակերպություններից:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական բյուջեից կամ միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհները կազմակերպություններին տրվում են համապատասխան պայմանագրերի հիման վրա, որոնցով ստացողները ստանձնում են զանազան պարտավորություններ (ըստ էության` ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն է առաջանում), դրամաշնորհներով իրականացվող ծրագրերը հարկվում են ԱԱՀ-ով, եւ արդյունքում` վտանգվում է դրանց լիարժեք իրականացումը:
Միաժամանակ, վտանգվում է ոչ միայն Հայաստանի տնտեսության զարգացման համար չափազանց կարեւոր նշանակության ծրագրերի իրականացումը, այլեւ բարդանում տարբեր ոլորտներում նոր վերազգային կազմակերպությունների ներգրավումը Հայաստան եւ վերջիններիս հետ համատեղ տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված հեռանկարային ծրագրերի իրականացումը:
Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ ինչպես պետության, այնպես էլ միջազգային, դոնոր եւ մասնավոր կազմակերպությունների դրամաշնորհներով իրականացվող ծրագրերի` ԱԱՀ-ով հարկման պարագայում կվտանգվի դրանց հետագա իրականացումը, ուստի անհրաժեշտ ենք համարում ընդունել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: