Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այս շաբաթ ՀՀ կառավարությունը հավանություն տվեց իր օրենսդրական նախաձեռնությամբ մշակված` 2020 թվականի պետական բյուջեի նախագծին: Ի դեպ, աննախադեպ էր այն, որ նախագիծը քննարկվեց փակ ռեժիմով:
Միանգամից կարելի է փաստել, որ դրական սպասումներն իրականում արդեն մեծ են և օբյեկտիվ, հատկապես՝ երկրի սոցիալական խորացող խնդիրների լուծումների տեսանկյունից: Իշխանափոխությունից և այդ լուծումները օր առաջ ապահովելու խոստումներից անցել է մեկուկես տարի: Իսկ օբյեկտիվ սպասումների ու իրական փաստերի շեղումները գնալով խորանում են:
2019 թվականի պետական բյուջեով հաստատված եկամուտները կազմում են 1,462 տրիլիոն դրամ, աճը 2018 թվականի համեմատ՝ շուրջ 154 միլիարդ դրամ կամ 11,7 տոկոս: Ծախսերը կազմում են 1,614 տրիլիոն դրամ, աճը նախորդ տարվա համեմատ՝ շուրջ 149 միլիարդ դրամ կամ 10,2 տոկոս: 2019 թվականին պետական բյուջեի փաստացի եկամուտները կանխատեսվում են 1,527 տրիլիոն դրամ, որի պարագայում աճը, նախորդ տարվա համեմատ, կկազմի 16,7 տոկոս: Փաստացի ծախսերը կանխատեսվում են 1,648 տրիլիոն դրամ, որի պարագայում աճը, նախորդ տարվա համեմատ, կկազմի 12,5 տոկոս: Ի դեպ, 2018 և 2017 թվականների պետական բյուջեների համեմատությամբ, արձանագրվել են հետևյալ ցուցանիշները՝ 8,2 տոկոս եկամուտների աճ և 7,7 տոկոս ծախսերի աճ:
2020 թվականի պետական բյուջեի նախագծով եկամուտները կազմում են 1,697 տրիլիոն դրամ, աճը, 2019 թվականի փաստացի ցուցանիշի համեմատ, կկազմի շուրջ 170 միլիարդ դրամ կամ 11,1 տոկոս, որը 5,6 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա աճի ցուցանիշից: Ծախսերը կազմում են 1,880 տրիլիոն դրամ: Աճը, նախորդ տարվա համեմատ, կազմում է շուրջ 232 միլիարդ դրամ կամ 14 տոկոս, որը ընդամենը 1,5 տոկոսային կետով է բարձր նախորդ տարվա աճի ցուցանիշից (աղբյուրը՝ https://www.e-gov.am/sessions/, Կառավարության նիստի օրակարգի հարց 1): Ծախսերի այս հավելաճը նախատեսվում է պետական բյուջեի դեֆիցիտի առաջանցիկ աճի հաշվին: 2020 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է 182 միլիարդ դրամ, որի աճը նախորդ տարվա համեմատ կկազմի 30 միլիարդ դրամ կամ 20 տոկոս: Ի դեպ, նախորդ միջնաժամկետ հատվածում դեֆիցիտի աճերը եղել են մինչև 10 տոկոսի չափով:
Փաստ է, որ, նախորդ տարվա համեմատ, 2020 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի աճի միտումներն էական, առավել ևս թռիչքային չեն:
Պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ծրագրվող աճերի տեսանկյունից՝ կարևոր է նաև ստվերային տնտեսության չափերի օբյեկտիվ գնահատումը հետևյալ ընդհանրական հարցադրմամբ` «վերացվա՞ծ է տարբեր, նաև՝ պաշտոնական գնահատումներով մեր երկրի տնտեսությունում առկա 40-50 տոկոս ստվերը»:
Մյուս կողմից՝ երկրի սոցիալական ներառական զարգացման տեսանկյունից պակաս հատկանշական չեն նաև նվազագույն աշխատավարձի և պետական հատվածում աշխատավարձերի չափերի փոփոխությունները, պետական բյուջեի հիմքում դրված գնաճի թույլատրելի մակարդակը: Մասնավորապես՝ 2020 թվականի բյուջեում գնաճի ցուցանիշը մնացել է նույնը՝ 4+/-1,5 տոկոսային կետ: Առնվազն այս չափով ունենալու ենք կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի աճ:
2020 թվականի բյուջեում պետական համակարգի վարձատրության չափերը որոշող ցուցանիշը (բազային աշխատավարձի անվանական չափը) դարձյալ մնացել է անփոփոխ՝ 66140 դրամ, իսկ հարկումից հետո դրա իրական չափը՝ 50930 դրամ:
Դրական է, որ նվազագույն ամսական աշխատավարձը նախատեսվում է 55000 դրամից բարձրացնել 68000 դրամ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի ընթացիկ արժեքից բարձր: Սակայն բազային աշխատավարձի չափն անփափոխ թողնելու արդյունքում՝ բազային աշխատավարձի իրական չափը կկազմի նվազագույն աշխատավարձի 75 տոկոսը: Ի դեպ, որպես պետական հատվածի վարձատրության միասնական համակարգի առանցքային սկզբունք, օրենքով սահմանված է՝ բազային աշխատավարձը չի կարող ցածր լինել նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 80 տոկոսից: Այս պայմանի վերացումն ակնհայտ հետքայլ կլինի պետական հատվածի վարձատրության գործող համակարգի ընդհանուր արդյունավետության տեսանկյունից:
Արդեն պարզ է՝ դարձյալ ունենալու ենք ոչ թե թռիչքային զարգացման, այլ իներցիոն պետական բյուջե: Իհարկե, ֆինանսական ամփոփ ցուցանիշների աճի առումով ձևավորված սպասումներն օբյեկտիվորեն անհամեմատ ավելին էին, քան արտացոլված են պետական բյուջեի 2020 թվականի նախագծում:
Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ