Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաշինյանն այն անձը չէ, որ գերադասի պետական շահը սեփական թիմի շահերից, ոչ էլ այն անձը, որ որևիցե մեկին թույլ տա իր կողքին փայլատակել. Yerkir.am-ի հետ հարցազրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանն այսպես մեկնաբանեց 1 տարի առաջ՝ հոկտեմբերի 2-ին, ժողովրդին ԱԺ բակ բերելու և ազգային համաձայնության կառավարությունը ցրելու՝ Նիկոլ Փաշինյանի գործողությունները:
«Այդ ամենը նա պատահական չարեց: Փաշինյանին «քցելու», «դավաճանելու», «հակահեղափոխություն կազմակերպելու» խոսակցություններն ընդամենը իր իշխանությունն ավելի ամրապնդելու և համաձայնությունները դրժելու փաստը բացատրելու համար են արվում»,- ասաց նա:
Փաշինյանը ԱԺ ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների հետ համաձայնության էր եկել ընդամենը լեգիտիմ ձևով վարչապետ ընտրվելու համար, քանի որ «Ելք» դաշինքի մանդատներն ակնհայտորեն քիչ էին, մինչդեռ՝ 3 ուժերի համաձայնությամբ և ՀՀԿ դասալիքների միջոցով հնարավոր էր բավարար քվե հավաքել:
«Այ, երբ արդեն լեգիտիմ վարչապետ ընտրվեց և շնորհակալություն հայտնեց այդ կուսակցություններին՝ ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին, իրեն ձայներ տալու համար, ձևավորեց ազգային համաձայնության կառավարությունը, որոշ ժամանակ անց այդ կուսակցություններն արդեն իրեն պետք չէին, իրեն պետք էր իր սեփական թիմը և իր սեփական իշխանության ամրապնդումը»,- մեկնաբանեց Գագիկ Համբարյանը:
Հետևանքը եղան հոկտեմբերի 2-ին Երևանի կենտրոնում Ազգային ժողովի շրջապատումը և 2018 թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնց արդյունքում Փաշինյանին սատարած քաղաքական 2 ուժն էլ շեշտակի վնասներ կրեցին. ՀՅԴ-ն ընդհանրապես դուրս մնաց ԱԺ-ից և հայտնվեց արտախորհրդարանական կուսակցությունների ցուցակում, իսկ ԲՀԿ-ն, հաշվի առնելով պատգամավորների թվաքանակը, ԱԺ-ում ներկա է, բայց որևիցե ազդեցություն չունի քաղաքական գործընթացների վրա:
Հոկտեմբերի 2-ին, քաղաքագետի համոզմամբ, Փաշինյանը շատ լավ գիտեր, որ եթե որևէ քաղաքական ուժ իր դեմ դուրս գար, էյֆորիայի մեջ գտնվող ժողովրդի մեծ մասը անարգանքի սյունին կգամեր այդ ուժն էլ, առանձին գործիչների էլ:
Այնպես որ՝ նպատակն այլ էր: «Փաշինյանն ընդամենը փորձեց, իր մեթոդներով՝ ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծելով, ամբողջովին իրեն ենթարկել թե՛ օրենսդիր և թե՛ գործադիր իշխանությունը, որովհետև պառլամենտական երկրում, որքան էլ պրն Փաշինյանը լիներ գործադիր իշխանության ղեկավար, միևնույն է՝ կարևորը օրենսդիր իշխանությունն է: Եվ այդպիսի ֆորսմաժորային իրավիճակներ ստեղծելով՝ կարողացավ արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով հասնել իր ուզածին»,- ասաց քաղաքագետը:
Իբրև վառ օրինակ, որ հենց Նիկոլ Փաշինյանն է դրժել մյուս ուժերի հետ համաձայնությունը՝ իշխանությունն ամբողջությամբ յուրացնելու համար, Գագիկ Համբարյանը մատնացույց է անում հենց իր թիմակիցների նկատմամբ հաշվեհարդարները, երբ գործից ազատելուց հետո էլ նրանց ուզում է վերջնականապես ոչնչացնել:
Միանձնյա իշխանությունը ոչ մի լավ բանի չհանգեցրեց՝ արդեն կատարված աշխատանքն ամփոփում է քաղաքագետը: «Պրն Փաշինյանին այս 1 ու կես տարվա ընթացքում որևէ բնագավառում որևիցե շոշափելի հաջողության հասնել չհաջողվեց: Այս ձերբակալությունների, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում չեմ տեսնում, որ պետբյուջեն լցվի հարյուրմիլիոնավոր դոլարներով: Այս ձերբակալություններն ավելի շատ «մասկի-շոուների» են նմանվում»:
Եթե այլ սցենարով զարգանար, և համաձայնության կառավարությունը կյանք ունենար, քաղաքագետի համոզմամբ, հասարակությունը օգուտով դուրս կգար: Բայց նրա համար դեռ այն ժամանակ էր պարզ, որ Փաշինյանը դա չի անի՝ հաշվի առնելով նրա թիմի պրոֆեսիոնալության մակարդակը:
«Ինքնըստինքյան, պրն Փաշինյանի թիմակիցների դիլետանտությունը, անգրագիտությունը շատ ոլորտներում ավելի ցայտուն կերևային թե՛ ԲՀԿ-ի և թե՛ ՀՅԴ-ի ներկայացուցիչների կողքին: Այո, հետհեղափոխական Հայաստանում այդ ամենին հասարակությունը մատների արանքով էր նայում, բայց երբ ժամանակ անցներ, հասարակությունը շատ լավ կտեսներ, որ կառավարության՝ նույն ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի անդամներն ավելի գրագետ են իրենց ոլորտներում, քան ՔՊ-ի անդամները, որոնք հիմա էլ միանձնյա իշխում են Հայաստանում, բայց նույնիսկ այս պարագայում չեն կարող հասարակությանը համոզել, որ իրենք պրոֆեսիոնալ են»,- բացատրեց նա:
Այս պարագայում, ըստ Գագիկ Համբարյանի, ազգային համաձայնության կառավարությունն ի սկզբանե ժամանակավոր բնույթ էր կրում՝ Փաշինյանը խոստումը պետք է դրժեր, քանի որ Փաշինյանին պետք էր իշխանություն և ամբողջ իշխանությունը:
Հիշեցնենք, որ ըստ 2018-ի հոկտեմբերի 2-ին ընդունված նախագծի՝ եթե Ազգային ժողովի նիստի անցկացման համար խոչընդոտ կա, նիստը պետք է ընդհատվի, ոչ թե համարվի չկայացած:
Այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ դրանով խորհրդարանի մեծամասնությունը տեսականորեն փորձում էր խոչընդոտել վարչապետի հրաժարականից հետո արտահերթ ընտրությունների անցկացման գործընթացին: Արդյունքում, հոկտեմբերի 2-ին խորհրդարանի շենքը շրջափակվեց ցուցարարների կողմից, իսկ ընդունված օրենքը հանրապետության նախագահը ստորագրելու փոխարեն ուղարկեց Սահմանադրական դատարան՝ վիճահարույց դրույթի սահմանադրականությունը պարզելու համար: ՍԴ-ն նախագիծը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող: