կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-26 21:00
Իրավական

Գնահատման կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը վաճառվել է իրական արժեքից 3 անգամ պակաս գնով․ հարուցվել է քրգործ

Գնահատման կեղծ եզրակացության հիման վրա պետական սեփականության գույքը վաճառվել է իրական արժեքից 3 անգամ պակաս գնով․ հարուցվել է քրգործ

Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են պետական գերատեսչություններից ստացված՝ իրենց ներքին վերահսկողական գործիքակազմով իրականացվող ստուգումների արդյունքների համակողմանի ուսումնասիրությունները և բավարար հիմքերի դեպքում դրանց հիման վրա քրեական վարույթների հարուցման գործընթացները, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Մասնավորապես, ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված գրության և կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում կատարված  ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, 2017թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ 

Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն 20.05.2017թ. իրականացրել է ք. Երևան, Էրեբունի համայնք, Դիմիտրով փողոցում գտնվող շենքում 286.4 քմ մակերեսով հասարակական նշանակության՝ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի գնահատում, ինչի արդյունքում վերջինս գնահատվել է 28.7մլն ՀՀ դրամ: Նշված գնահատման հիման վրա 2018թ. մարտին վերը նշված գույքը մրցութային կարգով 20մլն ՀՀ դրամով օտարվել է:

Հետագայում կատարվել է վերը նշված անշարժ գույքի 2017թ. շուկայական արժեքի վերլուծություն, ինչի արդյունքում պարզվել է, որ օտարված գույքի շուկայական արժեքը 2017թ. դրությամբ կարող էր կազմել ոչ թե 28.7մլն ՀՀ դրամ, այլ՝ 65մլն ՀՀ դրամ կամ շուրջ 3 անգամ ավելի սկզբնական գնահատված արժեքից:

Պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից նշված հասարակական նշանակության անշարժ գույքի գնահատման գործընթացում խախտվել են գնահատման ստանդարտի պահանջները: Մասնավորապես՝ հաշվի չի առնվել գնահատվող գույքի նպատակային նշանակությունը, մակերեսը, գտնվելու հարկը: Արդյունքում 65 մլն ՀՀ դրամ իրական արժեքով գույքը գնահատվել է երեք անգամ պակաս դրամական արժեքով: Ապա դրա հիման վրա ՍՊԸ մասնագետի կողմից կազմվել և տնօրենի կողմից հաստատվել է կեղծ եզրակացություն, որի հիման վրա գույքն օտարվել է՝ պետությանը պատճառելով խոշոր չափերի՝ շուրջ 45 մլն ՀՀ դրամի վնաս:

ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: